Առաջիկայում կգործարկվի «Գույքահարկի առցանց վճարման համակարգը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2011 17:32

Երևանի բոլոր այն  բնակիչները, ովքեր ունեն անշարժ կամ շարժական գույք՝ կկարողանան համապատասխան հարկային պարտավորություններին ծանոթանալ և վճարումներ կատարել «Գույքահարկի առցանց վճարման համակարգի» միջոցով: Այս աշխատանքների ընթացքի և գործարկման փուլի մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»  ՓԲԸ –ի տնօրենի  ներկայացմամբ ծրագիրը կգործարկվի նոյեմբերի սկզբին: Զուգահեռաբար բանակցություններ են վարվում տարբեր բանկերի հետ՝ ծրագիրը նաև բանկային համակարգում կիրառելու ուղղությամբ։

«Ծրագրի հաջող ընթացքի համար մենք պետք է ապահովենք համապատասխան տեղեկատվություն և իրականցնենք քարոզչություն, որ մարդիկ նախ տեղյակ լինեն ծրագրի գոյության մասին, ծանոթանան, ապա և օգտվեն ծառայությունից»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաեւ մայրաքաղաքում ընթացող շինարարական եւ բարեկարգման աշխատանքները սահմանված ժամկետում իրականացնելու խնդրին:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ ուսումնասիրություների արդյունքում, սեպտեմբեր ամսվա ընթացքում, հայտնաբերվել է պայմանագրային ժամկետի խախտման 23 դեպք։  Նշված ընկերությունները պատշաճ ծանուցվել են ժամկետների խախտման եւ դրանց հետևանքների մասին:

Քաղաքապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել քաղաքի զարգացման ծրագիրը` ընդգրկելով համապատասխան նոր ներդրումային առաջարկներ:

«Մնչեւ 2020 թվականը ներառյալ մենք պետք է հստակ պատկերացնենք և ունենանք մեր քաղաքի զարգացման ընթացքն ու ծրագրերը և դրանում ակտիվորեն ներգրավենք ներդրողներին: Այսօր ներդրումների մեծ մասն ուղղված է մայրաքաղաքի կենտրոնին: Կարծում եմ պետք է ընդլայնենք Կենտրոն հասկացությունը, օրինակ,  նոր հետիոտն փողոցների հաշվին, և այդ տարածքներում ևս կձեւավորենք մշակութային, ժամանցային վայրեր և բիզնես կենտրոններ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Կարևորելով մայրաքաղաք մտնող ճանապարհների և հարակից տարածքների արտաքին ձևավորման խնդիրը՝ քաղաքապետը հանձնարարել է արագացնել աշխատանքների ընթացքն ու զուգահեռաբար ուսումնասիրել նաև որոշ մայրուղիների  ընդարձակման հարցը: Հանձնարարվել է ներկայացնել Երեւանի արտաքին լուսավորման նոր ցանկ, որը կներառի ձեւավորման կարիք ունեցող հուշարձանները, շենքերն ու շինությունները:

Մայրաքաղաքի կամարանցումների հետ կապված` Երևանի գլխավոր դիզայները ներկայացրել է, որ հաշվառված 217 կամարանցումներից 49 արդեն վերանորոգվել և ձևավորվել են. դրանցից 16-ը նկարազարդված են, մյուսների արտաքին ձեւավորումն ընթացքի մեջ է:

Մայրաքաղաքում աշնանային ծառատունկի կազմակերպման մասով բնապահպանության վարչության կողմից զեկուցվել է, որ արդեն  ձեռք է բերվել 40 հազար ծառ եւ թուփ, որոնք արդեն բաշխվել են վարչական շրջաններին, համատիրություններին և ուսումնական հաստատություններին։ Քաղաքի տարածքում 2011թ. իրականացվող ընդհանուր կանչապատման աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանվել նոյեմբերի 15-ը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթևեկությունը բեռնաթափելու նպատակով մշակվել են մի շարք ծրագրեր, այդ թվում նաեւ նոր շրջանցիկ  ճանապահների կառուցում: Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս ուղղությամբ սերտորեն համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Հանրակրթության վարչության կողմից տեղեկացվել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ»  ծրագրերի շրջանակում կամավոր վճարումները գերազանցել են 1 մլրդ դրամը եւ ներկայում հաստատությունների տնօրեններից  առաջարկություններ են ներկայացվում նվիրատվությունները նպատակային օգտագործելու ուղղությամբ` մասնավորապես շենքերի վերանորոգման եւ նոր գույքի ձեռքբերման նպատակով:  Հանձնարարվեց կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել:

 

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply