ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստը Երևանում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 10, 2011 13:09

Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 4-րդ նիստը։

Նիստին մասնակցում են ՀԱՊԿ քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղըզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նիստի ընթացքում քննարկվելու են տեխնածին ու բնական աղետների դեպքում հավաքական արձագանքման, միասնական տեղեկատվական-ծրագրային հարթության ձևավորման, համատեղ ուսումնավարժությունների անցկացման, անդամ-երկրներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։

 

Նույն օրը` հոկտեմբերի 11-ին, 10.30-ին Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի կունենա մամուլի ասուլիս` ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի անդամների մասնակցությամբ։

 

Տեղեկանք

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից` 1992 թ. մայիսի 15­ին ստորագրված հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա:

ՀԱՊԿ­ի խնդիրն է պաշտպանել պայմանագրին անդամակցող երկրների տարածքն ու տնտեսական դաշտը, բանակի կամ այլ օժանդակ ստորաբաժանումների միջոցով, ցանկացած արտաքին ռազմաքաղաքական ագրեսորներից, միջազգային ահաբեկիչներից, ինչպես նաև աջակցել խոշոր աղետների դեպքում:

Կազմակերպության գերագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է, որի կազմի մեջ են մտնում անդամակցող երկրների ղեկավարները: Խորհուրդն ուսումնասիրում է կազմակերպության գործունեությանն առնչվող կարևորագույն խնդիրները և ընդունում որոշումներ դրանց իրականացման համար:

Պայմանագիրը կնքվել է 1992 թ. Տաշկենտում` Հայաստանի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև: Հետագայում նրանց են միացել նաև Ադրբեջանը, Վրաստանն ու Բելառուսը, սակայն 1999 թ. Ադրբեջանն ու Վրաստանը հրաժարվել են հետագա համագործակցությունից: Ներկայումս ՀԱՊԿ­ն ունի 7 անդամ-երկիր:

 

 

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply