Հայաստանը ճռռում է պարտքերի տակ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 14, 2011 7:09

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հասել է մտահոգիչ մակարդակի ոչ միայն մեծության, այլև ոչ արդյունավետ օգտագործման պատճառով:

Առհասարակ պետական պարտքը յուրաքանչյուր երկրի տնտեսական կյանքում անհրաժեշտ գործընթաց է: Պետական պարտքի ձևավորումը մի քանի կարևոր խնդիրներ պետք է լուծի: Առաջինը պետությանն անհրաժեշտ ներդրումների համար որոշակի գումարներ հայթայթելն է, որը երկարաժամկետ ուղղվածություն պետք է ունենա: Երկրորդը կարճաժամկետ կամ որոշ դեֆիցիտային բյուջեների ձևավորման ժամանակ միջոցների ստեղծումն է, որպեսզի ընթացիկ քաղաքականությունը  դեֆիցիտի հետևանքով չտուժի: Եվ, վերջապես, երրորդ հիմնական խնդիրը որոշ ենթակառուցվածքային ծրագրերի ժամանակ պետության կողմից տրվող երաշխավորություններն են:

Ճգնաժամին նախորդող տարիների ընթացքում Հայաստանում արձանագրվեց բարձր տնտեսական աճ: Այդ զարգացումներին զուգահեռ Հայաստանի ներգրաված արտաքին պարտքի մակարդակն աստիճանաբար նվազում էր, և արդյունքում Հայաստանի ընդհանուր պետական պարտք – ՀՆԱ հարաբերակցությունը 1999 թ. 49.3%-ից 2008 թ.  իջավ մինչև 16.4%-ի, իսկ պարտքի կառուցվածքում գերակշռում էին արտոնյալ վարկերը: Այսինքն` Հայաստանը շահեկան դիրքերում էր:

Սակայն ճգնաժամային և հետճգնաժամային տարիներին արտաքին պետական պարտքը կտրուկ աճեց` 2009 և  2010 թթ. համապատասխանաբար կազմելով ՀՆԱ-ի 35.7 և 34.2%-ը: Այժմ այդ պարտքն ավելանալով հասել է 44-45%-ի և կազմում է մոտ 4 միլիարդ դոլար, որից 500 միլիոնը (համարժեք դրամով) ներքին պարտքն է, և 3.5 միլիարդը` արտաքինը:

«Սա, բնականաբար, առաջացնում է նոր մարտահրավեր: Բավական է նշել, որ արտաքին պետական պարտքն արդեն 40 տոկոսից ավելի է, իսկ եթե համախառն ներքին արդյունքը որոշ տատանումներ տա նվազման ուղղությամբ, նշանակում է այդ կշիռն էլ ավելի կբարձրանա և 50%-ին կմոտենա, ինչը թե՛ միջազգային փորձում, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ համարվում է կարմիր գիծ: Այսինքն` դրանից հետո պետությունը համարվում է անհուսալի, և նրա նկատմամբ սկսում է կիրառվել խիստ զսպողական ներդրումային քաղաքականություն: Այլ կերպ ասած` այդ պետությունն արդեն ռիսկային տիրույթում է հայտնվում: Ցավոք, Հայաստանն արդեն ընդհուպ մոտեցել է այս սահմանագծին»,- պարզաբանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արտաքին պարտքի կշիռը կարող է փոփոխվել նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից, քանի որ արտաքին պարտքը հիմնականում դոլարով է վերցված, ուստի, եթե, օրինակ, դոլարի փոխարժեքը հասնի 421 դրամի 1 դոլարի դիմաց, կնշանակի մեր արտաքին պետական պարտքը 50 տոկոսից ավելի մեծ է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն այդ կարմիր գիծն անցնում է: Իհարկե, միջազգային փորձը վկայում է, որ կան երկրներ, որտեղ այդ պարտքը համախառն ներքին արդյունքի 100 կամ 120%-ին էլ է հասնում: Հետևաբար, հարց է առաջանում, թե որքանով է այդ պետական պարտքը արդյունավետ օգտագործվում: Այս  տեսանկյունից պետք է մտածել ոչ այնքան պարտքի բեռի մեծության, որքան դրա արդյունքի մասին: Այսինքն, թե դրա ներդրումն ինչ ժամկետայնությամբ և ինչ արդյունավետությամբ կարող է հետ գալ, և յուրաքանչյուր հաջորդ սերունդն ինչ արդյունավետությամբ դուրս կգա այդ պարտքի բեռան տակից:

Ներկա դրությամբ արդեն իսկ յուրաքանչյուր քաղաքացու համար ձևավորված պարտքի բեռը 1400 ԱՄՆ դոլարին  համարժեք դրամ է: Իսկ կառավարությունը ներկայացնում է պետական պարտքի կառավարման մի փաստաթուղթ, որից ենթադրվում է, որ այդ բեռը մինչև 2014 թ.  չի նվազի, ավելին` կարող է նաև մեծանալ:

«Չնայած պետական պարտքի բացարձակ ցուցանիշն աճի միտում ունի,

պետական պարտք – ՀՆԱ ցուցանիշը, պայմանավորված ՀՆԱ-ի ավելի արագընթաց աճով, կունենա նվազման միտում: Ավելին` 2012-2014 թթ. ընթացքում նախատեսվածից ավելի նոր պարտքային պարտավորությունների ստանձնումը` մինչև ՀՆԱ-ի 10%-ի չափով, չի խաթարի ինչպես պարտքի, այնպես էլ բյուջետային կայունությունը»,- նշված է ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թթ. ռազմավարական ծրագրում:

Իսկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մի առիթով լրագրողների հետ զրույցի ընթացքում հավաստիացնում էր, որ այդ միտումը վտանգավոր չէ, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և մտահոգվելու խնդիր չկա: «2010-ից մենք, նաև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելով և նրանց մեթոդիկան օգտագործելով, իրականացնում ենք պարտքի կայունության վերլուծություն: Եվ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ այդ թիվը սարսափելի է և կառավարելի չէ: Զուտ պարտքի մեծության տեսանկյունից կարծում ենք, որ այն խնդրահարույց չէ: Մեր բյուջեի տեսանկյունից մեր պարտքի մասին օրենքը հստակորեն սահմանում է 50% և 60% սահմանները: Եվ դա համապատասխանում է միջազգային լավագույն փորձին: Եվ մենք անգամ կարող ենք այդ սահմաններում պարտքը ավելացնել` առանց կայունության մասին լրջորեն մտահոգվելու»,– ասել է ֆինանսների նախարարը:

Այդ պարտքերը պետությունը երբեմն վերցնում է բավական լավ պայմաններով, բայց տնտեսության մեջ տեղաբաշխվում են բանկային համակարգի միջոցով` բարձր տոկոսներով, կոշտ երաշխիքային քաղաքականությամբ, ու այդ պարտքերից կարողանում են օգտվել հիմնականում առանց այն էլ արտոնյալ պայմաններում գտնվող տնտեսվարող սուբյեկտները:  Այսինքն` մեր բոլորի անունից պարտք են վերցնում ու տալիս օլիգարխներին: Ստացվում է, որ չգիտես ինչի համար, չգիտես ում համար ազգովի պարտքեր ենք վերցնում, ու այդ պարտքերը պետք է փակենք յուրաքանչյուրս 1400 դոլարի չափով, եթե հանկարծ կառավարությունը չորոշի, որ մեզ դա էլ է քիչ:

 

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

 

 

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply