Հայաստանը հրաժեշտ է տալիս Վանուշ Խանամիրյանին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 8, 2011 13:04
Հայ պարարվեստի լեգենդ, վաստակաշատ արտիստ Վանուշ Խանամիրյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հուղարկավորությունը նախատեսված է Երեւանի քաղաքային պանթեոնում: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին կառավարական հանձնաժողովից:
Հիշեցնենք, որ հայ ազգային պարարվեստի երախտավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Վանուշ Խանամիրյանը վախճանվել է կյանքի 84-րդ տարում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:
Նշենք, որ Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, Երեւանում: 1935-1941 թթ. սովորել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանում:
Դեռեւս ուսումնառության տարիներից` 1939 թվականից է սկսվել նրա բեմական առաջին քայլերը, որոնք պսակվեցին հաջողությամբ եւ կանխորոշեցին հետագա ամբողջ ստեղծագործական ուղին` «Անուշ», «Երջանկություն», «Ալմաստ» բեմադրություններում: Տասնյակներով կարելի է թվարկել այն բեմադրությունների ցանկը, որոնցում հանդես է եկել կամ որոնք բեմադրել է անվանի բալետմայստերն ու պարուսույցը` «Գայանե» (Նեսո), «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ» (Սպարտակ), «Լոռեցի Սաքոն»(Սաքո), «Ռայմոնդա» (Աբդուրախման), «Խանդութ» (Սասուցի Դավիթ), «Կարապի լիճը» (Իշխան) եւ այլն:
Իսկ առաջին գլխավոր դերը Վ. Խանամիրյանը կատարել է 1941 թ. «Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ: 1941-1969 թթ. նա եղել է օպերային թատրոնի գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների կամ գլխավոր կատարողը կամ էլ բեմադրիչը: Վ. Խանամիրյանը շուրջ քառորդ դար՝ 25 տարի (1968-1992թթ.), հանդիսացել է Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր բալետմայստերը՝ ստեղծելով տասնյակ նոր պարային բեմադրություններ. «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Ա. Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք` «Սասուն» եւ այլն: Արվեստի նվիրյալի կյանքում կարեւոր տեղ է գրավել նաեւ մանկավարժական գործունեությունը: Նրա սաներից շատերը Հայաստանից դուրս հաջողությամբ ստեղծել են Վարպետի անունը կրող պարախմբեր՝ մեծ ներդրում ունենալով հայապահպանության դժվարին գործում: 2000 թվականից մինչեւ իր կյանքի վախճանը հիմնադրել եւ անփոփոխ ղեկավարել է Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը: 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ բոլորովին վերջերս՝ 2010 թվականին, «Բարդիներ» պարախումբը:






Facebook
Tweet This
Email This Post
