Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էջմիածին` մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2011 23:23

Հանրապետության ղեկավարն  այցելել է  վերջերս հիմնանորոգված  Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարան, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դիտել  թանգարանի ցուցադրությունները: Թանգարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահին՝ այն աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ զգալիորեն բարելավել թանգարանային պայմանները:

Սերժ Սարգսյանն Էջմիածնում նաև հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին՝ ծաղիկներ դրել Արցախի հերոսամարտի հուշարձանին: Նախագահն այնուհետև մասնակցել է Էջմիածնի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստին: Տոնի առթիվ, Էջմիածնի ավագանու որոշման հիման վրա, Սերժ Սարգսյանին շնորհվել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Հանրապետության ղեկավարը նախ շնորհավորել է բոլոր էջմիածինցիներին՝ քաղաքի տոնի կապակցությամն, ապա իր շնորհակալական խոսքում ասել.

«Այս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալն ինձ համար մեծ պատիվ է: Մեծ պատիվ է` որովհետև Էջմիածինը նախ համայն հայության հոգևոր կենտրոնն է, երկրորդ` Էջմիածինը մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքի մայրաքաղաքներից մեկն է և երրորդ, որ պակաս կարևոր հանգամանք չէ՝ մեր անկախության կերտման գործում էջմիածինցիների վաստակը շատ մեծ է: Էջմիածնի զավակները մեր հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել նաև երեկվա պայծառ իրադարձության` մեր ֆուտբոլի հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ: Սա մեկ անգամ ևս ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, թե ինչի կարող ես հասնել, երբ ջանքերը համատեղում ես, ունես նպատակ և դեպի այդ նպատակը գնում ես հաստատուն քայլերով»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Սերժ Սարգսյանը էջմիածինցիների հետ հանդիպմանը խոսել է նաև  Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքների մասին: Նշելով, որ Ֆրանսիան մեծ ութնյակի և նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է` Հանրապետության ղեկավարն ասել է, որ այդ երկրի նախագահի Հայաստանում արված հայտարարությունները չեն կարող պահի տակ ասվել կամ ինչ-որ մեկին դուր գալու համար:

«Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, թե ինչպես էին երեք տարի առաջ մեզ փորձում մեղադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացն սկսելու համար: Եվ ամենամեծ  մեղադրանքներից մեկն այն էր, որ այդ նախաձեռնությամբ մենք կասկածի տակ ենք առնում Հայոց ցեղասպանության խնդիրը, փլուզում ենք Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Ինչպես կյանքը ցույց տվեց`այդ մեղադրանքները ոչինչ չարժեին այն ժամանակ: Կարծում եմ հիմա մեր հայրենակիցները հասկացան, որ այդ մեղադրանքները որևէ հիմք չունեն»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

 

 

 

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply