Թեհրանի հայ համայնքի խնդրանքով`«Արմավիա»-ն կիրականացնի Երևան-Թեհրան չվերթ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 8, 2009 17:10

Թամարա Ղազարյան և Սերգեյ Խառատյան

Թերեզա Ղազարյան և Սերգեյ Խառատյան

Այսուհետ Երևան-Փարիզ-Երևան չվերթի ուղևորները կկարողանան երկկողմանի տոմսեր գնել շաբաթվա ցանկացած օրվա համար` անկախ այն բանից, թե տվյալ օրը որ ավիաընկերությունն է չվերթ իրականացնում· այս ուղղությամբ ավիափոխադրումներ իրականացնող «Արմավիա» և «Էյր Ֆրանս» ընկերությունների միջև պայմանագիր է կնքվել· այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ղազարյանը:

Այժմ շաբաթական 2 անգամ Երևան-Փարիզ չվերթ իրականացնում է «Արմավիան», 3 անգամ` «Էյր Ֆրանսը»: Ղազարյանն ասում է, որ ընկերությունը նախատեսում է ավելացնել չվերթների քանակը մինչև շաբաթական 5 անգամ:

Ղազարյանն ասում է, որ Երևան-Փարիզ-Երևան չվերթը միշտ ծանրաբեռնված է, և ակնկալում են, որ ուղևորները չվերթների ավելանալուն զուգահեռ կշատանան· այսօր շատերը Փարիզ են մեկնում միջնորդավորված չվերթներով:

Նրա խոսքով` երկու ընկերությունները գնային համատեղ քաղաքականություն կմշակեն` մրցակցային հավասար պայմաններ ապահովելու համար: Ըստ Ղազարյանի` երկկողմանի չվերթի տոմսը գնային առումով ավելի մատչելի կլինի, քան այսօր առանձին-առանձին մեկնելու և վերադարձի տոմսեր գնելը:

«Ընդհանրապես, ավիափոխադրումների բարձր գները Հայաստանում պայմանավորված են իրողությամբ, որ այստեղ շատ թանկ է նավթը, սպասարկման ծառայությունները»,- ասում է «Արմավիա»-ի թռիչքային ծառայության փոխտնօրեն Սերգեյ  Խառատյանը` հավելելով, որ դեպի Հայաստան թռիչք իրականացնողները խուսափում են այստեղից վառելանյութ գնելուց, մինչդեռ «Արմավիա»-ն նավթ է գնում Երևանից:

Ընկերությունը նախատեսում է նաև առաջիկայում նոր` ուղիղ չվերթ բացել Երևան-Լոս-Անջելես ուղղությամբ: Խառատյանն  ասում է, որ չվերթը կսկսեն իրականացնել նոր` «A 330» ինքնաթիռ ձեռք բերելուն պես:

Ըստ Ղազարյանի` այս տարվա ընթացքում կգործարկվի նաև Երևան-Թեհրան չվերթը: Թեհրանի հայ համայնքն է դիմել «Արմավիա»-ին` պահանջելով, որ ազգային ավիափոխադրողն իրականացնի չվերթը:

Խառատյանը տեղեկացրեց, որ ընկերությունն ունի ինքնաթիռների բավարար քանակ. այս տարի ձեռք է բերել 1 «Airbus 319», դեկտեմբերին էլ կունենա սուպերջեթ ինքնաթիռ: Խառատյանը նաև նշեց, որ չունեն մասնագետների պակաս· օդաչուներն աշխատում են ամսեկան 80 ժամ և տարեկան 860 ժամ ծանրաբեռնվածությամբ, ինչը նվազագույն ցուցանիշ է միջազգային պրակտիկայում:

Դիտվել է 2110 անգամ:
Print Friendly

Leave a Reply