«Le Figaro». ղարաբաղյան խառնաշփոթ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2011 10:49

NEWS.am -ը ներկայացնում է  ֆրանսիական «Le Figaro» պարբերականում հրապարակված Պիեռ Ավրիլի հոդվածը.

«Կարծես Նիկոլա Սարկոզիին ապացուցելու համար, թե որքան պայթյունավտանգ է մնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում,  չորեքշաբթի երեք զինվոր է մահացել շփման գծում,  որը ինքնահռչակ հանրապետությունը բաժանում է Ադրբեջանից:  Այդ խրամատների երկայնքով, որտեղ հաստատվել են դիպուկահարներ, երկու զինվոր, ըստ Բաքվի մեղադրանքի,  սպանվել է «հայկական կրակից»: Ի պատասխան Երեւանը հայտարարեց, որ մեկ հայ զինվոր սպանվել է ադրբեջանական գնդակից: Հունվարից սկսած` մոտ քսան զինվոր եւ քաղաքացիական անձ է  սպանվել` ստիպելով դիվանագետներին խոսել հասունացող պատերազմի մթնոլորտի մասին: Ադրբեջանը, որը Ղարաբաղը ժառանգել էր ստալինյան շրջանում, չկարողացավ այն ուժով գրավել 1992թ. սկսած պատերազմի ավարտին, որը խլեց  ավելի քան 22 000 մարդու կյանք: Այդ վիրավորանքը Բաքուն չի մարսել, եւ այդ պահից անզորությամբ հետեւում է տարածքի լիակատար «հայացմանը»:

Մինսկի խմբում հավաքված ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանն ի զորու չեն վերսկսել կայուն հրադադարի վերաբերյալ բանակցությունները: Մոսկվան առաջարկել էր հատուկ միջնորդ լինել, բայց ապարդյուն:  Հունիսին Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի նախագահն ու նրա ադրբեջանցի գործընկերը չկարողացան ընդունել «հիմնարար սկզբունքները»:

Այս ընթացում աճում են փոխադարձ մեղադրանքները:  Երեւանը Բաքվին մեղադրում է նավթադոլարներն իր ռազմական պոտենցիալի ամրապնդմանն ուղղելու եւ նոր պատերազմ հրահրելու մեջ: Ղարաբաղի հայերն էլ, ովքեր թերահավատորեն  են վերաբերվում Մինսկի խմբի կողմից ընդունված բանակցային սկզբունքներին,  Հայաստանի եղբայրներին իրենց հարցի նկատմամբ շահագրգռվածության բացակայության մեջ են մեղադրում: Իր հերթին Բաքուն կասկածի տակ է առնում Ռուսաստանի` Հայաստանի գլխավոր ռազմական հովանավորի չեզոքությունը: Ադրբեջանցի երիտասարդությունը, որը երկրում շատ ազդեցիկ է, որպես հիմնական պահանջ է ներկայացնում Ղարաբաղի տարածքի վերադարձը:

Ադրբեջանը երբեմն Ֆրանսիային կասկածում է նրանում, որ վերջինս Հարավային Կովկասում իր քաղաքականությունը վարում է` հաշվի առնելով երկրի ազդեցիկ հայ համայնքի գործոնը, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղին:

«Հուսով ենք, որ Փարիզը խաղաղության եւ արդարության սկզբունքները բարձր կդասի անձնական շահերից»,-ասել է  պատգամավոր Ֆուադ Մուրադովը,  ով ԵՄ հետ համագործակցության հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է:

Հայաստանը ձգտում է օդային հաղորդակցություն հաստատել Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ,  ինչը Բաքվի համար պատերազմի առիթ կարող է դառնալ: Նախանշանները շատ են, մնում է հույսը կապել դիվանագիտության  հետ, որպեսզի  հրդեհը չբռնկվի վաղը»:

 

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply