Թաթուլ Մանասերյան. «Հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսությունը վնաս կկրի»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 16:53

Թաթուլ ՄանասերյանՀայ-թուրքական հարաբերությունների տնտեսական կողմի մասին խոսելով`պետք է արձանագրել միայն դրանց օրինականացումը. այսօր այս կարծիքը հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Վերջին տարիներին Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը հետզհետե աճում է: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեկ քառորդը բաժին է ընկնում Թուրքիային: «Բնականաբար, խոսքը վերաբերում է միայն ներմուծմանը, քանի որ Հայաստանը Թուրքիային առաջարկելու մրցունակ ապրանքներ չունի»,- ասում է Մանասերյանը:

Նա ասում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առաջին հերթին բխում է Թուրքիայի շահերից, «քանի որ Թուրքիան տասնամյակներ շարունակ ձգտում է ընդգրկվել ԵՄ-ում և պարտավոր է ապացուցել արտաքին աշխարհին, որ ինքը ոչ միայն քաղաքակիրթ, այլև բաց տնտեսություն ու բաց սահմաններ ունեցող պետություն է»:

Իսկ Հայաստանը, բացելով սահմանները, տնտեսական առումով կարող է հայտնվել ոչ շահավետ պայմաններում:

Մանասերյանն ասում է, որ Թուրքիայի ընկերությունների գերակշիռ մեծամասնությունն աշխատում է օտարերկրյա կապիտալով, որի հետ հայկական արտադրողը չի կարող մրցել. «մանավանդ որ Հայաստանում ներմուծում-արտահանում հարաբերակցությունը 7-ը 1-ի է,և մենք ուղղակի կարող ենք կորցնել տեղական արտադրողին»,- ասում է նա:

Մանասերյանն ասում է, որ տեղական արտադրությունը վտանգված կլինի բոլոր ոլորտներում, բացի էլէկտրաէներգիայի արտադրությունից: «Միայն էլէկտրաէներգիայի արտադրությունում Հայաստանը կարող է շահել,- ասում է տնտեսագետը,- ընդ որում` միգուցե այնքան, որ, հնարավոր է, փակի մյուս ոլորտներում կրած վնասը, քանի որ Թուրքիան էլ էներգիայի մեծ դեֆիցիտ ունի, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանն այդ ոլորտի միակ արտադրողն է»:

Ըստ Մանասերյանի` երբ բացվի սահմանը, թուրքական ապրանքների գները կիջնեն, քանի որ  Հայաստանն այժմ դրանք ստանում է Վրաստանի տարածքով, ինչը բարձրացնում է գինը, հետևաբար հայ սպառողը դեռևս հնարավորություն ունի ընտրություն  անել  հայկական ու թուրքական ապրանքների միջև:

Տնտեսագետն այս մարտահրավերներին դիմակայելու համար կառավարությունից մեծ ակնկալիքներ չունի:

Ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, Մանասերյանը երկու պետությունների միջև սահմանները բացելու գործընթացը համարում է մեծ նվաճում. «սակայն ամեն ինչ պետք է արվի արժանապատվորեն ու առանց հապճեպ քայլերի»:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply