Ֆրանսիացի պատգամավորը կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքի անվտանգությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 8, 2009 17:33
Աշխատանքային այցով Ստեփանակերտում է գտնվում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ ֆրանսիացի պատգամավորը հայտարարել է, որ Արեւմուտքը պետք է գիտակցի ղարաբաղյան հակամարտության քաղաքական խնդրի էությունը եւ ընգծել է, որ Ֆրանսիայում ոչ ոք չի կարծում, թե միայն ԼՂ կողմից տարվող զիջումների միջոցով է պետք հասնել համաձայնության.
«Մենք չենք կարող վստահել մի պետության (խոսքն Ադրբեջանի մասին է), որը հաստատում է խաղաղության հասնելու իր կամքը եւ միեւնույն ժամանակ հանդես գալիս պատերազմական հայտարարություններով»,-ասաց Ռոշբլուամը եւ շեշտեց, որ խոսքը նաև իրար հաջորդած 2 նախագահների մասին է`«ամենատարրական հասարակական ազատությունների նկատմամբ թշնամանքով լցված հոր եւ որդու մասին, ովքեր ցուցաբերում են տրված խոսքը հարգելու շատ հարաբերական մոտեցում»:
Ռոշբլուանը Կասպից ծովի նավթային պաշարների նկատմամբ ոչ անտարբեր «որոշ» Եվրոպական պետություններին առաջարկում է ղարաբաղյան հակամարտության հարցում հիմնվել պարզ նպատակների վրա.
«Ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքի անվտանգությունը, որովհետեւ ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ապրել մի տարածքի վրա, որը վերջինիս ինքնության մասն է կազմում»,-ասաց է ԵԽԽՎ Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահը եւ ավելացրեց, որ շատ կարեւոր է նաեւ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ մշակութային ինքնության նկատմամբ միջազգային հարգանքը.
«Հայկական անցյալի վկաների ավերումը, ինչպես, օրինակ, Նախիջեւանի խաչքարերի դեպքը, անընդունելի են»,-այսպես եզրափակեց Ռոշբլուանը:
1988 թ-ից սկսած` 4 անգամ վերընտրված ֆրանսիացի պատգամավորն ասաց նաև, որ ինքը Հայ դատի հավատարիմ սատարողներից մեկն է, ինչպես նաեւ այն պայքարի, որ մղվում է ԼՂ ազատության եւ ամբողջականության համար. «Այս հարցը իմ ստանձնած քաղաքական պարտականությունների կոնտրոնում է իմ առաջին պաշտոնավարումից ի վեր»,-նշեց Ռոշբլուանը:






Facebook
Tweet This
Email This Post
