Այդ խմորը դեռ շատ ջուր կուզի կամ մախաթը պարկում երկար չես պահի
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 8, 2011 14:50Անցած շաբաթ կայացավ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստը` հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեց Ա.Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (նախկինում Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամ դարձնելու հարցը: Իսկ մինչ այդ Հանրային խորհուրդը ինստիտուտի 70 գիտաշխատողների ստորագրությամբ և 12 կետից բաղկացած դիմում-բողոքի փաթեթ էր ստացել: Մտահոգությունը ինստիտուտի կարգավիճակի փոփոխությունն է: Նման նամակներ են ուղարկվել նաև հանրապետության նախագահին ու վարչապետին: Իսկ մինչ այդ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` հարցը քննարկելու համար: Անցած ուրբաթ աշխատանքային խմբի առաջին հավաքն ու քննարկումն էր:
Ներկաները նախ փորձեցին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել ու կատարվում ավանդույթներով հարուստ ու ոչ անհայտ ինստիտուտի պատերի ներսում:
Սեպտեմբերի 1-ին ընդունվել է կառավարության թիվ1301-Ն որոշումը, ըստ որի` ինստիտուտը հիմնադրամ պիտի դառնա: Ու քանի դեռ չի հաստատվել հիմնադրամի կանոնադրությունը, կոլեկտիվը հավատացած է, որ ինչ-որ բան կարելի է փոխել:
Անչափ լուրջ վերաբերվելով խնդրին` իրավաբանների օգնությամբ նրանք բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել այդ գործընթացում: Ֆիզիկայի ինստիտուտը պետական կազմակերպությունից վերածվում է մասնավոր իրավունքի սուբյեկտի, ինչը հիմնավորված չէ և հակասում է գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքին: Մտավախություններից մեկն էլ այն է, որ հոգաբարձուների խորհուրդը կարող է փոխել հիմնադրամի կանոնադրությունը, նույնիսկ անվանումը, թեմատիկան: Իսկ եթե հաշվի առնենք, որ հոգաբարձուների խորհուրդը կարող է բաղկացած լինել գիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդկանցից, միակ սահմանափակումը, թերևս, 18 տարին լրացած լինելն է, ապա կոլեկտիվի մտահոգությունը միանգամայն հասկանալի է: Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ պետական գիտական կազմակերպություններն ունեն օրենքով սահմանված այնպիսի արտոնություններ, ինչպիսիք չունեն մասնավոր կազմակերպությունները, քանզի` գիտության բազային ֆինանսավորումը հատկացվում է միայն գիտական պետական կազմակերպություններին:
«Այնպես որ, եթե կառավարությունը որոշի մեզ գումար տալ, մեղմ ասած, դա այնքան էլ չի բխի օրենքի շահերից»,- վստահեցնում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ասատրյանն ու փաստում, որ այդ որոշումը ոչ միայն զարգացման ծրագիր չունի, այլև հիմնավորված չէ համապատասխան գիտական կամ ներդրումային ծրագրով:Հիմնադրամը կազմավորվում է այն դեպքում, երբ ինչ-որ գործարարներ փող ունեն և ուզում են գործի մեջ դնել, որի ինչպես ղեկավարը, այնպես էլ հոգաբարձուների խորհրդի կազմն իրենց վստահելի մարդիկ են լինում, ու իրենց գործն անում, ասում է Հրաչյա Ասատրյանն ու մի հռետորական հարց հնչեցնում. « թե որտե՞ղ են այդ գործարարները, ոչ մի բան չենք լսել, որովհետև դրանք չկան: Ոչ մի հիմնավոր փաստարկ չենք լսել, միայն լսել ենք, որ հիմնադրամը այնքան էլ վատ չէ», հավատացնում է պ-ն Ասատրյանը: Իսկ թե ի՞նչ նպատակով է ստեղծվում այդ հիմնադրամը, ո՞վ է ֆինանսավորելու` այդպես էլ երկու անհայտով հավասարում մնաց: Հունիսի վերջին, երբ կոլեկտիվի հետ առաջին անգամ հանդիպեց ՀՀ ԿԲ-ի նախագահի օգնական և հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանը և ներկայացրեց ինստիտուտի ճակատագիրը, աշխատակիցները որևէ հիմնավորում չստացան, ինչն էլ խորացրեց հիասթափությունը:
Բայց այդ ֆոնին անչափ տարօրինակ էր ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանի պահվածքն ու լավատեսությունը: Տպավորություն ստեղծվեց, որ նա ամենևին էլ այդ ինստիտուտի տնօրենը չէ, որն իր բազմաթիվ խնդիրներով վերջին շրջանում հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Թեև մի փոքր մտահոգոթյուն, ինչու չ՞է, ուներ, դա, ըստ էության, բարձրացված աղմուկն է, բայց հավատացած է, որ հիմնադրամի միջոցով կարող է ճկուն համակարգ ստեղծել, որովհետև «գումարներն արդեն սկսել են գալ»: Իսկ թե ինչ գործունեությամբ պետք է զբաղվի նորաստեղծ հիմնադրամը, համառորեն թաքցնում էր` «չգիտեմ, չեմ կարող ասել» խոսքերով: Արդյո՞ք տնօրենն է միամիտ, թե ներկաներին էր միամտի տեղ դնում:
Այստեղ էլ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի նյարդերը տեղի տվեցին. «Ինչպե՞ս չգիտեք, դա իզոտոպների արտադրությունն է, դա օնկոլոգիական կենտրոնի ստեղծումն է, դա միլիոններ կբերեր, մենք մի երկու այդպիսի ծրագիր ունենք: Երիցյանի նման ակտիվ մարդիկ մտածեցին` որ դա է ճանապարհը: Թող ստեղծեն, բայց ոչ հիմնարար գիտության հաշվին»,- ասաց ակադեմիկոսը:
Արշակ Սադոյանն էլ հիշեցրեց, որ այդ ծրագիրը պիտի իրականացներ Ազգային մրցակցության հիմնադրամը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մտահոգությունն առավել անկեղծ էր ու խորհելու տեղիք է տալիս, որովհետև 1,5 ժամ տևած քննարկման ժամանակ այդպես էլ հայտնի չեղավ, թե ինչու փոխվեց կարգավիճակը, ինչն էր պատճառը: «Կարող է կա, մենք չկարողացանք հասկանալ: Այստեղ որևէ փաստարկ չբերվեց այն փոխելու մասին: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորումը երկու անգամ ավելացնելուն, հաջորդ տարի էլ կարող է երկու անգամ ավելանալ, բայց մյուս տարի էլ կասեն` ունեցվածք ունեք, այն ծախեք ու ապրեք: Եվ դրանով ֆիզիկայի ինստիտուտից միայն մի լաբորատորիա կմնա»,- ասաց ՀԽ նախագահն ու վստահեցրեց, որ քննարկումները շարունակվելու են, Հանրային խորհրդի 36 անդամները հարցը կքննարկեն ու որոշումը հանրապետության նախագահին և վարչապետին կուղարկեն:
Իսկ թե տնօրենի նման լավատեսությունն ինչով է բացատրվում, ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ռոբերտ Մկրտչյանը հայտնեց հետևյալը. «Երբ առաջին անգամ ինստիտուտ եկավ Ներսես Երիցյանը, հայտարարեց, որ եկած գումարների 90 տոկոսը հիմնարար գիտությանը, իսկ 10 տոկոսը կիրառական ծրագրերին կտրամադրվեն: Խոսքն, իհարկե, պետական ֆինանսավորման մասին է: Մինչդեռ մեր գիտական խորհուրդը պետք է որոշի, թե գիտական որ ուղղությունը որքան ֆինանսավորվի: Մենք հիմնարար գիտությամբ զբաղվող ինստիտուտ ենք և մեզ զրկում են այդ տանիքից և տալիս մի կարգավիճակ, որը չի համապատասխանում հիմնարար գիտությամբ զբաղվող ինստիտուտին»: Քննարկումից ակնհայտ դարձավ, որ բոլորը, բացի ինստիտուտի երեքամյա տնօրենից` դեմ են նոր տարբերակին: Իսկ այդ հանգամանքը Ռոբերտ Մկրտչյանը հետևյալ կերպ հիմնավորեց.« որովհետև ինքը նշանակված է պ-ն Երիցյանի կողմից, և դա զարմանալի չէ»:
Հ.Գ. Դժվար չէ կռահել, որ մեծ գումարներ շրջանառելու ծրագրեր կան: Իզոտոպների արտադրությունը դա է պահանջում: Օրինակ` վերջերս ամերիկյան կառավարությունը այդ նպատակի համար Կիևին 60 միլիոն դոլար տրամադրեց: Գուցե մերոնք էլ նման ակնկալիք ունեն, սակայն տարօրինակն այն է, որ դա գաղտնի են պահում: Մի՞թե չգիտեն, որ մախաթը պարկում երկար պահել չես կարող: Հուսանք, որ քննարկման թեմա դարձած շատ հարցերի պատասխան, այնուամենայնիվ կստանանք պ–ն Երիցյանից: Հուսանք, որ նրան ուղարկված մեր նամակի պատասխանը շատ չի ուշանա:







Facebook
Tweet This
Email This Post
