Անժամանակ տարածականություններու վրա…
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | October 15, 2011 7:00
Դավիթ Դավթյանի` պատմամշակութային անցյալի տպավորություններու հիման վրա կյանքը իմաստավորելու և ներկան գնահատելու ձգտումը գիտակցական երևույթ չէ, այլ բնազդային ներքին մղում, որ իբրև առհավական նկարագիր` կծնի ու կկազմավորվի անժամանակ տարածականություններու վրայ:
Ահավասիկ թե ինչու անոր կերտած կերպարները անցյալեն կուգան, կգոյատևեն անցյալի շքեղ կառույցներու մեջ, շրջապատված գեղեցիկ բնությամբ ու կենդանիներով, կ’ահազանգեն, սակայն, տաղտկալի առօրյայի մը մասին: Անոնք պալատական կյանքի վարժ կերպարներ չեն, անոնց միջավայրն ու հագած ճոխ հագուստները խորթ կհնչեն համեմատած իրենց էության ու ժամանակակից կյանքին, սակայն կարծեք թե ակամա մտած են ոլորապտույտի մը մեջ, ուրկե ո՛չ դուրս գալը ցանկալի է իրենց համար և ո՛չ ալ հոն մնալը: Փարթամ կյանքը կհետաքրքրե ու կ’առինքնե զանոնք, սակայն չի բավարարեր, որովհետև ի վերջո գիտակից ու հավասարակշռված մարդու համար կյանքի բնականությունն ու պարզությունն ավելի գրավիչ է, քան ճոխությունն ու բարդությունը, որոնք պայմանավորված են իրարմով: Դավիթ ինքզինք կտեսնե ու կդրսևորե անոնց մեջ, անոնց միջոցով:
Այո: Երևութապես կթվի, թե ուրախ են անոնք, կնվագեն, կ’երգեն, կպարեն, կսիրեն, կպտտին և նույնիսկ ոմանք, նստած արհեստական ձուկերու վրա, կճախրեն ու կմեկնին դեպի անհայտը, պարզապես երազելու հեռանալու համար անորոշ առօրյայեն: Ժպիտը կա՛մ կը բացակայի և կա՛մ ալ բռնազբոսիկ կերպով կ’արտահայտվի անոնց դեմքին: Դաժան իրականութենեն կխուսափին կարծեք ու ճշմարտությունը բացված կմնա անոնց վանդակապատ նայվածքներու ետին: Անոնք կան ու չկան, իրական ու անիրական են միաժամանակ:
Դավիթ գերիրապաշտ մըն է ի վերջո, սակայն անոր ենթագիտակիցն ու երևակայությունը միասնաբար և ինքնամուղ ձևով կգործեն, այնպես, ինչպես հետխորհրդային շարք մը արվեստագետներ, որոնց քով անհեթեթի ուժեղ դրսևորումը նոր ակոս մը կբանա դասական գերիրապաշտ դպրոցի ծիրեն ներս:
Եթե դասական գերիրապաշտները կպայքարեին «ազատագրելու համար ժամանակակից գիտակցությունը տիրող սոսկալի սահմանափակութենեն», ապա անհեթեթ գերիրապաշտները կպայքարին ազատագրելու համար մարդկային ստեղծագործ ուժը բռնի կերպով հսկված ըլլալու սարսափելի իրողութենեն:
Փաստորեն, գերիրապաշտները (ներշնչվելով դադաիստներեն), իրենց ժամանակի գիտակցությունը սկսան ազատագրել տիրող սոսկալի սահմանափակութենեն ու պեղելե ետք ենթագիտակից (երբեմն նաև անգիտակից) ներաշխարհը արվեստը օժտեցին իրենց ժամանակի նոր լեզվամտածողությամբ ու տարածականությամբ: Իսկ նախկին խորհրդային երկիրներու ստեղագործողներու խնդիրը թեև կ’առնչվեր գիտակցականի հետ, սակայն որոշ չափով կտարբերվեր անոնցմե գիտակցականի բռնադատված ու ճնշված ըլլալու իրողությամբ:
Խորհրդային բռնատիրական կացութաձևն ինքնին արհեստական էր և հարիր չէր մարդու մարդկային խառնվածքին, հետևաբար՝ անհեթեթ: Իսկ անոր փլուզումը առավել ևս անտրամաբանական էր ու անըմբռնելի: Խորհրդային ստեղծագործողները հանկարծ իրենք զիրենք գտան ազատության մեջ, որը, սակայն, սկզբնական շրջանին հոգեկան պարապություն ստեղծեց և ապա ստեղծագործական ամլություն պատճառեց, հատկապես երիտասարդներուն, որոնք շվարած ու շշմած էին կատարված իրողութենեն: Դավիթ և իր վրձնակիցները հասակ առին ու կազմավորվեցան խորհրդային կարգերու փլուզման և անկե ետք նոր կարգերու հաստատման ժամանակաշրջանին: Դյուրազգաց և դյուրագրգիռ և հուսախաբություններով առլեցուն այս սերունդը մնաց տագնապած ու շփոթահար: Այս մթնոլորտի մեջ էր, որ Դավիթ կբախեր կյանքի դուռը արժանապատիվ կերպով ապրելու և մարդկային արժանիքները փրկելու համար: Ու հանկարծ ակամա ինքզինք կգտներ ստեղծագործական լուրջ պատասխանատվության մը դիմաց:
Այս ժամանակաշրջանին էր, որ անսպասելիորեն տեղի ունեցավ 1988-ի հայտնի երկրաշարժը, որմե ետք սկսավ նաև անկայուն քաղաքական վիճակը Կովկասի մեջ: Դավիթի տարեկիցներեն շատեր զինվորագրվեցան և մեկնեցան ճակատ` պաշտպանելու համար ազգն ու հայրենիքը: Դավիթ ևս ռազմաճակատ մեկնեցավ, սակայն զենքի փոխարեն վրձինը ձեռքին, իր ապագայ կողակիցի՝ Արմինեի ընկերակցությամբ և օգնությամբ հավաքեց կռվի մեկնած կամ նահատակ ծնողներու երեխաները և անոնց սորվեցուց գեղեցիկը ստեղծելու և հավերժացնելու կերպերը, որպեսզի մարդը կարողանա գնահատել կյանքի գեղեցկությունն ու արժեքը և հեռու մնա ոչնչացնելու անասնական մոլուցքեն: Ան ռազմաճակատ գնաց արվեստի միջոցով փրկելու համար մարդը իր բարոյական անկումեն և հոգեկան ապականումեն:
Պատերազմի դաժան պայմաններու տակ իր շփումը անմեղ ու մատղաշ մանուկներու հետ իրեն համար եղավ ինքնաորոնման առիթ մը: Երեխաներու անպաշտպան կացությունն ու անոնց անեղծ՝ կույս արտահայտությունները ոչ միայն հուզեցին զինք, այլև ցույց տվին որ կյանքը գեղեցիկ է և ուրախությամբ առլի, բնությունը գեղեցիկ է ու առինքնող, մարդն է որ կ’այլանդակե ու կ’ապականե կյանքն ու բնությունը, միաժամանակ այլասերելով իր իսկ էությունը:
Ահավասիկ թե ինչո’ւ ան փնտրեց ու պատկերեց գեղեցիկը թե՛ կյանքին մեջ և թե՛ բնության զուգահեռաբար:
Ահավասիկ թե ինչու ան երեխաներու նման իր հորինումներուն հետ ազատ կվարվի: Անոնց հանդեպ գիտական մոտեցում չի ցուցաբերեր, այլև ավելի զգացումով կ’աշխատի, քան մտքով, սակայն ոչինչ կմնա պատահականության, այլ մշակված ձևով յուրաքանչյուր կերպ, յուրաքանչյուր գույն ու գիծ իր տեղը կդրվի համաձայն ստեղծագործական կշռույթի և համաչափության:
Դավիթ կձգտի վսեմին, այնպես, ինչպես վերածնունդի մեծերը, կներշնչվի անոնցմե, սակայն չի հետևիր անոնց ոճին ու արտահայտչաձևերուն, այլ կ’արտահայտվի ինքնուրույնաբար` համաձայն իր ստեղծագործական բնազդին ու կիրքերուն:
Դավիթ գույնեն առաջ ուժ կու տա գիծին Ֆլորանսի վերածնունդի վարպետներուն նման` դրսևորելու համար զգացումով ազնիվ, սակայն ոչ փափուկ վիճակներ: Մերկուհիներու պարագային անոր գիծի արտահայտչականությունը կհասնի վավաշոտ կուրտիզանուհիներու կերպարներու կերտման, առանց, սակայն, կորսնցնելու իրենց վայելչությունն ու հոգեկան ներքին գեղեցկությունը: Կարգ մը պարագաներու թեև անոր գույները չեն մնար զուսպ ու հանգիստ սահմաններու մեջ, սակայն հոս ևս կգերակշռե գիծի արտահայտչականությունը, որ կետերու շարան մըն է կերպավորվելե առաջ:
Դավիթի համար կյանքը գիծ է՝ գույն ու կերպ ըլլալե առաջ: Գույնն ու կերպը առանձնաբար խաբուսիկ երևույթներ են, կապ ունին ավելի արտաքին, քան ներքին մղումներու հետ: Գիծն է, որ զանոնք կձուլե իրարու` տալով կյանքի գեղեցկությունն ու բնության հմայքը: Սակայն Դավիթի համար ժամանակակից կյանքի գեղեցկությունը խաթարված ու վտանգված է, մտքի ազատությունը բռնաբարված ու մարդկային անհպելի արժանիքները՝ լքված:
Այս առումով ան իր ստեղծագործական բարոյականությունն ու գեղագիտական կեցվածքն ունեցող հանձնառու արվեստագետ մըն է: Անոր կյանքի ընթացքին եղան ժամանակաշրջաններ, երբ մնաց չհասկցված, դիմագրավեց տնտեսական ու ստեղծագործական դժվարին պայմաններ, սակայն երբեք չդավաճանեց իր էության ու երբեք տուրք չտվավ ժողովուրդի ճաշակին ու պահանջներուն: Ստեղծագործեց` միշտ վստահելով իր ներքին եսի թելադրանքին, և դրսևորեց այն, ինչ որ հարիր էր իր էության ու խառնվածքին: Ահավասիկ թե ինչու անոր գործերը ժամանակի մաշումին դիմանալու գեղագիտական ուժով լիցքավորված են, ու ինք գնահատված է արդեն իբրև իր ստեղծագործական ուղին գտած ուրույն և ամուր անհատականության տեր արվեստագետ:
Մովսես Ծիրանի






Facebook
Tweet This
Email This Post
