Սողանքի մասին մասնագիտական կարծիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 21:59
2011 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացած խորհրդակցության որոշմամբ` 2011 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ՀՀ քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած խումբը մեկնեց Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 83-րդ կմ-ում գտնվող լանջի փլուզման տեղամասը` նախնական տեսողական դիտարկումներ կատարելու համար: Դիտարկումները իրականացվել են
երեք կետում. փլուզված լանջի ստորոտում, Դեբետ գետի հակադարձ լանջից` փլուզման ամբողջ գոտու դիտարկման նպատակով և լանջի գագաթում, որը գտնվում է անմիջապես փլուզման գոտու վերին մասում:
Տեղազննումները ցույց տվեցին.
1. Փլուզումն իր մասշտաբներով բացառիկ է ՀՀ տարածքում: Վերջին 100-ամյակում նման մասշտաբի երևույթ նկատվել է միայն 2007 թ.` Խոսրովի արգելանոցում տեղի ունեցած լանջային սահքի ժամանակ:
2. Մեր տրամադրության տակ եղած սողանքային վտանգի վերաբերյալ տվյալների բազան և 1947 թ. աէրոլուսանկարները ցույց են տալիս, որ այստեղ մինչ 2011 թ. սահքի կամ փլուզման ոչ մի երևույթ չի նկատվել: Սակայն թմբի արևմտյան լանջի ռելիեֆը վկայում է, որ նման երևույթ հնարավոր է տեղի է ունեցել անցյալում`մի քանի հարյուր կամ ավելի տարիներ առաջ:
3. Ավտոճանապարհի հատվածում փլուզման երկարությունը մոտ 270 մ է, սողանքի բարձրությունն է ուղղաձիգ ուղղությամբ մոտ 50 մ:
4. Փլուզման են ենթարկվել կավային գրունտները և վերադիր բազալտային շերտը: Սողանքի մակերեսին առկա են գերխոնավացած տեղամասեր:
5. Փլուզման և սահքի ենթարկված գրունտային զանգվածները ներկայումս գտնվում են անկայուն վիճակում և մշտապես տեղաշարժվում են:
6. Թմբի գագաթնային մասում` փլուզված և տեղաշարժված զանգվածի թիկունքային մասի տեղազննումը ցույց տվեց ընդարձակման ճեղքերի առկայությունը, որոնք ձգվում են ինչպես փլուզման գոտուն զուգահեռ, այնպես էլ ուղղահայաց` դեպի թմբի թիկունքային մասը 1,5 մ և ավելի ուղղաձիգ ամպլիտուդով:
7. Լանջի փլուզման վիզուալ տեղազննումը վկայում է երևույթի սողանքային բնույթի մասին: Նախնական տվայալների համաձայն` այն դասվում է փոքր տարանցմամբ գլանաձև մակերեսով տեղաշարժված բլոկային սողանքների կարգին:
8. Սահքի պատճառ է հանդիսանում, առաջին հերթին, լանջը կազմավորող գրունտների ամբողջ զանգվածի գերխոնավացումը` թմբի գագաթային մասում գտնվող մասնավոր այգիների անկառավարելի ոռոգման հետևանքով: Տեղազննումները ցույց տվեցին խոշոր ջրատարից ջրի բազմաթիվ մանր խողովակների օգնությամբ այգիների վոռոգման փաստը: Նման զանգվածային ոռոգումը բերել է ջրի ներթափանցմանը` ճեղքավորված բազալտների միջով և ստորադիր կավային զանգվածի գերխոնավացմանը:
Եզրակացություններ
1. Գրունտների քանդված և տեղաշարժված զանգվածը գտնվում է անկայուն վիճակում և մշտապես տեղաշարժվում է:
2. Սողանքի թիկունքում, բլրի գագաթնային մասում գտնվող ընդարձակման ճեղքերը վկայում են, որ փլուզումներն ու սահքը դեռ տևական ժամանակ կշարունակվեն:
3. Վերը շարադրված դիտարկումներն ու եզրակացությունը նախնական բնույթ են կրում: Սողանքի բնույթի և վտանգի աստիճանի մասին լիարժեք դատողությունների համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ:
4. Լրացուցիչ հետազոտություններ անհրաժեշտ է իրականացնել, նախ և առաջ, սողանքի թիկունքում` բլրի գլխին:
5. Միայն լրացուցիչ հետազոտություններից հետո կարելի է որոշում ընդունել ավտոմայրուղու վերականգնման անվտանգության կամ նորի ընտրության վերաբերյալ:
6. Սողանքի թիկունքում ընդարձակման ճեղքերի առկայությունը վտանգավոր է դարձնում ծանր տեխնիկայի կիրառմամբ փրկարարական աշխատանքների իրականացումը, մասնավորապես` սողանքի հարավային ճակատում:
Ա. Կարախանյան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտ,
Երկրաբանական գիտությունների դոկտոր
Ա. Մովսեսյան, ՀՀ քաղաքաշինության նախարարի խորհրդական
Հ. Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու
Վ. Խոնդկարյան, ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության աշխատակազմի Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ, Երկրաբանական գիտությունների թեկնածու






Facebook
Tweet This
Email This Post
