«Քոչարյանն այն քաղաքական կերպարը չէ, ինչ Պուտինն է». քաղաքագետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2011 15:10

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անիմաստ համարեց Պուտին-Մեդվեդև և Քոչարյան-Սարգսյան քաղաքական համեմատականը` համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի քաղաքական վերադասավորումները չեն անդրադառնա Հայաստանի վրա. «Պուտին-Մեդվեդև իրավիճակը շատ յուրահատուկ է, նման բան ես չեմ տեսել ոչ մի երկրում,-ասաց Իսկանդարյանը,-նման օրինակ ես գիտեմ միայն պատմության մեջ և դա` Ռուսաստանի պատմությունն է, երբ Իվան Գրոզնին որոշ ժամանակով թագավոր նշանակեց Սիմեոն Բեկբուլատովիչին, իսկ հետո կրկին ինքը դարձավ թագավոր»:

Համեմատական եզրեր անցկացնելով Պուտինի և Քոչարյանի միջև` Իսկանդարյան  գտնում է, որ նախ, ի տարբերություն, Պուտինի, Քոչարյանը լրջորեն չի ղեկավարում հայաստանյան քաղաքական կյանքը. «Քոչարյանն այն քաղաքական կերպարը չէ, ինչը Պուտինն է»,-կարծում է նա։

«Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կվերադառնա քաղաքականություն, երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, այսինքն` երբ որ ունենա հնարավորություն։ Դա նորմալ է, ցանկացած գործիչ էլ այդպես կմտածեր,-ասաց Իսկանդարյանը,-իսկ կունենա այդ հնարավորությունը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»։

«Անկախ»-ի հարցին, թե այսօրվա ՀԱԿ հանրահավաքները կարո՞ղ են կրկնել մարտիմեկյան իրադարձությունների սցենարը, Իսկանդարյանը պատասխանեց. «Նախ այժմ մեզ սպասվում են խորհրդարանական ընտրություններ և ոչ թե նախագահական, ինչպես որ այն ժամանակ էր, իսկ նախագահական ընտրությունների շեմին ընդդիմադիրներն ավելի հեշտությամբ են գործում, բացի այդ, այսօր Ազատության հրապարակում 100 000 մարդ չկա, ճգնաժամն էլ այնպիսի մասշտաբների չի հասնում, որ հանգեցնի մարտիմեկյան իրադարձությունների»:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի այցին Հայաստան, ապա ըստ քաղաքագետի, Ֆրանսիայի և Հայաստանի նախագահներն ունեն քննարկելիք հարցեր, սակայն այդ այցը հեղափոխական իրադարձություն չէ:

 

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply