«Լևոն Տեր-Պետրոսյանը կա´մ չգիտի պատմությունը, կա´մ աղավաղում է այն». Արտյուշա Շահբազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2011 13:45

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում նախընտրական աշխատանքներ է սկսել և փորձում է սրբագրել իր անցյալը` բազմաթիվ աղավաղումներ և ստեր ասելով. «Նրան թվում է, թե  իր կառավարման օրոք եղած մարդիկ կա´մ մեռել են, կա´մ հեռացել են Հայաստանից, կա´մ հիշողություններն են կորցրել: Սակայն այդ տարիներին մարդկանց ծեծում էին անգամ խորհրդարանի դահլիճում, և ոչ ոք չի մոռացել, թե 96-ին ինչպես էր նա զորքը տեղափոխվում Երևան, որը գիշերը պետք է մաքրեր հրապարակները»,-հիշեցնում է Շահբազյանը:

Ըստ նրա, Տեր-Պետրոսյանը Դաշնակցությանը սևացնելու համար նաև պատմությունն է կեղծում. «Ասում է` հայ-վրացական հարաբերությունները միշտ փայլուն են եղել, և միայն 20 թվականին են տեղի ունեցել ոչ ցանկալի իրադարձությունների, որի պատճառն իբր եղել է այն, որ երկու կողմից էլ ղեկավարել են նացիոնալիստները: Սակայն 1918 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանը սովահար էր լինում, մարդիկ մահանում էին փողոցներում, մեր «խիստ բարեկամ» Վրաստանը կուշտ բանակով, մինչև ատամները սպառազինված` հարձակվեց, որպեսզի Հայաստանից խլի Լոռին, և Դրոն իր սոված, մերկ բանակով` դաժան ցրտի պայմաններում, վրացական զորքին ետ շպրտեց մինչև Թիֆլիսի մատույցները, ազատագրեց Լոռին և միայն անգլիացիների միջամտությամբ չհասավ մինչև Թիֆլիս»,-ասում է նա:
Շահբազյանը, պատմական ակնարկ անելով, հանգում է այն եզրակացության, որ պատմաբան նախկին նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը  կա´մ չգիտի պատմությունը, կա´մ աղավաղում է այն. «Պետք չէ ստախոսությամբ զբաղվել` կոնյուկտուրային շահերից ելնելով, ամոթ է» ,-ասում է նա:

 

 

 

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply