Հայաստան-Մակեդոնիա` 4:1. Մակեդոնական արգելքը հաղթահարվեց, առջևում իռլանդականն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 7, 2011 22:12

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ 4:1 հաշվով եւ սպասում է ավելի ուշ կայանալիք Սլովակիա – Ռուսաստան եւ Անդորա – Իռլանդիա հանդիպումների հաշվին: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման հաշիվը Հայաստանի հավաքականը բացեց 28-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը շրջանցեց երեք պաշտպանների, հետփոխանցում կատարեց եւ Մարկոս Պիզելին գրավեց Մակեդոնիայի դարպասը:

Մարկոս Պիզելիի գոլից ընդամենը վեց րոպե անց` 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռու տարածությունից գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն երկու դեպքում էլ հարվածը ուժեղ չստացվեց եւ դարպասապահը փրկեց դրությունը:

53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկոսկին եւ Մակեդոնիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով:

Դեղին քարտ ստացավ նաեւ Կարլեն Մկրտչյանը, որը սեպտեմբերի 11-ին բաց կթողնի Դուբլինում կայանալիք Իռլանդիայի հավաքականի հետ վճռական հանդիպումը:

69-րդ րոպեին երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Յուրա Մովսիսյանը, իսկ հաշիվը 3:0 դարձրեց Գեւորգ Ղազարյանը:

Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը: Աչքի ընկավ Վանչե Շիկովը:

Ավելացված առաջին րոպեին Արթուր Սարկիսովը փոխանցում ստացավ Յուրա Մովսիսյանից, հետեւում թողեց երկու պաշտպաններին ու դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 4:1:

Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով եւ B  խմբում 17 միավորով հավասարվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Ռուսաստանին: Հայաստանի հավաքականը 9 հանդիպումներում խփել է 21 գոլ, բաց է թողել ընդամենը 8 գնդակ:

Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply