ԿԱՐԵՆ ՂԱՐՍԼՅԱՆ. «Եթե չարաշահել, ապա ոչ թե ալկոհոլ կամ թմրադեղ, այլ երևակայություն»

Հարցազրույց | | October 13, 2011 10:09

Էական փոփոխությունները գրող Կարեն Ղարսլյանի կյանքի անբաժան ուղեկիցն են: Տարիներ առաջ նրա «Password» վեպն արժանացավ ՆՓԱԿի հավանությանը` առաջին մրցանակին: Խորհրդային Միության փլուզումը նրա և սերնդակից բազմաթիվ պատանիների կանգնեցրել էր կրթության կոտրած տաշտակի առջև: Ասում է` հայերենը` հայերեն չէր, ռուսերենն էլ` ռուսերեն

Մեր զրույցն էլ նրա հետ համացանցի միջոցով էր. հիմա ապրում է ԱՄՆում:

Կարեն, ձեր մեջ ե՞րբ արթնացավ գրական ձիրքը: Կա՞ր մեկը, ումից ժառանգեցիք:

– Գրական ձիրքիս մասին դատողություններ անելը խոնարհաբար զիջում եմ քննադատներին ու ընթերցողներին: Կարող եմ խոսել միայն գրելու պահանջի մասին, որն առաջին անգամ արթնացավ 1998 թ., երբ Բրյուսովի 2-րդ կուրսում անգլերենս բարելավելու նպատակով նախաձեռնեցի մի շարք պոստմոդեռնիստական ամերիկյան բանաստեղծների թարգմանությունը: Արդյունքում բացահայտեցի մի շատ կարևոր բան` հայերենի հարստությունն ու ճկունությունը: Հիացմունքս հայերենի հնարավորություններով, ինչպես նաև թարգմանելիս ամերիկացիների բանաստեղծություններն անընդհատ ձևափոխելու և վերաշարադրելու հազիվ զսպվող մղումը կանխորոշեցին իմ հետագա զբաղմունքը` գրական ստեղծագործությունը:

Այնուհանդերձ, պիտի նշեմ այն երկու գրողին, որոնք ինձ ավելի վաղ էին հուշել, որ ինքս էլ կարող եմ փորձել. Պաստեռնակը (աննշան մանրուքները բանաստեղծականացնելու վարպետությամբ) և Սարոյանը (հեշտից հեշտ թվացող պարզությամբ): Գրական ճաշակիս ձևավորմանն ակտիվորեն մասնակցած գրողներից ամենաառաջինը միտքս են գալիս Քուչակը, Ստեռնը, Դոստոևսկին, Մայակովսկին, Ջոյսը և Բարոուզը:

Շատ երիտասադների, պատանիների պես ժամանակին «քարկոծե՞լ» են ձեզ` ասելով, օրինակ` գրականությունը քո տեղը չէ, ինչո՞ւ ես գրում և այլն

-Եթե առաջ զարմանում էի այն քննադատների վրա, որոնք չէին հավանում իմ առաջին քայլերը (98-99 թթ. բանաստեղծություններս), ապա այժմ նույնքան զարմանում եմ նրանց վրա, ում դրանք դուր էին գալիս: Ես անհամեմատ ավելի դաժան կգտնվեի… Անհույս սիրո ծանր ազդեցության տակ ստեղծված այդ բանաստեղծությունները 2001-ից հետո աքսորվեցին արխիվ, որտեղ մինչ օրս փոշի են հավաքում ու սպասում աուտոդաֆեի ժամին: Իսկ այն, ինչ, իրոք, արժեքավոր էր դրանց մեջ, վաղուց արդեն ենթարկել եմ գրական դիակապտության` ավելի հասուն ստեղծագործություններում օգտագործելու նպատակով:

Որտե՞ղ տպագրվեցին ձեր երախայրիքները` չգիտեմ` բանաստեղծություններ, պատմվածքներ

-Առաջնեկս «Հինգ մատի պես» հինգ սյուրռեալիստական բանաստեղծությունների շարքն էր, որը հրատարակվեց «Գարուն» ամսագրի 2000 թ. համարներից մեկում: Այս բանաստեղծական շարքին մեկ տարի անց հաջորդեց երեք փոքրիկ պատմվածքների հրատարակումը կրկին «Գարուն» ամսագրում: Բայց դրանք ևս պատկանում են իմ վաղ ստեղծագործական շրջանին, որն այսօր համարում եմ ավելի շատ թռիչքուղի հետագա ստեղծագործական ուղևորության համար: (Կ. Ղարսլյանի հրատարակությունների մասին համապարփակ տեղեկություններ կարող եք գտնել` www.karenkarslyan.com/publications.html կայքէջում:)

– 7 տարի է անցել, ինչ ձեր «Password» վեպը հաղթեց ՆՓԱԿի կազմակերպած երիտասարդ արվեստագետների մրցանակաբաշխությունում: Երևանում վեպի մասին հիշողությունները անորոշ հղումով են` ասում ենՀենց առաջին աղբյուրից հետաքրքիր է իմանալ այն, ինչ կապված է «Password»-ի հետ:

-Երիտասարդ արվեստագետների մրցանակի ներկայացվելիս «Password»-ը մոտ 140-էջանոց անտիպ վեպ էր: Իսկ մրցանակին արժանանալուց 7 տարի անց այն այժմ 300-էջանոց անավարտ բնագիր է, որը շարունակում է ընդարձակվել:

Վեպից հատվածներ են հրատարակվել տարբեր պարբերականներում: Վերջին անգամ վեպից երկու հատված անգլերեն թարգմանությամբ հրատարակվել է 2007 թ. ԱՄՆ-ում լույս տեսնող «Armenian Reporter» շաբաթաթերթում: Տարբեր հատվածներ լույս են տեսել «Գրական թերթում», «Ինքնագիր» հանդեսում: Այս պահի դրությամբ չեմ ցանկանում ավելի շատ ծավալվել այդ ստեղծագործության մանրամասների կամ հրատարակչական ծրագրերի շուրջ, քանի որ շատ բաներ դեռևս ընթացքի մեջ են: Հույս ունեմ, որ շատ չի սպասեցնի ինձ և իր ընթերցողներին:

Եթե հիշողությունն ինձ չի դավաճանում, կարծեմ պատանեկության տարիներին երազանք ունեիք` դառնալ ռոք աստղ

-1993 թ. կեսերին էր, երբ Էմիլ Պետրոսյանի հետ` երկու ապագա գրողներով հիմնադրեցինք «Fidget» ռոք խումբը, թեև ո՛չ նա, ո՛չ էլ ես կյանքում էլեկտրական կիթառ ձեռք տված չկայինք. իմ ունեցածը դասական կիթառ էր, նրանը` դաշնամուր: Այդ խմբի մասին մանրամասներ կան http://www.karenkarslyan.com/legeartis.html էջում, որտեղ տեղադրված են նաև որոշ երաժշտական գործեր: Առաջին համերգից հետո մեր մասին «Максимум» երիտասարդական թերթը գրեց իբրև խոստումնալից խմբի, սակայն այդ առաջինը դարձավ վերջինը:Բուռն արտագաղթող բնակչությամբ երկրում խումբ հավաքելը դժվար գործ էր, հատկապես երբ կանգնում ես էլեկտրական կիթառ կամ մի կտոր հաց գնելու երկընտրանքի առջև: Մյուս կողմից` մենք հետզհետե նահանջում էինք ռոքից` հմայվելով էքսպերիմենտալ և ավանգարդային երաժշտությամբ: Մեր խումբը որոշ ժամանակ անց վերանվանվեց «Lege Artis» և մի քանի տարի առաջ ընդհատեց իր գործունեությունը, երբ և՛ Էմիլը, և՛ ես հեռացանք Հայաստանից:

Անկեղծ ասեք` լեփլեցուն գեղեցիկ աղջիկների համա՞ր դիմեցիք Բրյուսովի անվան համալսարան

– Գեղեցիկ աղջիկները, իհարկե, Բրյուսովի անվան համալսարանի քայլող գովազդներն են: Բայց տխուր է, որ նրանցից շատերը ոչ միայն չեն վճարվում այդ 24-ժամյա գովազդի դիմաց, այլև ստիպված են իրենց գրպանից վճարել այնտեղ սովորելու համար: Գեղեցկուհիների շրջապատում սովորելն, իրոք, հաճելի բան է: Սակայն Բրյուսովում սովորելու իմ որոշման պարագայում փերիների առատությունը առաջնային չէր, բազմաթիվ պատճառներից մեկն էր: Այդ գեղեցկուհիների կողքին էին սովորում այն ժամանակ զարթոնք ապրող հայկական ռոք բեմի բազմաթիվ ներկայացուցիչներ: «Fidget» (հետագայում` «Lege Artis») ռոք խմբի համահիմնադրիս համար Բրյուսովը բոհեմ էր: Բրյուսովը նաև նշանակում էր առանց բառարանները բռնաբարելու, անսխալ անգլերենով մեր երգերի համար տեքստեր գրելու հիանալի հնարավորություն: Մեկ այլ էական առավելություն էր, իհարկե, ռաբիզների ու քյարթուների անհամեմատ քչությունը Բրյուսովի ներսում:

Ինչի՞ մասին է հիմնականում գրում Կարեն Ղարսլյանը:

-Ինձ հուզող թեմաները բազմազան են: Դրանք գրքից գիրք փոխվում են: Օրինակ` պոեզիայի հաջորդ ժողովածուս, որն արդեն հասցնում եմ ավարտին, տրամագծորեն տարբեր է. այստեղ մտորումներն ու տառապանքներն են ժամանակակից մարդու, որը չի կարողանում լիարժեքորեն հարմարվել կոնֆորմիստական հասարակության միջավայրում, որին համահարթեցնում է հանապազօրյա աշխատանքի գրտնակը, բայց նա դեռ փորձում է դիմակայել: «Password» պայմանական վերնագրով հայտնի անավարտ վեպում այլ խնդիրներ են շոշափվում, մասնավորապես` Homo Sovieticus-ի անկումն ու կերպարանափոխությունը վայրի կապիտալիստական միջավայրում, ՀՀ անկախության առաջին տարիների փորձությունը, ինչպես նաև խելագարության դիսկուրսը:

Եղե՞լ է պահ կամ ինչոր դեպք, որ ձեզ դրդել է գրականությունը թողնել, էլ չգրել

-Տասներեք տարվա ընթացքում այդպիսի բեկումնային պահ չի եղել: Սակայն այս համատեքստում մտաբերեցի ուսանողությանս վերջին օրը, որը մեջս այնպիսի ընկճախտ էր առաջացրել, որ մի պահ ոչ միայն գրականությունը, այլև ամեն ինչ էի ուզում թողնել ու անհետ կորչել, գնալ Աֆրիկա` ոչինչ չանելու: Ամբողջ վճռականությամբ նստեցի համակարգչի առաջ, որ գրեմ վերջին գրական ստեղծագործությունս: Մի ապոկալիպտիկ բանաստեղծություն ստացվեց, որն ավարտելուն պես, սովորության համաձայն, օրն էի պարզում ամենաներքևում դնելու համար: Պարզվեց` ուրբաթ 13-ն էր: Բացահայտումն ինձ փոքր-ինչ ուշքի բերեց, ժպտացրեց: Ինքս ինձ համոզեցի, որ ոչ թե իմ գրական գործունեության վերջն է, այլ պարզապես անպետք ուրբաթ 13-ի չարություններն են: Նույն օրն այդ չկայացած վերջը սկիզբ դրեց իմ փորձարարական «X կադր/վայրկյան» վեպին: Այն հենց այդ «վերջին» բանաստեղծությամբ էլ սկսվում է:

Լսել եմ, որ Հայաստանում գիտական ատենախոսություն էլ պաշտպանեցիք, նույնիսկ փայլուն եք պաշտպանել, իսկ հետո ի՞նչ եղավ

-Ատենախոսությանս թեման էր` «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդիի» և Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացի» համադրական պոետիկան. ինտերտեքստային հարաբերություններ»: Ժամանակակից արևմտյան գրականության մեջ առանցքային դեր կատարած այս գրողներն ու նրանց ստեղծագործություններն առաջին անգամ էին Հայաստանում ուսումնասիրվում ատենախոսական մակարդակով: Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ այստեղ` http://www.karenkarslyan.com/scholar.html:

Ինչ վերաբերում է հետո-ին, ապա ԱՄՆ մեկնելուց հետո առաջին պլան մղվեց գրական ստեղծագործական գործունեությունը: Սակայն պետք է նշեմ, որ ատենախոսություն գրելն ինձ օգնեց տաշելու գիրս, խստիվ ապահովելու արտահայտված մտքերի փաստարկվածությունը, ընկալելու սկիզբ-մեջտեղ-վերջ սուրբ երրորդությունը (ու ավելի հավեսով պղծել այն գրական ստեղծագործությունում) և, ընդհանրապես, աշխատել մեծ ծավալի ստեղծագործությունների վրա: Չեմ բացառում, որ օրերից մի օր հարություն կառնի գրականագիտական ասպարեզ վերադառնալու ցանկությունս:

Ձեր ո՞ր ստեղծագործությամբ կարող եք գրողին հատուկ հպարտություն ապրել:

-Հպարտությունները գալիս-գնում են, սակայն վաղ թե ուշ փոխարինելու է գալիս անբավարարվածության զգացողությունը: Ինչպես Մոխրոտին օգնության եկած պատանին էր ասում. «Ես կախարդ չեմ: Ես դեռ սովորում եմ»:

– «Գրականության մեջ ժանրերը էական չեն»,-սիրում էր ասել Հեմինգուեյը: Դո՞ւք էլ եք այդ կարծիքին. ժանրն իրո՞ք կարևոր չէ:

– Ժանրերը, ինչպես ցանկացած կաղապար, հիանալի երևույթներ են գոնե այն արվեստագետների կամ գրողների համար, որոնց ձեռքերը քոր են գալիս ինչ-որ բան կոտրելու համար: Այդ իմաստով իմ ձեռքերը հաճախ են քոր գալիս: Ավելի շատ ձևային «օրինազանցությունների» դրսևորում է վերջերս լույս տեսած «Գրողի ծոցը» 38 տձև հայրենների ժողովածուն, որոնք ձևի առումով չեն տեղավորվում հայրենի տաղաչափական կաղապարի մեջ, մինչդեռ միանգամայն հոգեհարազատ են բովանդակային առումով: Սակայն այդ փորձարարությունը ոմանք չհանդուրժեցին: Տձև հայրեն ձևակերպմանն իր անհամաձայնությունն է հայտնել, օրինակ, բանաստեղծ Կարեն Անտաշյանը. «Հայրենը բանաստեղծության կոնկրետ ֆորմատ է, գրել տձև հայրեն նույնն է` ասել հնգատող քառյակ: Հակատրամաբանական կոնցեպտ է»: Եթե այս նույն ոգով դիտարկեինք, օրինակ, Մայակովսկու հանրահայտ հարցը. «А вы ноктюрн сыграть могли бы на флейте водосточных труб?», ապա պատասխանը կլիներ. «Ոչ: Հակատրամաբանական կոնցեպտ է: Ֆլեյտան երաժշտական կոնկրետ գործիք է…»:

Պատմությունը վկայում է, որ շատերը գրելիս սիրում են օղի, գինի, որևէ ոգելից խմիչք օգտագործել, դո՞ւք էլ:

-Ես հազվադեպ եմ խմում: Մեծ մասամբ ժամանցային խմող եմ: Իսկ գրելուց առաջ ոգելից խմիչք երբեք չեմ օգտագործում: Ընդհանրապես աշխատում եմ ինձ հեռու պահել խթանիչ միջոցներից: Ունեմ անձնական օգտագործման կանոն: Եթե չարաշահել, ապա ոչ թե ալկոհոլ կամ թմրադեղ, այլ երևակայություն: Դեռ ստացվում է:

Դեռ երեք տարի առաջ, ճիշտ ինչպես հաճախ նորածինն իրեն չի պատկերացնում առանց ծծակի, ես ինձ չէի պատկերացնում առանց սիգարետի գեթ մեկ բառ գրելիս: Բայց, ի վերջո, հաջողվեց նաև այդ կարծրատիպը փշրել ու մնալ ստեղծագործության հետ մեն-մենակ:

Գրականության մեջ ձեր գրիչը չգիտեմ որքան է փոփոխությունների ենթարկվել, բայց անձնականում փոփոխություններ եղել են, ականջի ծայրով եմ լսել

– Թե՛ գրիչը և թե՛ քաղաքացիական կացությունը ենթարկվել են էական փոփոխությունների: Գրիչը վաղուց արդեն փոխարինել եմ ստեղնաշարով, իսկ ազապությունս` ամուսնությամբ:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

Դիտվել է 2021 անգամ:
Print Friendly

Leave a Reply