Սողանքի հետեւանքով անհետ կորած հայր ու որդին բնակարան էին ձեռք բերել Գյումրիում ու գնացել էին իրերի հետեւից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 7, 2011 12:42

Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով անհետ կորած Արթուր եւ Գուրգեն Հակոբյանները Գյումրիի բնակիչներ պիտի դառնային: Ազգությամբ հայ, Վրաստանում բնակվող Հակոբյանների ընտանիքը Վրաստանից Գյումրի էր եկել բնակարան գնելու նպատակով, տեսել են բնակարանը, հավանել, ապա շտապել Վրաստան, որպեսզի տեղափոխեն նաեւ իրերը:

«Նրանց հետ նաեւ ես էի մեքնայի մեջ, երբ դեպքը պատահեց: ՄԵր մեքենան Վանաձոր-Բագրատաշեն ուղղությամբ էր  երթեւեկում, երբ նկատեցինք, որ ճանապարհը խցանված է, կանգնեցինք մի քանի մետր հեռավորության վրա»,-պատմել է դեպքին ականատես Նազիկ Հակոբյանը, ով հիմա Գյումրիում իր եղբոր տանն է:

Նազիկի խոսքով, հայր ու որդի մոտեցել են պարզելու, թե ինչ է պատահել, այդ ընթացքում էլ տեղի է ունեցել փլուզումը: Նազիկն այդ պահին եղել է մեքենայի մեջ:

19-ամյա Արթուր եւ 62- ամյա Գուրգեն Հակոբյաններին առ այսօր գտնել չի հաջողվել: Որոնողական աշխատանքներն առայժմ որեւէ արդյունք չեն տվել, իսկ ընտանիքի մայրը որդուն եւ ամուսնուն ողջ գտնելու հուսը դեռ չի կորցրել:

Նազիկ Հակոբյանն ականատես է եղել, թե ինչպես է վայրկյանների ընթացքում փլուզվում սարը՝ իր հետ տանելով մեքենաները: Հրաշքով փրկված կինը հիմա խնդրում է, որ գտնեն ամուսնուն եւ որդուն` գոնե նրանց մարմինները:

Նրա խոսքով՝ սողանքային գոտին ակտիվացած է եղել դեպքից մեկ շաբաթ առաջ, սակայն ճանապարհը չի փակվել, ավելին, ըստ նրա, անհետ կորածների իրական թիվը գերազանցում է 5-ը:

Նազիկ Հակոբյանին զանգահարել են նաեւ Վրաստանի դեսպանատնից, առաջարկելով իրենց օգնությունը, քանի որ հիշյալ անձինք Վրաստանի քաղաքացիություն ունեն: Հակոբյանների բարեկամներին հավաստել են, որ  սողանքային գոտում հերթափոխով աշխատում են փրկարար ջոկատները, սակայն անձրեւները եւ սողանքի դեռեւս ակտիվ վիճակը բարդացնում են որոնողափրկարարական աշխատանքները եւ հնարավորություն չեն տալիս գործի դնել ծանր տեխնիկան:

News.am

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply