Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Տավիտյան հիմնադրամի» նախագահ Ասո Տավիդյանի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 9, 2011 10:07


Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց «Տավիտյան հիմնադրամի» նախագահ Ասո Տավիտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի տնօրեն Սթեֆըն Բոսվորթը, Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները եւ Տավիտյան հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ասո Տավիտյանին ՀՀ Նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով  պարգեւատրվելու կապակցությամբ եւ երախտագիտություն հայտնեց նրան՝ «Տավիտյան հիմնադրամի» աջակցությամբ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում երիտասարդ դիվանագետներին վերապատրաստվելու համար:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ ըստ ՀՀ ԱԳՆ եւ Տավիտյան հիմնադրամի ու Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀՀ ԱԳՆ 15 դիվանագետներ այժմ վերապատրաստվում են Ֆլետչերում: Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը շարունակական բնույթ կկրի` նշելով, որ այդ հեղինակավոր կրթօջախում հայ դիվանագետները ձեռք են բերում ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլ կապեր հաստատում աշխարհի տարբեր երկրների իրենց գործընկերների հետ: Նա ասաց, որ ԱԳՆ-ին «Տավիտյան հիմնադրամի» մշտական աջակցությունը մարմնավորում է նաեւ այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական գերատեսչության գրադարանն անվանակոչված է հենց Ասո Տավիտյանի անունով:

Շնորհակալություն հայտնելով Էդվարդ Նալբանդյանին «Տավիտյան հիմնադրամի» աշխատանքները բարձր գնահատելու համար՝ Ասո Տավիտյանը հավաստիացրեց, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերը եւ համագործակցությունը ԱԳՆ հետ:

Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցած շրջայցի ժամանակ արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ծանոթացրեց ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի աշխատանքներին, կառուցվածքին: Հյուրերը նշեցին, որ տպավորված են Դիվանագիտական դպրոցի գործունեությամբ եւ կարճ ժամանակահատվածում արձանագրված հաջողություններով:

 

 

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply