Բացվել է միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» եռօրյա ցուցահանդեսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2011 15:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» (DigiTec) եռօրյա ցուցահանդեսի բացմանը:

Տիգրան Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շրջել են ներկայացված տաղավարներով՝ ծանոթացել ընկերությունների նորարական նոր լուծումներին, արտադրանքին և ծառայություններին: Ի դեպ, այս տարի Արցախը ցուցահանդեսին մասնակցում է առանձին տաղավարով:
Կառավարության անունից ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ վարչապետն ուրախություն է հայտնել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների թվի աճի կապակցությամբ: «Այս տարի ցուցահանդեսին մասնակից ընկերությունների թվի 70 տոկոսով աճի փաստը վկայում է այն մասին, որ Դիջիթեքն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որպես մի հարթակ, որը հնարավորւթյուն է տալիս ընկերություններին ներկայացնել իրենց նոր ծառայություններն ու արտադրանքները, միևնույն ժամանակ պատկերացում կազմել, թե այս ոլորտն ինչպիսի տեմպերով և ուղղություններով է մեր երկրում զարգանում: 2005 թ. Հայաստանի կառավարությունը ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը հռչակեց որպես գերակա ուղղություն: Այսօր արձանագրում ենք, որ կառավարության և ՏՏ ոլորտի համագործակցության շնորհիվ ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որպեսզի այս բնագավառը հանդիսանա մեր տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը»:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս մասին է վկայում այն հանգամանքը, որ ներկայում ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում գործում են մի քանի հարյուր ձեռնարկություններ, որոնց ընդհանուր աշխատողների քանակը կազմում է 10 հազար մարդ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ցուցահանդեսի ընթացքում մեր երկիրը հնարավորություն կունենա ներկայացնել հանրությանը այն նոր նախագծերը, որոնք խթանելու են ոլորտի զարգացումը և որոնք Հայաստանը ՏՏ ոլորտում դարձնելու են համաշախարհային քարտեզի վրա տեսանելի լուրջ կենտրոն, որը ծառայություններ է մատուցելու աշխարհի տարբեր պետություններին: Այսօր ՏՏ ոլորտի տարեկան ընդհանուր արտադրանքի ծավալը կազմում է 200 մլն դոլար և կառավարության ղեկավարի խոսքով՝ տարեց-տարի այդ ծավալներն ունենալու են առաջանցիկ աճի տեմպեր:
Ցուցահանդեսին մասնակցում են 115 ընկերություններ: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվն աճել է 70 տոկոսով: «Դիջիթեքի» նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումների ներգրավումն է: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս տեսնելու հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերը, ծանոթանալու, ուսումնասիրելու և ընկալելու նրա ձեռքբերումներն ու մարտահրավերները: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը:
Ցուցահանդեսին կից կանցկացվի նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ: 30-40 ընկերություններ կներկայացնեն իրենց ընկերության թափուր աշխատատեղերը և կրթական ծրագրերը: Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուին, գտնել աշխատանք կամ ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

 

 

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply