Թե ինչպես աշխատանքը տոնի վերածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 7, 2011 18:11


Ցավոք  միշտ չէ, որ հաջողվում է աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում ես: Այս դրությունից երկու ելք կա. կա՛մ փոխել աշխատանքը, կա՛մ էլ… փորձել սիրել այն:

Սիրուց մինչև ատելություն

Իրականում աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը  տարբեր փուլեր է ունենում. մե՛կ այն սիրում ենք, մե՛կ ձանձրույթից տառապում, մե՛կ էլ անտարբեր դառնում: Եվ դա շատ նման  է սիրելի  մարդու հետ հարաբերություններին: Այնպես որ  շուտափույթ  եզրակացություններ կատարել և կտրուկ որոշումներ կայացնել  չարժե: Պարզաբանումների համար  պետք է ազնվորեն պատասխանել  հետևյալ հարցերին. ձեր  աշխատանքում հատկապես ի՞նչը ձեզ դուր չի գալիս, ինչպե՞ս կարող եք այն փոխել և ինչո՞ւ մինչև այժմ այլ աշխատանքի չեք տեղափոխվել:

Ոչ թե աշխատանք,  այլ ընկերություն

Կան մարդիկ, ովքեր աշխատանքի նկատմամբ պրագմատիկ, զուսպ, ռացիոնալ վերաբերմունք ունեն, նրանց համար ամենակարևորն այն է, թե ինչով են իրենք զբաղվում: Նման մարդիկ ամենևին էլ նվաճումների չեն ձգտում, բայց միշտ անում են միայն այն, որն ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ են համարում: Նրանք զարգացած պատասխանատվության, պարտքի զգացում ունեն,  հենց այդ զգացումներն էլ գերակա են հույզերից: Այս տեսակի մարդիկ կարող են աշխատել ցանկացած պայմաններում, եթե այդ աշխատանքը նրանց սրտով է: Կան մարդիկ, ում համար առաջին հերթին  կարևոր են հույզերն ու հարաբերությունները, այդ թվում և աշխատանքային, նրանք իրենց գործունեությանը նայում են հենց այդ տեսանկյունից: Աշխատանքից ստացած բավականությունը  նրանց համար կախված է նրանից, թե հաճելի է արդյոք  աշխատանքի գնալ և ժամանակն անցկացնել տվյալ կոլեկտիվում, թե ոչ: Այնպիսի մանրուքներ, ինչպես, ասենք, ծուռ հայացքները, անզգուշորեն ասված բառերը, նրանց հունից հանում են, իսկ կոնֆլիկտն արդեն նրանց համար աղետ է նշանակում: Նման բնավորության տեր մարդիկ լիովին կարող են այնպիսի աշխատանք կատարել, որն ամենևին չի համապատասխանում նրանց կոչմանն ու հետաքրքրություններին, միայն թե բարի մթնոլորտ լինի ու հաճելի մարդիկ:

Փոփոխությունների վախը

Իհարկե, եթե աշխատանքը բացարձակապես դուր չի գալիս ու ձեզ այլ աշխատատեղ են առաջարկում, ըստ երևույթին,  իմաստ ունի ընդունել նոր առաջարկը: Բայց նույնիսկ նման բարենպաստ իրավիճակի դեպքում պետք է ինքդ քեզ հաշիվ տաս, որ կատարյալ աշխատավայր, ավաղ, գոյություն չունի, և բացառված չէ, որ մի խնդիրը մյուսով եք փոխարինում: Այնպես որ պետք է  մի լավ համեմատել հին և նոր աշխատատեղերի դրական ու բացասական կողմերը: Իսկ ի՞նչ անել, եթե  աշխատանքը փոխելու հնարավորություն չկա: Հոգեբանների կարծիքով` մեծ մասամբ, «չեմ կարող աշխատանքս փոխել»  արտահայտությունն իրականում նշանակում է «չեմ ուզում ոչինչ փոխել»: Դրա հետ մեկտեղ նոր աշխատանքը միշտ նշանակում է նոր հարաբերություններ, նոր աշխատատեղին հարմարվելու անհրաժեշտություն: Իսկ տարիքի հետ մարդն ավելի քիչ է հակված փոփոխություններին և միշտ դժվարությամբ է  հարմարվում: Ինչ-որ մեկը չի ուզում կորցնել այն առավելությունները, որոնք ունի իր այժմյան աշխատատեղում, թող որ չսիրած, օրինակ`  հարմար գրաֆիկը, կամ էլ գտնվելու վայրը, մյուսն էլ կարծում է, որ վստահելի աշխատատեղում պետք է մնա մինչև  թոշակի անցնելը, երրորդն էլ համոզված է, որ ամենուր նույնն է :

Կյանք չէ, այլ աքսորավայր

Այնուամենայնիվ, չսիրած աշխատանքին դիմանալը վնասակար է  առողջության համար` և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր: Կանբերրայի ազգային համալսարանի ավստրալիացի հետազոտողները պարզել են, որ «փայտով աշխատանքի գնալը» ամենաիսկական սթրեսն է, որը դեպրեսիայի և նյարդային ցնցման պատճառ է դառնում, ընդ որում, նույնիսկ ավելի շատ, քան աշխատանքի բացակայությունը: Իսկ մշտական հոգեբանական անհարմարավետությունը, դժգոհությունը տարբեր հիվանդությունների տանող ուղիղ ճանապարհն է :Առաջին հերթին դրանից նվազում է  իմունիտետը, և մարդը սկսում է անվերջ հիվանդանալ: Ընդ որում, նա առողջանալու ոչ մի խթան չունի, քանի որ անաշխատունակության թերթիկն օրինական հնարավորություն է չսիրած աշխատանքից խուսափելու համար: Այդ ամենը ենթագիտակցական մակարդակում է տեղի ունենում: Պարզապես անընդհատ սթրեսը հյուծում է պաշտպանական ուժերը և օրգանիզմը բառացիորեն տրամադրում հիվանդության: Եթե դուք մշտապես  նյարդայնանում եք  աշխատանքի պատճառով, ձեզ համար երաշխավորված են ստամոքսի գաստրիտը և աղեստամոքսային  տրակտի այլ հիվանդությունները: Այդ նույն ավստրալիացի գիտնականներն ապացուցել են, որ աշխատանքից քրոնիկական դժգոհությունը հանգեցնում է նյարդաբանական հիվանդությունների: Հնարավոր են նաև սիրտ-անոթային հիվանդություններ: Այնպես որ չսիրած աշխատանքին դիմանալն անմտություն է: Բայց  հայտնի է` եթե չեք կարողանում փոխել իրավիճակը, ուրեմն փոխեք դրա  նկատմամբ ձեր վերաբերմունքը:

 

Փնտրենք դրականը

Մտածեք, թե ինչ լավ ու շահավետ բան կա ձեզ համար այժմյան աշխատանքի մեջ: Գուցե դա ցանկացած ժամանակ թույլտվություն վերցնելու հնարավորությունն է կամ լավ  աշխատավարձը  և կամ հաճելի կոլեկտիվը: Նույնիսկ մեկ դրական պատասխանն արդեն լավ է, եթե մանավանդ այժմ ոչինչ փոխել  չեք պատրաստվում:

Նույնիսկ առաջին հայացքից  ամենատհաճ իրավիճակում էլ շահավետ ինչ-որ բան որոնեք: Դուք այնքան էլ շատ աշխատանք չունեք, բայց ձեզնից պահանջում են նստել աշխատավայրում մինչև վերջ: Մի նյարդայնացեք, այլ ազատ ժամանակն անցկացրեք  ձեր օգտին, օրինակ` կատարելագործեք  ձեր համակարգչային գիտելիքները: Գործընկերների հետ ընկերական հարաբերություններ պահպանեք: Աշխատավայրում մենք այնքան ժամանակ ենք անցկացնում, որ մեզ պարզապես անհրաժեշտ է  օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ զրուցել կամ նախաճաշել: Մի բաժակ սուրճի շուրջ զրուցելուց հետո ավելի ես թեթևանում, հանդարտվում: Ընդհանրապես, չի կարելի սևեռվել բացասական  հույզերի վրա: Քանի որ աշխատանքը, առավել ևս չսիրած, ձեր ողջ կյանքը չէ: Հավանաբար դուք ընտանիք ունեք, ընկերներ, սիրած զբաղմունք: Ահա այդ մասին էլ մտածեք:  Իսկ աշխատանքին վերաբերվեք որպես անհրաժեշտ մի բանի: Ի վերջո, բոլոր կանայք չէ, որ սիրում են աման լվանալ, և բոլոր տղամարդիկ չէ, որ սիրում են շուկայից  ծանր զամբյուղներ քարշ տալ, բայց դա անում են. որովհետև այլ կերպ հնարավոր չէ:

 

Մարի  Խաչատրյան

 

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply