ՀԱԿ-ն այսօր չներկայացավ Երևանի քաղաքապետարանում կայացած նիստին, որի ժամանակ ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 15:59

Երևանի քաղաքապետարանում հանձնաժողովների նախագահներ ընտրելու համար այսօր կայացավ ավագանու հերթական`5-րդ նիստը, որին չմասնակցեց Հայ ազգային կոնգրեսը, հետևաբար համապատասխան հանձնաժողովների թեկնածուներ չառաջադրվեցին:

Ֆինանսավարկային, տնտեսական, առևտրի և ծառայությունների, տրասպորտի և ճանապարհաշինարարության մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:

Կրթության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը:

Քաղաքաշինության, հողօգտագործման և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Հրաչ Պողոսյանը:

Կրթության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Աննա Ասատրյանը:

Չընտրվեց Քաղաքաշինության, հողօգտագործման և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը, համաձայն օրենսդրության` այդ տեղերում թեկնածուներ պետք է առաջադրվեր Հայ ազգային կոնգրեսի կողմից, քանի որ թեկնածուներ ներկայացված չէին, այդ տեղերը մնացին թափուր:

«Չեմ կարծում, որ խնդիրներ կառաջանան, հանձնաժողովներն ունեն ավագանու անդամներ և, կարծում եմ, բնականոն կաշխատեն: Շատ լավ կլիներ, որ ՀԱԿ-ը ևս աշխատանքներին մասնակցեր»,-ասաց Դումանյանը:

ՀԱԿ-ը  հրաժարվել էր ավագանու նիստերին  մասնակցելուց, քանի որ մայիսի 31-ի ավագանու ընտրությունների արդյունքները չէր ճանաչել: Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Անկախ»-ին ասաց, որ իրենց որոշման մեջ որևէ փոփոխություն չկա:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply