Տնտեսվարողները կարագի անվան տակ իրացրել են բուսասերուցքային սփրեդ. Հանձնաժողովը հայտնաբերել է օրինախախտների

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 10, 2011 13:39

ՏՄՊՊՀ մոնիտորինգի արդյունքներով  արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գնի միջև կա խիստ էական տարբերություն:  Խոշոր սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը վաճառվում է  920 դրամից մինչ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում:
Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են սպառողներին
ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրել է կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների ողջ փաստաթղթաշրջանառությունը և հայտնաբերել Է մի շարք խախտումներ: Ապա Հանձնաժողովը վաճառքի մեկ տասնյակից ավելի վայրերից կատարել է կարագի հսկիչ գնում: Գնված մթերքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում էլ լրացուցիչ կերպով հաստատվել են  փաստաթղթերում առկա խախտումները:
Այսպիսով, որոշ դեպքերում կարագի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, որն անհամեմատ էժան է, սակայն այն առևտրի կետերին վաճառել են կարագի անվան տակ: Բացահայտվել են նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ հենց սուպերմարկետը, որը, քաջատեղյակ լինելով, որ ձեռք է բերել  բուսասերուցքային սփրեդ, այն վաճառել է կարագի անվան տակ: Իսկ որոշ դեպքերում էլ սուպերմարկետներում այլ կերպ են մոլորեցրել սպառողներին. Հայտարարել են, որ ակցիայի շրջանակում անհամեմատ էժան գնով վաճառվում է կարագ, բայց, իրականում վաճառել են բուսասերուցքային սփրեդ՝ կարագի համար խիստ էժան, իսկ սփրեդի համար՝ բավականին բարձր գնով:
Տեղեկացնենք նաև, որ բուսական ծագում ունեցող սփրեդի 1 կիլոգրամը կարագից էժան է ավելի քան 1000 դրամով:
Վարչական վարույթ. Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության
Այսպիսով, Հանձնաժողովի որոշմամբ, հարուցվում է վարչական վարույթ՝ օրինախախտ ներկրողների  և իրացնող տնտեսվարողների հանդեպ: Վարչական վարույթի արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի հանրությանը:
ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղար՝
Գայանե Սահակյան

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply