Միգրացիայի խնդիրները ՀԽ հանձնաժողովի ընդլայնված նիստում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 7, 2011 19:41

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կդիմի կառավարությանը՝ առաջարկելով յուրաքանչյուր տարի պետբյուջեում գումար հատկացնել ներգաղթի և արտագաղթի ճիշտ հաշվեկշիռն ու համապարփակ վերլուծությունը կազմելու համար՝ սկսած 2012թ. տնտեսական տարվանից:

 

Այս մասին Վազգեն Մանուկյանը խոսեց ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի ընդլայնված նիստում՝ միգրացիոն խնդիրների շուրջ քննարկման ավարտին: ՀԽ հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովը՝ Կորյուն Առաքելյանի գլխավորությամբ,  մի քանի ամիս է, ինչ տարբեր մակարդակներում ուսումնասիրում և լսումներ է կազմակերպում, թե ճշգրիտ և իրական ի՞նչ չափերի է հասնում երկրից արտագաղթը, որոնք կարող են լինել արտագաղթին նպաստող պատճառները և ինչպե՞ս կարելի է վերացնել դրանք: Մոտ օրերս հանձնաժողովն այս հարցով կմեկնի Շիրակի հարզ, ապա՝ Սյունիք:

 

Այսօրվա նիստում տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ 2008-ից ի վեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համապարփակ վերլուծություններ չեն արել այս ոլորտում, ի տարբերություն դրան նախորդած շրջանի: Նույն տվյալները վկայակոչելով՝  այսպիսի պատկեր ներկայացրեց. 1988-2001թթ. Հայաստանից արտագաղթել է 1միլիոն 100 հազար մարդ ( այդ փուլում մարդկանց ամենամեծ հոսքը Հայաստանից եղել է 1992-1994թթ.՝ 1 միլիոն մարդ, որից հետագա տարիներին վերադարձել է մոտ 370 հազար մարդ) : 2002-2007թթ. ՝150 հազար մարդ: 2008թ.-ից հետո արտագաղթի ճշգրիտ թվերի շուրջ վերլուծություններ անելու համար Գագիկ Եգանյանն ասաց, որ ուղիներ որոնում են: Մեկ այլ ուղի է՝ սպասել առաջիկայում անցկացվելիք մարդահամարի արդյունքների հրապարակմանը:

 

Ամեն դեպքում, նա առանձին տվյալներ բերեց, որոնցով վերջին տարիներին արտագաղթի ՙմեծ ալիքների՚ մասին վկայող թվեր առայժմ չեն երևում: Տարածքային կառավարման փոխնախարար Արայիկ Բախշյանը համաձայնեց, որ որոշ թվային ցուցանիշներ արտագաղթի ինչ-ինչ աճ ցույց տալիս են վերջին տարիներին, բայց. ՙ Բայց ՙաղետալի չափերով ահագնացող ալիքների մասին լուրերը չափազանցություն են՚ մյուս կողմից՝ ՙ Չկա այդպիսի բան, որ թվերը մեծանում են, և կառավարությունը մտահոգ չէ՚: Նրա խոսքով, հեռու ապագայի խնդիր է զարգացած երկրներից ավելի լավ պայմաններ ստեղծելը, որպեսզի մարդիկ նախընտրեն չհեռանալ, բայց կառավարությունը դեպի այդ հեռու ապագան գնալու ուղղությամբ է աշխատում:

 

ՀԽ անդամներ Կարինե Դանիելյանը, Ելենա Վարդանյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Սիմոնյանը խոսեցին որակական արտահոսքի վերլուծություն անելու անհրաժեշտության մասին՝ դա կարևորելով թվայինից: ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանի կարծիքով, միգրացիոն ծառայության բուն խնդիրը չէ արտագաղթը, և պետք է կառավարությունում առանձին կառույց կամ անձ զբաղվի և պատասխանատու լինի արտագաղթի խնդիրներով:

 

Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, ըստ ուսումնասիրությունների, Գագիկ Եգանյանը վկայաբերեց հարցումների արդյունքում պարզված առաջին չորսը՝ աշխատատեղերի բացակայություն, բարձր վարձատրվող աշխատատեղերի բացակայություն, մասնագիտական աշխատատեղերի բացակայություն, գործարարությամբ զբաղվելու առողջ մթնոլորտի բացակայություն:

 

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն այսպես ամփոփոեց. ՙԵրբ մամուլում սկսեցին խոսել ՙաղետալի չափերի հասնող արտագաղթի մասին՚, Հանրային Խորհուրդը երկմտեց՝ միառժամանակ դադարեցնե՞լ արդեն սկսած ծրագրերը (գյուղատնտեսական և  արդյունաբերական,  հարկային ու մաքսային պարզեցումներ, օլիգարխիկ մոնոպոլիաների դեմ պայքար, մանր ու միջին բիզնեսին աջակցություն ) ու այս հրատապ խնդրին ՙշտապ օգնությա՞ն՚ վերաբերմունք ցույց տալ: Հիմա արդեն պարզ է՝ մենք պետք է հետևողակնորեն վերադառնանք մեր աշխատանքին, ու քայլ առ քայլ գնանք մեր այդ ծրագրերի կատարմանը, քանի որ, մի անգամ ևս պարզ դարձավ, որ դրանք արտագաղթի պատճառները վերացնող պայմաններ կստեղծեն՚:

 

ՀԽ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ արդյունաբերության զարգացման հարցով էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության շրջանակներում առաջիկայում կքննարկվի արտահանման հայեցակարգը:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

7, հոկտեմբեր, 2011թ.

 


Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply