Ալեքսանյան. ազատ արձակելուց հետո ինձ ամեն օր մղձավանջի էին ենթարկում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 13:50
«New Times» ամսագիրը հրապարակում է ՅՈւԿՕՍ-ի գործադիր փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի հետ հարցազրույցը, որը գրի է առնվել նրա ազատ արձակվելուց հետո:
2006-ի ապրիլին Մոսկվայի Սիմոնովյան շրջանային դատարանն իր համաձայնությունը տվեց փոխնախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նույն օրն էլ նրան ձերբակալեցին` մեղադրանք առաջադրելով ՌԴ քր. օրենսգրքի երկու հոդվածներով. դրամական միջոցների լվացման և ուրիշի ունեցվածքի հափշտակման համար:
2006-ին նրան ախտորոշել էին ՁԻԱՀ-ի ծանր փուլ: Նրա փաստաբան Լվովան ասել է, որ չի բացառվում , որ հիվանդությունն Ալեքսանյանը ձեռք բերած լինի մինչև ձերբակալությունը կատարված վիրաբուժական միջամտությունից հետո:
Քննչական մեկուսարանում նրա վիճակը վատթարացել է, Ալեքսանյանը գրեթե կուրացել է, հիվանդացել լյարդի քաղցկեղով ու թոքախտով: Չնայած նրա հիվանդությունը միանգամից երեք տարբեր կարգի է եղել, որի համաձայն նրան պետք է ազատեին պատժից կամ էլ հսկողությունից, նախկին փոխնախագահը հետաքննության մեկուսարանում է պահվել գրեթե 2,5 տարի: Եվ միայն 2008-ի դեկտեմբերին են որոշել նրան ազատ արձակել` 50 մլն ռուբլի գրավավճարով, իսկ 2010-ին բավարարել են պաշտպանության միջնորդությունը` քրեական գործը դադարեցնելու մասին` վաղեմության ժամկետի հաշվառմամբ: Հոկտեմբերի 3-ին Ալեքսանյանը մահացավ իր տանը. նա ընդամենը 38 տարեկան էր:
Ալեքսանյանի խոսքով, իշխանությունները նրան հանգիստ չեն թողել նաև ազատ արձակվելուց հետո էլ: «Նրանք ինձ մղձավանջի են ենթարկում ամեն օր: Դրան անհնար է դիմանալ: Նրանք ահաբեկում են այն մարդկանց, ովքեր ինձ հետ են, ովքեր աշխատում են ինձ հետ, ովքեր փորձում են օգնել ինձ: Ես չեմ ցանկանում, որ ինչ որ մեկի համար վատ լինի: Իմ վարորդին 2 անգամ ձերբակալել են, որ իբր նա հետիոտնի է վրաերթի ենթարկել և վթարի վայրից հեռացել: Մինչդեռ մեքենան ավտոտնակում է եղել մեկ շաբաթ: Նրանք նույնիսկ իրենց պատմությունները չեն կարողանում կապակցել ու համաձայնեցնել. մի տեղ մի բան են ասում, մյուսում` այլ: Վարորդս զանգահարում է հիսթերիայի մեջ, ես` փաստաբաններիս»:
«Իշխանություններն ինձ հանգիստ չեն տալիս: Իմ ծնողները խենթանում են: Նրանք վախենում են, որ ինձ նորից կնստեցնեն ու այլևս ազատ չեն արձակի: Նրանք մղձավանջի են ենթարկում բոլորին: Կար մի բժիշկ, որն օգնում էր դիմանալ, ապրել. նույնիսկ նրա մոտ են գնացել: Նրանք երեսիս կանգնում-ասում են, որ ինձ ազատ են արձակել այն հաշվով, որ մեկ տարուց կմեռնեմ: Խնդիրն այն է, որ նրանք ինձ մինչև հիմա թոկով կապած են պահում: Ողջ ունեցվածքս կալանքի տակ է, չնայած այն գործը, որի շրջանակներում կատարվել է կալանքը, դադարեցված է: Ավտոմեքենաներս ու տունս կալանքի տակ են: Ես դրանցից չեմ կարողանում օգտվել: Տանը ապրել չեմ կարող, իսկ ունեցվածքս, որն այն ժամանակ առգրավված էր որպես իրեղեն ապացույց. փող, ժամացույց (ինչը ոչ մի կապ չունի այս գործի հետ), անհետացել է, չնայած պետք է գործին կցված մնային ու վերադարձվեին, եթե գործը դադարեցվում է: Մի խոսքով, նրանք ամեն ինչ գողացել են»:
Նա պատմել է նաև, որ Մեծ Բրիտանիան իրեն երկիր մտնելու թույլտվություն չի տվել: «Իմ բժիշկը Լոնդոնում է ապրում, նա Ստրասբուրգում դատալսմանն ինձ օգնում էր: Ես պետք է Լոնդոն մեկնեմ, նրա մոտ, որպեսզի բժշկական թեսթավորում անցնեմ` հետագա բուժման ընթացքը որոշելու համար: Ես 1993-ից Բրիտանիայում մի 60 անգամ եղել եմ: Ես դրսում շատ եմ եղել, տարբեր բժիշկների եմ այցելել: Ես երբեք ոչ մի տեղ չեմ մնացել, ոչ օգնություն, որ էլ քաղաքական ապսատարան չեմ խնդրել: Իսկ անգլիացիներն ինձ չեն թողնում»,- ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
