Նախագահներից յուրաքանչյուրը մեծ խաղադրույքներ է արել
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | October 6, 2011 12:20
Այն, որ Հայաստանում նախընտրական պայքարն արդեն մտնում է իր տրամաբանության մեջ, կարծես թե այլևս կասկած չի հարուցում, չնայած պաշտոնական մեկնարկին դեռ մի քանի ամիս ժամանակ կա: Կասկած չի հարուցում նաև այն, որ սպասվող ընտրապայքարը շատ ինտրիգային է լինելու: Այս մասին շատ դիպուկ է արտահայտվել է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը. «Ինտրիգն այն է, որ Հայաստանի անկախության 20-րդ տարում առաջին նախագահը ձգտում է վերականգնել 1998 թվականին կորցրած իշխանությունը, երկրորդը ձգտում է ռևանշի, երրորդն էլ փորձում է դիմակայել այդ ամենին»,- ասել է նա:
Ու, ըստ էության, արդեն իսկ ակնհայտ է, որ կողմերից յուրաքանչյուրը բավականին մեծ խաղադրույքներ է արել ու մեծ սպասելիքներ ունի:
ՀԱԿ-ն ու կոալիցիան պաշտոնապես կասեցրին երկխոսության գործընթացն ու վերադարձան մեղադրանքների փուլին: Հրաժարվելով երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելայանի գործոնն օգտագործելուց` ՀԱԿ-ը որոշեց շուրջօրյա հանրահավաքների կամ այսպես ասած` ժողովրդական զանգվածների միջոցով ճնշել իշխանություններին ու ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իշխանությունն իր հերթին երկխոսության վերադառնալու համար պահանջեց դադարեցնել «անօրինական» հանրահավաքները: Սրան ի պատասխան` ՀԱԿ-ը հայտարարեց, թե իրենք այլևս անիմաստ են համարում երկխոսության շարունակումը, բայց նաև հայտարարեց, որ եթե իշխանությունը «փոշմանի» ու նորից երկխոսության վերադառնալու առաջարկ անի, իրենք կմտածեն: Նույն կերպ հանրահավաքները սկսելիս Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք մաքսիմալիստ չեն, և եթե իշխանությունը ողջամիտ առաջարկ անի, ապա իրենք պատրաստ են քննարկել:
Այլ կերպ ասած, Լևոն Տեր-Պետրոսյանը կամուրջները չի այրում և առավել ակնհայտ է դարձնում, որ հանրահավաքներ սկսելու որոշումը զուտ իրավիճակային է, քանի որ մշտապես վճռական քայլերի պատրաստակամություն հայտնելու, բայց ոչ մի շոշափելի գործողության չդիմելու տարբերակով չէր կարող մշտապես մարդկանց բերել հերթական հանրահավաքի: Զարմանալի չէ, որ հանրահավաքի գնացող մարդկանց թիվը սկսել էր ակնհայտորեն նվազել:
Այս պահին իշխանության և ՀԱԿ-ի հիմնական լարվածության թեման դարձել են զուգարանները, և երկրորդ պլան են մղվել մյուս բոլոր հարցերը: Կարծես թե իշխանությունը, փակելով մարզերի ճանապարհները, լայն առումով այս պահին այնքան էլ անհանգստացած չէ տեղի ունեցող հանրահավաքներով, մանավանդ որ ՀԱԿ-ը խոստացել է` իրենց բողոքի ակցիան, նախնական ծրագրերով, մի շաբաթ անել: Ավելին` լայն առումով իշխանությանը ձեռնտու է ՀԱԿ-ի հանրահավաքային ակտիվությունը, քանի որ այս պահին այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, որոնք կարող են որոշել ՀԱԿ-ընդդիմություն երկխոսության հետագա ձևաչափը: Ըստ էության` երկու կողմերը, չնայած առանձին հայտարարություններին ու հանրահավաքում բնակչությանը զբաղեցնելու համար կարդացվող դասախոսություններին, սպասման մեջ են:
Իսկ այդ սպասման պատճառն այն է, որ այս շաբաթ, բացի ՀԱԿ-ի վերսկսած շուրջօրյա հանրահավաքներից, մի առանցքային իրադարձություն էլ տեղի ունեցավ` Ռոբերտ Քոչարյանը չբացառեց մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Մեծ աղմուկ հանեց նաև քաղաքական դաշտում նրա հենարանը հանդիսացող Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Քոչարյանը վերադառնալու բարոյական ու քաղաքական իրավունք ունի: Եվ առհասարակ «Բարգավաճ Հայաստանը» կարծես թե ևս մեկ անգամ հաստատեց, որ ամենևին չի ենթարկվելու կոալիցիոն «կապանքներին» և ընտրություններին գնալու է միայնակ, նույնիսկ միավորողի, ոչ թե միավորվողի հավակնություններ ներկայացրեց, պնդեց, որ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ավելի լայն միավորում, քան կոալիցիան:
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները նախ հարված էին Սերժ Սարգսյանի համար, քանի որ, ըստ էության, նրա կոալիցիոն գործընկերը բացահայտ դժգոհություն է հայտնում նրա վարած քաղաքականությունից և հստակ ցույց տալիս, որ ամենևին չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ մի ուղիով գնալ:
Ամենից ակտիվ այդ թեմային արձագանքեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա, ընդունելով «Բարգավաճ Հայաստանի» ծանրակշիռ դերկատարությունը, հայտարարեց, որ իրենք ավելի շատ պիտի հաշվի նստեն հենց «Բարգավաճ Հայաստանի» և ոչ թե ՀՀԿ-ի հետ, որը «օպորտունիստների» կուսակցություն է, ապա փորձեց հակադրել «Բարգավաճ Հայաստանի» գործոնը Ռոբերտ Քոչարյանի վերադարձին:
Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը և այն ուժը, որը պետք է աջակցի Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Բայց, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երեք նախագահներից յուրաքանչյուրը փորձում է «Բարգավաճ Հայաստանին» բերել իր դաշտ: Դեռևս հարաբերական լռություն է պահպանում միայն արտասահմանյան հանդիպումներից նոր վերադարձած Սերժ Սարգսյանը: Սակայն ինչքան ավելի ակտիվանա «Բարգավաճ Հայաստանը», ու ավելի շոշափելի դառնա Քոչարյանի վերադարձի հնարավորությունը, այնքան ավելի բնական կդառնա երկխոսության վերսկսումը Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև, քանզի ակնհայտ է, որ երկխոսության հիմնական պատճառներից մեկը հենց երկուսի համար ոչ ձեռնտու Քոչարյանի վերադարձն է:
Ի դեպ, այս առումով հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև ՀՀԿ-ի ներսում, որի անդամները փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ ընթանում է իր հունով, չնայած գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ի ներսում երկու տարբեր թևեր կան, որոնք շատ տարբեր դիրքորոշումներ ունեն` կապված Քոչարյանի վերադարձի հետ: Հետևաբար, կանխատեսելի է, որ նախընտրական այս ինտրիգը, որի մասին նշել ենք վերը, դեռ նոր զարգացումներ է ունենալու: Մնում է միայն սպասել:






Facebook
Tweet This
Email This Post
