Հայկական կողմի որդեգրած այն սկզբունքը, ըստ որի յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հակառակորդը ստիպված է լինելու փոխարենը հատուցել առնվազն երեք ասկյարի կյանքով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 7, 2011 17:23
– Կարծես արդեն օրինաչափ է դարձել, երբ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են հակամարտ զորքերի շփման գծում իրենց նախահարձակ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, սկսում է գործել «բումերանգի» օրենքը և արդյունքում հակառակորդի ճամբարում մեկը-մյուսի հետևից արձանագրվում են մահվան ելքով միջադեպեր: Իսկ դրանք շատ հաճախ տեղի են ունենում ոչ այնքան հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով, որքան ադրբեջանական բանակում տեղ գտած միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների առկայության կամ անձնակազմի շրջանում շարունակաբար նկատվող բարոյահոգեբանական անկման պատճառով: Ապացույցը, վերջին օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հայկական 1 զինվորի սպանության և 2-ի վիրավորմանը հաջորդած դեպքերն են, որոնք տեղի ունեցան ադրբեջանական բանակում և որոնց արդյունքում, ըստ Բաքվի աղբյուրների` 2 ասկյար զոհվեցին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 1-ը ինքնասպանություն գործեց` կախվելու ճանապարհով: Ասել է թե կատարավածը ցույց է տալիս, որ կենսունակ է հայկական կողմի որդեգրած այն սկզբունքը, ըստ որի յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց հակառակորդը ստիպված է լինելու փոխարենը հատուցել առնվազն երեք ասկյարի կյանքով, – ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրված ակտիվության և դրա արդյունքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերի շուրջ լրատվական գործակություններին տված մեկնաբանություններում այսպիսի տեսակետ է հայտնել ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, -Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից գրեթե ամեն օր տարածվող պաշտոնական հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում պարբերաբար խախտում են հրադադարի պահպանման ռեժիմը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև հետապնդում է ներքին և արտաքին քարոզչական նպատակ:
Իրականությունն այն է, որ ղարաբաղյան կողմը ոչ թե խախտում է հրադադարի պահպանման ռեժիմի, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում համարժեք քայլեր է ձեռնարկում հակառակորդի նախահարձակ գործողությունները սանձելու համար, ինչի արդյունքում բնական է, որ ադրբեջանական ճամբարում արձանագրվում են նաև կորուստներ:
ՊԲ հրամանատարությունը համոզված է, որ նման կորուստներից խուսափելու միակ ճանապարհն այն է, որ հակառակորդը հրաժարվի սադրիչ գործողություններից և հարգի հրադադարի պահպանման ռեժիմը: Հակառակ դեպքում ադրբեջանական զինուժը չարդարացված կորուստներ է ունենալու ինչպես ցամաքում, այնպես էլ օդում… Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ բոլորովին վերջերս` սեպտեմբերի 12-ին` Արցախի երկնքում անօդաչու թռչող սարքը խփվելու դեպքում:
Ըստ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության մամուլի ծառայության պետի, միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում և հոկտեմբերի առաջին յոթնօրյակում Ադրբեջանական բանակը տարբեր հանգամանքներում տվել է 13 զոհ, որից 3-ը` ինքնասպանություն և 12 վիրավոր: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ում արձանագրվել է մահվան ելքով 2, վիրավորման` 5 դեպք:
—
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
