Կիներ իբրև ներշնչման աղբյուր և պահապան մեր բանաստեղծներուն
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | October 8, 2011 14:37
«Հոգուս հատոր, սրտիս կտոր,
Դասիս համար դու մի հոգար
Թե կան դասեր, կա նաև սեր.
և ինչ զարմանք, իմ աղավնյա՜կ-
Որ մի տղա, դեռ պատանի
Սերը սրտում, դաս է սերտում»:
Թերևս ամենաերիտասարդ տարիքի գրված սիրո վկայությունն է ասիկա` արձանագրված «ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի կողմե նախակրթարանի դասարաններուն մեջ:
Սիրո թեման մեր գրականության մեջ, սիրո առարկան իբրև ներշնչման աղբյուր, այլև՝ նեցուկ ու պահապան սիրող էակին և անոր գրականության, նաև հետմահու: Արխիվներու պահպանման, նամակներու ընդմեջեն, հուշերու պատումով ստեղծված գրականությամբ մը, ընդհանուր գիծերու մեջ այս է մեր շոշափած թեման հարստացած իրական անձերու և անուններու հիշատակությամբ:
Գեղարվեստական այս գրականությունը հետաքրքրական ըլլալու կողքին նշանակալից է մանավանդ իր վավերագրական արժեքով:
Կիներ, որոնք ոչ միայն ուղեկիցը եղած են մեր բանաստեղծներուն, այլև տրամադրելով արխիվներ, բացահայտելով ճշմարտություններ և կամ հուշերու պատումով ստեղծած են գրական մնայուն գործեր տվյալ գրագետի մահվնե ետք իսկ:
Մեզի հասած գրականությունը մասունքներ է համեմատած կորսված, անհայտ մնացած կամ փչացած այն մեծ կորուստին, որ վիճակվեցավ հատկապես Եղեռնի սերունդի ճակատագրին: Վարուժանի ձեռագիրները գրավվեցան և փչացվեցան իր տունեն անոր տարագրության հետ: Նույնը պատահեցավ մյուս նահատակ գրողներու պարագային, թուրքի հեռատես ամեն ինչ բնաջնջելու քաղաքականության հետևանքով:
Դժբախտ բարեբախտությամբ փրկվեցան 31-ամյա բժիշկ, օսմանյան բանակի սպա դոկտ. Ռուբեն Չիլինկիրյանի Ռուբեն Սևակ բանաստեղծի արխիվները, շնորհիվ իր կնոջ Յաննի Աբելի, որուն գերմանուհի ըլլալու հանգամանքը արգելք հանդիսացավ անոր տունեն ոչինչ հանելու կամ խուզարկելու, մանավանդ որ Գերմանիան Թուրքիո դաշնակից պետու-թյուն էր և անոր դեսպանությունը ազդեցիկ Պոլսո մեջ:
Չարենցի ձեռագիրները մոտ երկու տասնամյակ հողին տակ թաքնված մնալե ետք, հետզհետե սովետական կարգերու համեմատաբար մեղմացումի քաղաքականության օրերուն, ի լույս եկան Ռեգինա Ղազարյանի կողմե, որուն և հանձնված էր բանաստեղծի երկու աղջիկներուն խնամքը, հատկապես իր կնոջ Իզաբելլա Չարենցի բանտարկության պատճառով:
Գուրգեն Մահարիի Սիբիր աքսորվիլն ու իր կնոջ (լիտվիացի) Անտոնինա Միխայլովնային հետ հանդիպումն ու միացումը ծնունդ տվավ, որ Անտոնինա գրե «Իմ ոդիսականը» գիրքը իբր հուշարձան ստալինյան շրջանի զոհերուն, որոնք ինկան հեռավոր Սիբիրի ճամբարներուն և բանտերուն մեջ: Գիրքը գրվեցավ 1970-72 տարիներուն և միայն 20 տարի ետք սովետական կարգերու քայքայումով և Հայաստանի անկախության օրերուն հրապարակվեցավ: Գիրքը կ’ընդգրկե սիրային բանաստեղծություններ, զորս բանաստեղծը ձոնած էր իր սիրուհիին և նամակներ` փոխանակված երկուքին միջև, բոլորն ալ գրված աքսորի ճամբաներուն վրա:
«Ինչո՞ ւ ուշացար, գարուն աղջիկ,
Ինչո՞ ւ ուշացար, վերջին կարոտ.
Ես վար եմ իջնում լեռան լանջից,
Դու բարձրանում ես լույսով այրող:
Դու չէ՞իր կարող մի քիչ շուտ գալ.
Ա՜ խ, լավ էր երբեք, քան այսպես ուշ»:
Շահեկան այլ վկայություն մը ևս նույն գիրքին մեջ, 1937-ի ամռան Չարենց, Բակունց և Մահարին միատեղ կձերբակալվին: Չարենցը (ըստ Անտոնինայի հուշերուն) կմահանա բանտին մեջ, Բակունցը կգնդակահարվի, իսկ Մահարին` երեքին ամենաերիտասարդը, 10 տարվան ճամբարային պատիժ կստանա և կ’ուղարկվի Սիբիր:
Չարենցի սիրո գրականությունը հարուստ է երկակի իմաստով, առլի թե՛ իր հախուռն տաղերով և արկածախնդրական դրվագներով և թե՛ մանա-վանդ Ռեգինա Ղազարյանի անոր ձեռագիրներու պահպանումով և հետագային փոխանցումովը անոր դստեր Արփենիկի (մահացած կնոջ անունով կոչված և ծնած երկրորդ կնոջմե՝ Իզաբելլայե): Արփենիկ Չարենց երկար տարիներ վարեց Չարենցի անվան տուն- թանգարանի տնօրենությունը: Չարենցի կյանքի ու խառնվածքային գիծերու մասին ավելի ուշ անդրադարձած է նաև անոր սերերեն Կարինե Քոթանջյան ևս, իր հետ կայացած հարցազրույցի մը ընդմեջեն:
Պարույր Սևակ, համեմատաբար մեզի ավելի մոտիկ ժամանակաշրջանի մեջ ապրած և ստեղծագործած ըլլալով և ծանօթ իր բազմազան սիրո երգ-երով, գուցե ավելի թարմ ըլլան մեր հիշողության մեջ անոր սիրո տաղերը: Պատկառելի է Սուլամիթայի նվիրած անոր պոեմներու թիվը հայտնի «Երգ Երգոց»-ի շարքով, Սուլամիթան, որու հետ ապրած է սիրո բարձրագույն զգացումներ պահելով զայն իր կնոջ Նելլիի զուգահեռ: Վերջերս` 2004-ին, կհանդիպինք Հովիկ Չարխչյանի ստորագրությամբ լույս տեսած երկհատորյա «Սուլամիթա` Սևակի մեծ սերը» խորագրյալ վեպին: Ասիկա վերլուծական պատումն ու մանավանդ նամականին է Սևակ-Սուլամիթա սիրերգության:
Դժվարին պայմաններու մեջ ապրված, զոհողություններով պահպանված սեր մը, Մոսկվայի ու Երևանի միջև փոխանակվող նամակներու, գաղտնի հանդիպումներու, իրար չկորսնցնելու վախեն դաղված զգացումներով հարուստ գիրք մը: Երբեմն նույն օրվան մեջ քանի մը նամակ ուղարկված է մեկզմեկու` քանի մը ժամվան տարբերությամբ միայն: Այսուհանդերձ, Սևակ անզիջող իր կեցվածքներով, պահանջատեր ու ամբողջատիրական է իր զգացումներուն մեջ: Անոնց միացումը, ի սկզբանե բացառված և անկարելի ըլլալով, անշահախնդիր ու մաքրամաքուր կթվի:
«Լավն է երկու, քան զմի… զի եթե
ննջեսցեն երկուք՝ ջեռուցանեն զմի-
նյանս, իսկ մին զիա՞րդ ջեռուցու…»
այսպիսի բնաբաններով հարուստ բանաստեղծություններով զեղուն տողեր են «Սուլամիթա»ներու շարքը: Հարուստ պատկերներով
«Իմ Սո’ւլ…
Սուլամի’…
Իմ Սուլամի’թա:
Ես այլ բան չէի.
Քան մի ապակի…
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում:
Եկար ու դարձար նրան ամալգամ,
և ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ:
Հիմա դու չկա’ս-
Ու ես վերստին
Ահա հայելուց ապակի դարձա՝
Մի սովորակա՜ն – աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է – լույսը չի բեկում…»:
Ինքզինք սիրած էակով արժևորելով, զայն կրկնապես կ’արժևորե, որովհետև անոր մեկնումով կամ անոր բացակայությամբ ինք կրկին կը վերածվի թափանցիկ հայելիի, որ զերծ է բովանդակութենե լույսի ու պատկերի արտացոլումե:
Վեհ է իրեն համար իր սիրուհին և սուրբ ու դժվար միանգամայն. Որովհետև’
«Ինչո՞ւ է թվում.
Թե քո այտերին – առաջի’ն անգամ –
Հպվելը նույնքա’ն դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման , դարձի բերումը,
և քեզ համբուրելն – առաջի’ն անգամ –
Նույնն է, ինչ մի նոր տաճա’ր ավերել,
Թե՞ հիմնադրել մի եկեղեցի… »:
Բարձր է անոր պատվանդանը իր սրտին մեջ իբրև «թագուհի» այնուա-մենայնիվ ինքն է անոր տիրակալը իբրև «արքա». ի վերջո արևելքցի կինը, ինչ ալ ըլլա, միշտ կախյալ է՝ չըսելու համար ենթակա տղամարդուն.
«Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ի՞նչ եմ ե’ս հապա,
Ինչպե՞ս ինձ կոչել, եթե ոչ արքա, –
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՜րբ են պատկանել մանկլավիկների… »:
Սևակ, երբ Սուլամիթային հանդիպեցավ, 33 տարեկան էր, և աղջիկը` 18:
Ատոր համար շատ կգուրգուրա իր սիրույն վրայ, կ’ուզե զայն ընդմիշտ պահել իր կյանքին մեջ, մյուս կողմե ալ շոյված է իր ինքնասիրությունը իբր անոր առաջին սերը.
«Դուք լսո՞ւմ եք ինձ, խարտյաշ աղջիկներ:
Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ եմ ուզում,
Որ ասեք նրան՝ այդ սևահերին:
Երդվեցնում են ձեզ, ասացե’ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջի’ն,
Իսկ ես էլ՝ նրա առաջի՜ն սերը»:
Առաջին սեր-Սուլամիթան շարունակեց հետմահու ևս նամակներ գրել Սևակին.
«…մենք քեզ հետ այնքան ենք խոսել մահվան մասին, այն մասին, որ նրանից ընդհանուր առմամբ ոչ ոք չի վախենում, վախենում են տառապանքից, ցավից, բայց ոչ ինքնին հեռանալու փաստից»:
«…Ինչո՞ւ նստեցիր ղեկին: Ես քո ձեռքերի մեջ պատկերացնում եմ սպիտակ հաց, օղու ըմպանակ, մածնի բաժակ, կանաչ սոխ, գրիչ, գիրք, վարդ, երեխա, ինձ, նույնիսկ Բելլա Դարբինյանին, բայց քո ինչին էր պետք ղեկը… Ինչո՞ւ դու որոշեցիր դառնալ սովորական տղամարդ»:
Սուլամիթայի համար Սևակը միշտ երիտասարդ մնաց.
«1967 թվին (մարգարեաբար) գրել էի նրան, որ ինքը ջահելանում է, ես ծերանում եմ, իսկ ժամանակն անցնում է առանց մեզ… հասկանո՞ւմ էի արդյոք՝ ինչ եմ գրում: Նրան մնացել էր 4 տարի:
Բանաստեղծի ողբերգական առանձնաշնորհումը երիտասարդ մնալն է: Մեզ մոտ այնքան բան էին արգելում, իսկ, ա’յ, այդ հարցին օգնում էին: Իսկական բանաստեղծներին օգնում էին չծերանալ: Նրան նույնպես օգնեցին»:
Սևակի մահեն 7 տարի ետք միայն Սուլամիթա եկավՀայաստան , գնաց Չանախչի, համբուրեց Սևակի մոր ձեռքերը և ծաղիկներ դրավ Սևակի գերեզմանին: 1980 թվին իր ընտանիքին հետ ան մեկնեցավ իր ծննդավայրը, ճամպրուկներուն մեջ տեղավորած անթիվ նամակներ: Բայց մեկնումեն առաջ Ռուբեն Հովսեփյանեն նամակ մը ստացավ խնդրելով, որ Սուլան մտածե Սևակի ձեռագիրներու ճակատագրին մասին: Վարանումը երկար չտևեց: Որոշ ժամանակ անց Հայաստան հասան նամակներու պատճեններ, որոնք Սուլամիթայի հանձնարարությամբ հանձնվեցան Սևակի տուն-թանգարան, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Ռուբեն Հովսեփյանին և շարք մը այլ մտավորականներու: Ան այսօր կ’ապրի իր հայրենիքին` Իսրայելի մեջ, իր ամուսնույն և զավակներուն հետ և հասարակական աշխույժ գործունեություն կվարե:
Իսկ եթե այսօր մեկը փորձե թեկուզ երկյուղածությամբ բանալ մեծ գաղտնիքի փակված դռները այն աղջկան, որ կպահե Պարույր Սևակը հիշեցնելու իրավունքը, Սուլամիթայի պատասխան և թերևս վերջին նամակը առ Սևակ հետևյալը կ’ըլլայ.
«…Ես նորից եմ կրկնում. այն աղջիկը վաղուց չկա: Ես արդեն ուրիշ մարդ եմ, որը երբևէ ճանաչել է նրանց երկուսին՝ Պարույրին և Սուլային: Ես քնքշությամբ եմ հիշում նրանց, քանի որ այդ աղջկա սերն առաջինն էր՝ մաքուր ու անմեղ, իսկ նրանը վերջինն էր՝ իմաստուն և ուժգին: Այդ սիրո մեջ ջերմանում էին նաև ուրիշները («Դու՝ իմ վերջինը թյուրիմացաբար և իմ միակը՝ ճակատագրով»)»:
Իր նկարագրային հախուռն պոռթկումներով հարուստ բանաստեղծություններու հորձանքներ են սակայն Եղիշե Չարենցի սերերը` լի արկածախնդրական դրվագներով, ուր բանաստեղծը մինչև իսկ զենքի դիմած է պաշտպանելու իր սիրուհիները (վկա Աստաֆյան փողոցի դեպքը): Սիրո հրապարակային բացահայտման մեջ միշտ ալ բանաստեղծի ինքնասիրությունը անխոցելի մնացած է, և անախորժ ու վտանգավոր բախումի մը առաջքը առնելու համար սիրուհին ստիպված խոստովանած է իր փոխադարձ սերը նախքան Չարենցի արտահայտվիլը: Չարենց երբեք չէր թույլատրեր ինքզինքին բացահայտել իր սերը մերժվելու հավանական վտանգեն զերծ մնալու մտավախությամբ` ձեռնարկելով, սակայն, ավելի վտանգավոր քայլի մը:
Իր գրականութենեն կտեղեկանանք, թե Չարենց անտարբեր չէ եղած գեղեցիկին նկատմամբ, պատահած է նույնիսկ, որ ամուսնություն առա-ջարկե առաջին անգամ հանդիպած աղջկան մը:
Բայց ասոնք մասնավոր հետք չեն ձգած իր կյանքին կամ գրականության մեջ: Առավելագույն պարագային բանաստեղծություն նիրած է` ըսելով, թե իր մեծ սերը հետո պիտի գա:
Չարենցի գլխավոր սերերը չորս հատ են` հիշատակված տարբեր կամ երբեմն առանձին բանաստեղծություններու մեջ: Այս բոլոր սերերը միատեղ կ’երևին ինքնակենսագրական բնույթի Չարենց-Նամե պոեմին մեջ:
Առաջին սեր՝ Աստղիկ Ղոնդախչյան
«և ահա – պատանի եմ ես
Տասնըչորս, տասնըհինգ տարեկան:-
Հիմա քեզ,- պիտի քեզ երգեմ,
Իմ լուսե, հեռու բարեկամ:-
Աստղիկ:- քո անունը այս
Ես պահել եմ սրտում իմ – վառ»:
«և
Ահա –
Տասներկու թվին –
Առաջին անգամ… այնտեղ…
Առաջին համբույրս տվի –
Քեզ…
Հիշատակ անթև:
Ներիր, Աստղիկ Ղոնդախչյան,
Իմ լուսե բարեկամ…
Ների’ր…»
«Օ, երգե՜ր իմ –
Առաջի՜ն,
Առաջի՜ն…
«Երեք երգ»…
Աստղիկ Ղոնդախչյան.
Քրքրեմ
Մոխիրն իմ խղճի –
և երբե’ ք, երբե’ք
Չզղջամ…»
Երկրորդ սեր՝ Կարինե Քոթանջյան
Թեև տարիներու ժամանակագրությամբ երկրորդն է Կարինեի սերը, բայց բարեկամության տարիներու գումարով` ամենաերկարը: Կարինեն բանաստեղծին եթերային սերն է, որմե բաժնված չէ բնական ձևով. Չարենց ինչքան և ինչ պայմաններու մեջ որ հեռացած է Կարինեեն, նույնքան և նույն պայմաններու տակ հեռացած է Կարսեն՝ հարկադրաբար: Ահա թե ինչու հայրենիքի սերն ու աղջկա սերը միախառնված են հաճախ: Անկախ Չարենց-Նամեի մեջ անոր անվան հիշատակումեն, անոր ձոնված է «Ծիածանը», որուն առաջին օրինակը մակագրված է Կարինեին հետևյալ բառերով. «Իրիկնային քրոջս՝ Կարինե Քոթանջյանին».
«Արթնացավ հրկիզող մի սեր… –
Կարինե:
Կարինե Քոթանջյան»:
«Իմ հոգուն – արևն Իրանի
Լափլիզում էր հրդեհի նման:
Ու ծանր, որպես գրանիտ,
Նայիրյան թախիծն հնամյա:
Թե ի զո՜ւր կրքերիդ բազեն
Հետևեց ինձ երկա՜ր տարիներ…
Տխրություն էր հմայքդ մսե –
Կարինե…
Մշո՜ ւշ – Կարինե…»
Կարինեի հուշերեն կտեղեկանանք, թե սիրո կողքին կար բարեկամության կապը անոնց միջև, բան մը որ շարունակվեցավ պատերազմի տարիներուն որոշ ընդհատումներով, և որ ծնունդ տվավ նորանոր բանաստեղծություններու:
Այսպես գրված է «Հեռացումի խոսքերը» Կարսեն մեկնելու առիթով, երբ Կարինեն կայարան կ’երթա ճանապարհ դնելու Եղիշեին.
«Ինչ էլ լինի, քո՜ ւյր իմ, քո ՜ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե’ ք քեզ չհասան…»
Ապա կու գա «Ծիածանը»
«Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի պես աղջիկ…
Ես ի՞ նչ անեմ, ի՞ նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,
Կապո ՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի պես աղջիկ…»:
Չարենցը «Տաղ անձնականը» ձոնեց Կարինեին 1919 թվին, երբ արդեն գտած էր իր մեծ սերը.
«Թողած Կարսում գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, կարսի այգին ու հայրենի երկինքը մով,
և Կարինե Քոթանջյանին անգամ չասած մնաս բարով –
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում,
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ աչքս հեռուն.
Թե Կարինե Քոթանջյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե ք նրան՝ Չարենցն ասավ – մնա՜ս բարո վ, մնաս բարո՜վ…»:
Երրորդ սեր՝ Լյուսի Թառայան.
«Տասնըութ:
Թվական հրի.
Ողջակեզ – կարմրակեզ բոցում:
«Արթնացավ արև – Նայիրին
Իմ հոգու նո’ր զնգոցում:
Հրդեհ էր:
Անհատնում կրակ:
Արնաքամ վերքեր կարեվեր:
Ու կարոտդ հանկարծ ալվելան. –
Ողջակեզ – հոգիս արևեց:
Ողջակեզ: Խնդություն: Ու մի
Անհատնում վատնում միասին –
և հոգիս սանձարձակ թռավ…
Այսպես էր տասնըութ թվին: —
Սոմա …
Լյուսի Թառայան…»
Լյուսիի սերը իմանալու համար Չարենց դիմած էր անմեղ դավադրության մը` մեղադրելով իր մոտիկ մեկ ընկերը, թե կսիրե զայն… Այստեղ աղջիկը կ՝ըսե, թե «ոչ քեզ եմ սիրում, ոչ էլ նրան»: Այս մեկը փոխանակ հուսալքելու Չարենցին, հայտարարել կու տա, թե իր մեծ սերը հետո պիտի գա:
Իրապես ալ չուշացավ այդ գլխագիր մեծ սերը Արփենիկ Տեր Աստվածատուրյան, որ 1921 թվին կախարդեց Չարենցը բեմեն ասմունքելով անոր «Ամբոխները խելագարվածը»: Չարենց այդ շրջանին արվեստի բաժնի վարիչն էր պետական թատրոնի, Արփենիկ շնորհալի դերասանուհի, Կարսեն ծանոթներ իրարու:
Չորրորդ և մեծագույն սերը Արփիկ.
«Ինչքան շատ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՜վ հարբի.
– Ախ, ինչքա՜ ն ես սիրո ւմ եմ քեզ,
Արփի՜ կ, լուսավո ր Արփի ՜կ»
Չարենց զենքի սպառնալիքով կը խլե Արփիկը իր ընկեր Գարեգինի ձեռքեն` օգտագործելով պարապ ատրճանակ: Բայց Արփիկ կանուխ կը մեկնի այս աշխարհեն և Չարենց երկրորդ անգամ կ’ամուսնանա Իզաբելլայի հետ, որ կդառնա մայրը իրենց երկու դուստրերուն՝ Արփենիկին և Անահիտին: Լրագրողուհի Ռեգինա Ղազարյանը Չարենցի կյանքին մեջ և հետմահու կմնա բարեկամ, երեխաներուն պաշտպան և անոր ձեռագրերու պահապան: Կարինե Քոթանջյան մինչև խոր ծերություն Չարենցի հիշատակով ապրեցավ: Արփենիկի մազերեն թանկագին փունջ մը պահված է առ այսօր Չարենցի տուն-թանգարանին մեջ:
Սեր կյանքի ընթացքին և սեր մահվնե ետք, և «Անգամ մահից հետո», այսպես կկոչվի Ռուբեն Սևակի կյանքին նվիրված այն ծավալուն հատորը` գրված Ալեքսանդր Թոփչյանի կողմե, որ արժանացավ 2005-ի Հայաստանի Հանրապետության նախագահական մրցանակին: Յաննի և Ռուբեն առաջին լիարժեք հանդիպման երդման արարողությունը սիրո ուխտ մըն է թաղված հողին մեջ . և անգամ մահից հետո կամ՝ «Սեր մահեն ետք» գրված և ստորագրված երկուքին կողմե:
Անոնց ամուսնությունը կայացած է Լոզանի մեջ.
Կկարդանք հետևյալ նամակեն.
«Իմ հրեշտակային Յաննիս,
Որոշեցի. Ես Էրֆյուրտի մեջ չեմ ամուսնանար:
Հիմա անմիջապես, մեծ ու ճերմակ թուղթի մը վրա կգրես, թե կփափագիս ամուսնանալ Ռուբեն Չիլինկիրյանի հետ Լոզան: Պետք է ստորագրես, հետո թուղթը տանիս քաղաքացիական վիճակի պաշտոնակալին…
և այս ամենը պետք է կատարվի մեկ օրվա մեջ:
Հիմա պետք է անհապաղ ուղարկել ինձի այդ թուղթերը: Անհապաղ, անհապաղ…
Ես Էրֆյուրտի մեջ չեմ ամուսնանար: Վերջացած է, վճռված:
Ես հուսով եմ, որ 2- 3 օրեն կ’ունենամ այդ անհրաժեշտ թուղթերը:
Կսիրեմ քեզ…
Կպաշտեմ քեզ…
Կհամբուրեմ քու հազար ու մեկ գեղեցկություններդ:
Ցտեսություն»:
Քու հավիտենական
սիրահարդ՝
Ռուբեն
Յաննիին վիճակվեցավ հետմահու առանձին ապրիլ այդ սերը (իրենց երկու զավակներուն հետ), վերադառնալով Գերմանիա` ան իր հետ փոխադրեց իր ամուսնույն արխիվները և ի վերջո փոխանցեց զանոնք իր ժողովուրդին: Այսօր հետաքրքիր ընթերցողին համար մատչելի են Ռ. Սևակի բոլոր գործերը, անտիպները և նույնիսկ նամակները (ներառյալ Չանղըրիեն գրված վերջին նամակը հունիս 17, 1915): Ռուբենին առաջարկվեցավ սեր աքսորի մեջ արաբաջիպաշիի աղջկան կողմե, որուն բուժած էր. իրեն խոստացված էր նույնիսկ կինն ու երեխաները բերել և միատեղ ապրիլ, բայց Ռ. Սևակի որոշումը անդրդվելի էր. ատոր համար ալ ամենավերջին նահատակվողը եղավ իր խումբի՝ ականատես դառնալե ետք Վարուժանի ու Վարդգեսի վախճանին:
Յաննին մնաց իրեն համար հրաշք աղջիկը.
«Դուն հրա՜շքն ես, դուն երա՜զն ես, դուն սերն ես.
Տարաշխարհի չքնաղ ծաղիկն ես աղվոր,
Միստիկական խնկումներով թունավոր
Դուն մսեղեն խենթեցնող տաճարն ես.
Դուն հրա՜շքն ես, դուն երա՜զն ես, դուն սերն ես»:
Յաննին, Ռ. Սևակին ընտրելով, ընտրեց նաև անոր ճատատագիրը, անոր երկիրը, անոր ժողովուրդը: Յաննիի կերպարը ավելի ցցուն կդառնա հատկապես իր ամուսնույն ձերբակալութենեն ետք Պոլիս, ան մինչև իսկ սև կներկե իր մազերը, նմանելու համար Ռուբենի քույրերուն, անոր ցեղին:
Նամակագրական կապը շարունակված է իրենց մեջ Պոլիս Չանղըրը աքսորավայրի միջև կանգ առնելով: Աքսորեն ուղարկված վերջին նամակով հունիս 17, 1915-ին.
«Սիրելիս,
Երեքշաբթի հասա Չանղըրը: Ճամփորդեցի վեց օր: Շատ հանգիստ եմ: Բժ. Տինանյանին հետ նույն տան մեջ կ’ապրիմ: Տան առջև պարտեզ կա և անտառ: Մի՜ մտահոգվիք ինձի համար: Շնորհոքն Աստուծո քիչ ատենեն արդարությունը կվերականգնվի և մենք միասին կ’ըլլանք: Միշտ գրեցեք ինձի:
Իմ հասցես.
Բժ. Չիլինկիրյան
Չանղըրը:
Կրնաք ֆրանսերեն գրել, բայց հասցեն’ թրքերեն:
Բժշկության մասին գիրք մը ղրկեցեք ինծի: Կհամբուրեմ երեխաները»:
Ձեր ամուսինը՝
Ռուբեն
Շարունակելով գրականացած սերերու մեր խորհրդածությունները, հասնելով մինչև մեր օրերը. իբրև վերջին երկյակ կը փափագինք անդրադառնալ մեր գաղութի վաղամեռիկ բանաստեղծ Պետիկ Հերկելյանի և Սոնյա Թաշճյանի անհասանելի սիրույն:
Սոնյան 17 տարեկան էր և Պետիկ 30, երբ գաղտնորեն սիրահարված էին իրարու: Պետիկն արդեն ինքզինք հաստատած բանաստեղծ, հայագիտական ամբիոնի շրջանավարտ և «Ազդակի» աշխատակից. Իսկ Սոնյան՝ Գ. Գյուլպենկյան վարժարանի ավարտական կարգերու փայլուն ուսանողուհի: Իրար հանդիպիլը գրեթե անկարելի ըլլալով հեռավորության և հեռաձայնի կապի չգոյության պատճառով, անոնց միջև կսկսի նամակագրական սերտ կապ մեկ կողմե համեմված սրտատոչոր խոսքերով, կարոտի և ընկերային այլևայլ դժվարություններու առթած արգելքին դեմ պաշտպանվելու ճիգով: Մյուս կողմե Պետիկ Հերկելյանը կփորձե բանաստեղծություններու ընդմեջեն հայտարարել և միաժամանակ պաշտպանել իր սերն ու սիրուհին: Սոնյան, հազիվ ավարտած երկրորդական վարժարանը, կը հաջողի Բեյրութ փոխադրվիլ իբրև Համազգայինի հայագիտական ամբիոնի գիշերօթիկ ուսանողուհի:
Պետիկ ալ պաշտոնի կկոչվի Ջիբեյլի Թռչնոց բույնը և նորեն իրար հանդիպելու առիթները կմնան շաբաթավերջերը: Բայց այս կիսագաղտնի վայելքն ալ երկար չի տևեր: Երեք ամսվա ժամանակաշրջանե մը ետք Պետիկ կհիվանդանա և մարտ 1987-ին կ’երթա միանալ անմահներու փաղանգին:
Իր մահվան 50-ամյակին առիթով Սոնյա կը հրատարակե գրքույկ մը Պետրոս Հերյան ՀԱՏԸՆՏԻՐ անունով, որում ամփոփված են անտիպ քերթվածներ, հատընտիր էջեր և նամակներ: Սոնյան Պետիկի մահվնե ետք որոշեց հայրենիք հաստատվիլ, ուր և մասնագիտացավ հայագիտական ուսմանց մեջ մագիստրոսի աստիճանով: Անոր ավարտաճառը նվիրված է Պետիկի գրականության: Սոնյան այսօր ծանոթ դեմք է հայրենիքի մեջ իբրև հաղորդավար:
Ընդգծենք անմիջապես, թե Պետիկ ևս հանդուգն էր իր բանաստեղծություններուն մեջ.
Սոնյա
«(և որովհետև’ մեր սերը մտավ մահաքունի մեջ՝
Հարության հույսը կրկին զորացավ…):
Պիտի գամ, Սոնյա,
Երբ թախիծներուդ շողերը վերջին
Իյնան անդունդը դատարկ հոգիիս,
Փամփուշտակալը խաչած իմ կուրծքին՝
Պիտի գա՜մ, Սոնյա
Պիտի գամ, Սոնյա,
Ճիշտ ա’յն պահուն պիտի գամ ես,
Երբ զիս մեռած պիտի կարծեն…»: (անտիպ)
Հրաժեշտեն ետք
«Հրաժեշտեդ ետք՝
Սենյակիս հոգնած պատերը հիմա
Կը ճնշեն վրաս
Քու ստինքներուդ չգոյության պես…:
Քիչ առաջ էր դեռ
և իրակա՞ն էր, որ հոս էիր տուն
և թարթիչներուդ մշուշին մեջ
Ես կը տեսնեի պուտ մը Հայաստան…»: (անտիպ)
Իբրև եզրակացություն կը փափագինք շեշտել, թե մենք հավակնությունը չունինք ներկայացուցած ըլլալու մեր բանաստեղծներու գրականացված բոլոր սերերը, չենք ալ ուզեր շարքը երկարել ու ավելի մանրամասնությանց մեջ մտնել, քանի որ յուրաքանչյուր երկյակ արժանի է առանձին վերլուծության, համաձայն իրապրած պայմաններուն ու ժամանակին: Այլ պարզապես ուզեցինք նախաճաշակ մը տալ մեր մեկ քանի հայտնի բանաստեղծներուն մտերմիկ կյանքին ու զգացումներուն մասին, մանավանդ որ այդ սերերը ու սիրուհիները շարունակած են ապրիլ ու արժևորել այդ վեհ զգացումները և նպաստած անոնց առիթով ծաղկած գրականության:
ԷԼՈ ՀԵՐԿԵԼՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
