Հայաստանը կարող է մինչև 1 մլն տոննա եգիպտացորենի բերք ստանալ, բայց չի ստանում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Գայանե Ասրյան | September 8, 2009 16:12
Ձախից`Գեղամ Քյուրումյան
Հայաստանում վարելահողային ռեսուրսները համեմատաբար շատ են` 15 տոկոս, որը եգիպտացորեն ցանելու համար բարեբեր է և’ տարածքի, և’ կլիմայի իմաստով: Գյուղատնտեսության նախկին նախարարի նախկին խորհրդական Գեղամ Քյուրումյանը հաշվարկել է, որ Հայաստանի վարելահողերը կարող են ապահովել մինչև 1 մլն տոննա եգիտպացորենի բերք:
«Գյուղատնտեսական գրեթե բոլոր կուլտուրաները մեր երկրի տարածքում լավ բերք են տալիս, բայց գյուղացին չի կարողանում հոգալ իր տարեկան ծախսերն ամբողջովին. խաղողի, կարտոֆիլի, ցորենի բերքը գյուղացուն տալիս է որոշակի գումարի հնարավորություն, սակայն հետագայում իր տնտեսության շրջանակները նա չի կարողանում ընդլայնել»,-ասում է Քյուրումյանը:
Ըստ գյուղատնտեսի հետազոտության` միայն եգիպտացորենի բերքն է հնարավորություն տալիս գյուղացուն 20 կգ եգիպտացորենի սերմ ցանել և 15 տոննա բերք ստանա: «Հայաստանն աղքատ է, որովհետև աղքատ է Հայաստանի գյուղացին. այժմ էլ մոտ 45 000 հա տարածքի վրա մշակվում է եգիպտացորեն, որը քիչ է` շոշափելի արդյունքի հասնելու համար»,-ավելացնում է բանախոսը:
Առաջիկա տարիներին, ըստ Քյուրումյանի հաշվարկների, մոտ 300 000 տոննա եգիպտացորեն ցանելու դեպքում եգիպտացորենը կդառնա եկամտաբեր մշակաբույս, գյուղացին կկարողանա հարստանալ, իհարկե, եթե պետությունը հոգա իրացնելու խնդիրը:
Քյուրումյանն ասում է, որ դեռևս 2007-08թթ. կառավարությունը գյուղատնտեսության նախարարության հետ միասին սկսել էր այս առաջարկի վրա աշխատել. բյուժեից հատկացվել էր մոտ 423 մլն դրամ, գնվել էր եգիպտացորենի սերմ և այն անվճար բաժանվել գյուղացիներին: Բացի դա, գյուղացիներին հատկացվել էր նաև 35 000 դրամ, որպեսզի հաջորդ տարի ևս նրանք սերմեն եգիպտացորեն:
350 տոննա եգիպտացորենը հողին հանձնվեց միայն մեկ տարի, հետո գյուղացիներն այլևս չցանեցին, քանի որ պետությունը չօգնեց նրանց` բերքն իրացնելու հարցում: Քյուրումյանն ասում է, որ եթե գյուղնախարարությունն ու պետությունը հետևողական լինեն, ծրագիրը մինչև մի քանի տարին կտա նախատեսված արդյունքը:
Ծրագրի իրագործումն առայժմ անիրատեսական է, քանի որ, ըստ Քյուրումյանի, եգիպտացորեն ցանելու համար չկան շարքացաններ և կոմբայններ:
«Կառավարությունը կարող է վերանայել ծրագիրը և այն ուժի մեջ դնելուց հետո դրամաշնորհներով համապատասխան տեխնիկա բերել Չինաստանից»,-ասում է Քյուրումյանը:






Facebook
Tweet This
Email This Post
