Ի լրումն «Միˊ վնասիր» հրապարակման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 16:04

«Առավոտ» օրաթերթում այսօր տպագրված և էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածված նոյեմբերյանցի թղթակցի հարցականի տակ քողարված «մեղադրականը» հազիվ էինք մարսել, երբ ի հայտ եկան կեղծիքի և ստի մանրամասները: Զրուցեցինք հոդվածում նշված անձանց հետ, և ահա թե ինչ պարզվեց:

Բուլղարական բեռնատարի վարորդ Գեորգի Բորյանսկի
-Իմ մեքենան ամբողջությամբ թաղված էր հողի մեջ: Երբ այն դուրս բերեցին ու ինձ հարցրեցին արդյոք որևէ բան չի՞ կորել, ես ասացի, որ բջջային հեռախոսներս չեմ գտնում, գուցե մնացել են հողի մեջ, որովհետև կրկնում եմ` մեքենաս ամբողջությամբ հողի մեջ էր: Ես շատ շնորհակալ եմ փրկարարներին, որոնք այս օրերի ընթացքում նույնիսկ մեկ րոպե հանգիստ չեն ունեցել: Փրկարարներն այստեղ աշխատում են 24 ժամ` առանց դադարի և ցանկանում են ամեն գնով օգնել մարդկանց:

Նոյեմբերյանից ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյան
– Ես որևէ թղթակցի հետ չեմ զրուցել: Երբ մոտեցա մեքենայիս, այն դեռ հողի մեջ էր, իսկ կողքին սև հագուստով մի տղամարդ էր կանգնած: Նա ասաց, որ այդ մեքենայի տերն ասում է, թե մեքենայի նվագարկիչը չկա: Երբ ասացի, որ ես եմ այդ մեքենայի տերը, նա արագ հեռացավ: Մեքենաս շրջված վիճակում թաղված էր հողի մեջ, և այն սողանքից դուրս բերելուց հետո նվագարկիչը հայտնաբերվեց մեքենայի տակ` հողի մեջ ընկած: Ես ինքս չեմ լսել, որ որևէ վարորդ բողոքի փրկարարների աշխատանքից: Հակառակը` բոլորը խնդրում էին, որ իրենց մեքենաներն արագ հանեն սողանքից:

Իսկ հեղինակի նշած վերջին` անհասցե և անանուն «Նոյեմբերյանի տարածաշրջանի վարորդին» այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել:

Շատ եմ ցավում, որ այս օրերին նման հրապարակում եղավ և դժվարանում եմ գտնել մեկին, ում ձեռնտու և անհրաժեշտ էր այսպիսի կեղծ ու աղբյուրի ջուր պղտորող տողաշարը:

Նիկոլայ Գրիգորյան
ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ

 

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply