Մեսրոպ Մաշտոց

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 12, 2011 7:06

Հայոց քաղաքական և մշակութային պատմությունը հարուստ է պետականաստեղծ, ազգապահպան գործիչներով: Արտաշես Աշխարհակալ, Տիգրան Մեծ, Պապ թագավոր, Վռամշապուհ Արշակունի…

Չգիտես ինչու, մեր պատմագիտության մեջ վերջինս ներկայացված է բացառապես որպես մշակութային գործիչ: Հենց Վռամշապուհ արքայի (389 – 414) բարձր պետական հովանավորությամբ ու աջակցությամբ Սահակ Պարթև կաթողիկոսն ու Մեսրոպ վարդապետը ձեռնամուխ եղան հայ գրերի ստեղծմանը: Կարծում եմ, հայ գրերի ստեղծումը (վերհանումը) շատ ավելի նշանակալից իրադարձություն էր, քան, ասենք, արտաշիսյան բարեփոխումները, տիգրանյան նվաճումները, թեկուզ հենց Ավարայրի ճակատամարտն ու քրիստոնեության ընդունումը: Այս իմաստով Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի նախաձեռնությունն ավելի շատ ռազմաքաղաքական նշանակություն ուներ, քան մշակութային:

Հայ գրերի գյուտը նախ և առաջ ազգապահպան նշանակություն ուներ: Խնդիրն ամենևին էլ քրիստոնեական վարդապետության տարածումն ու ամրապնդման գործընթացը դյուրացնելը չէր:

387-ից Մեծ Հայքի թագավորությունը բաժանված էր աշխարհի հզորագույն երկրների` Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև: Արևմտյան` հռոմեական մասում Արշակ Գ արքայի մահից հետո վերացվեց թագավորությունը, և կայսրությունն այստեղ վարում էր ձուլման քաղաքականություն: Պետական մակարդակով քաղաքական, տնտեսական, մշակութային ճնշում էր գործադրում հայ բնակչության նկատմամբ` փորձելով նրան ձուլել և հեռացնել հայ իրականությունից:

Կոստանդնուպոլսի արքունիքին դա մասամբ հաջողվեց: Արդեն V դարից սկսած` Արևմտյան Հայաստանի (բյուզանդական մասի) բնակչությունը, մանավանդ Փոքր Հայքը, մեծ մասամբ կտրված էր հայ իրականությունից, հաճախ նաև անտարբեր համազգային խնդիրների նկատմամբ: Հիշենք թեկուզ Վարդանանց պատերազմի ժամանակ բյուզանդահպատակ հայության քար անտարբերությունը:

Վիճակն ավելի մխիթարական չէր Արևելյան Հայաստանում: Այստեղ, ճիշտ է, պահպանվում էր հայոց պետականությունը, բայց պետությունը և հասարակությունը  կանգնած էին քայքայման եզրին: Արշակունի արքաները խոշոր հակամարտության մեջ էին ինչպես  խոշոր ֆեոդալների, այնպես էլ  եկեղեցու հետ:

Քրիստոնեությունը մուտք էր գործել Հայաստան Արշակունիների թողտվության շնորհիվ: Սակայն շուտով հայոց եկեղեցին, դառնալով երկրի խոշոր հողատերերից մեկը, խանգարում էր կենտրոնաձիգ պետությանը: Ժառանգաբար Պարթևների տոհմին էր պատկանում հայոց կաթողիկոսությունը, երկրի գլխավոր դատավարությունը:

Պարթևների հողային կալվածքները չէին զիջում Արշակունիներին: Նրանք երկրում ունեին թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանություն: Հակամարտություններ եղան հայոց թագավորների և եկեղեցու միջև: Այս ամենը կործանման եզրին հասցրին պետությունն ու քայքայեցին հայ հասարակությունը: Չպետք է մոռանալ նաև, որ քրիստոնեությունը Հայաստան մուտք գործեց հրով ու սրով և ժողովրդական համակրանք չէր վայելում:

Եվ այս պայմաններում պարսկական արքունիքի ճնշումներն ավելի շոշափելի են դառնում: Փաստորեն, խարխլված էին հայոց պետության հիմքերը. չկար կենտրոնաձիգ իշխանություն, իշխող դավանանքը ներմուծված էր և անհասկանալի ժողովրդի համար, հասարակությունը երկփեղկված էր, չկար նաև մշակութային միասնություն:

Պարսկական ձուլման վտանգը շոշափելի էր, քանի որ հայերը պարսիկների հետ մշակութային, կենցաղային և էթնիկ շատ ընդհանրություններ ունեն:

Այս պայմաններում հայոց իշխող ավագանու և հոգևոր դասի մեջ առաջացավ երկրի ուժերը համախմբելու միտում, որով հայոց հասարակությունը կործանումից կփրկվեր: Եվ այդ փրկարար ուժը եղավ հայ գրերի գյուտը: Այդ գաղափարի շուրջ միավորվեցին հայ իշխող ավագանին և հոգևոր դասը: Վերջիններիս համար գրերի գյուտը սոցիալական մեծ նշանակություն ուներ, որի շնորհիվ ցանկանում էին հայ ժողովրդի մեջ ամրապնդել իրենց երերուն դիրքերը, քանզի հայոց եկեղեցիներում ծիսակարգը կատարվում էր հունարեն կամ ասորերեն, որոնք մատչելի չէին հայ հասարակ ժողովրդին:

Ահա այս պայմաններում հայոց Վռամշապուհ Արշակունի թագավորը և Սահակ Պարթև կաթողիկոսը (387-438) ձեռնամուխ եղան հայոց գրերի ստեղծմանը (կամ վերհանմանը):

Եվ գործը հանձն առավ Մեսրոպ վարդապետը:

Մեսրոպ Մաշտոցի մասին մեզ տեղեկություններ են հաղորդել նրա աշակերտ Կորյունը («Վարք Մաշտոցի»), քերթողահայր Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Մովսես Կաղանկատվացին:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թ. ` հայոց Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Հայտնի է նաև նրա հոր անունը, որը տեղացի ազնվական Վարդանն էր: Հաշվի առնելով Մաշտոցի ծննդավայրը`  կարելի է չբացառել, որ նա եղած լինի Մամիկոնյան նշանավոր տոհմի կրտսեր սեպուհներից մեկի որդին:

Նախնական կրթությունը Մեսրոպը  ստացել է հենց Տարոնում` Աշտիշատի վանքում, ապա մեկնել է մայրաքաղաք Վաղարշապատ և ծառայության անցել արքունիքում որպես ատենադպիր: Նա ժամանակի կրթված այրերից էր: Աշտիշատի վանքում սովորել էր հունարեն, ասորերեն: Չի բացառվում, որ Վաղարշապատում արքունական ծառայության ժամանակ յուրացրած լինի վրացերենն ու աղվաներենը: Իսկ պարսկերենը ժամանակի միջազգային հաղորդակցության լեզուներից էր, հետևաբար, Մաշտոցն ի պաշտոնե պարտավոր էր տիրապետել դրան:

Շուտով Մեսրոպը թողնում է աշխատանքն ու անցնում է զինվորական ծառայության: Այնուհետև թողնում է աշխարհիկ կյանքը, կրոնավոր է դառնում և զբաղվում քրիստոնեության քարոզչությամբ: Նա գործել է Նախիջևանի Գողթն գավառում, Սյունիքում, Արցախում:

Քրիստոնեությունն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ էր մուտք գործել Հայաստան և ավանդական հեթանոսական պաշտամունքը խոր արմատներ ուներ ժողովրդի մեջ: Նոր կրոնի քարոզիչները մեծ դժվարությամբ էին իրենց գործը կատարում, որովհետև հայոց եկեղեցիներում կարգը կատարվում էր օտար լեզուներով:

Մաշտոցը Վռամշապուհ թագավորից իմանում է, որ Դանիել անունով մի ասորի քահանայի մոտ հայկական նշանագրեր կան: Մաշտոցը բերում է այս նշանագրերը, փորձում է կիրառել, բայց պարզվում է, որ սրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին: Եվ հավանաբար հենց դրանց հիմքի վրա Մեսրոպ Մաշտոցը ձեռնամուխ է լինում հայերեն նոր տառատեսակների արարմանը:

Մաշտոցն իր աշակերտների հետ մեկնում է Ասորիք, ապա Միջագետք, ի վերջո, անցնելով Եդեսիա` 405 թ. այնտեղ ստեղծում է հայոց այբուբենը: Այս գործում նրան աջակցում է Հռոփանոս անունով մի ասորի: Ավարտելով տառերի ձևավորումը` նա ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի թարգմանությանը: Եվ ծնվում է հայատառ առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է Հայաստան` Վաղարշապատ, ուր նրան ցնծությամբ դիմավորում է հայոց արքունիքը` Վռամշապուհ արքայի գլխավորությամբ, հոգևոր դասը, նախարարներ, հասարակ ժողովուրդը:

Դրանից հետո Մաշտոցը ձեռնամուխ եղավ Հայաստանում լուսավորության տարածմանը: Նա իր աշակերտների հետ ողջ երկրում դպրոցներ բացեց և կրթական, թարգմանչական գործունեություն ծավալեց ոչ միայն Մեծ Հայքում, այլև Վրաստանում և Աղվանքում` ստեղծելով նաև վրացական և աղվանական գրերը:

Նա Վրաստան մեկնեց վրաց թագավոր Բակուրի (415 – 429) հրավերով և վրաց հոգևորական Ջաղայի օգնությամբ ստեղծեց վրացական այբուբենը: Ապա Աղվանից Արսվաղեն արքայի հրավերով եղավ նաև Կապաղակում և Բենիամին եպիսկոպոսի հետ ստեղծեց նաև աղվանից այբուբենը:

Ուսման և գրագիտության տարածման գործում Մաշտոցին աջակցում էին հայոց հոգևոր դասն ու ազնվականությունը: Այս գործում նրա աշակերտներն ու աջակիցներն էին Սահակ Պարթևի թոռը` հետագայում Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանը, Վասակ Սյունին, որ հետագայում հմուտ վարչարար ու դիվանագետ դարձավ, Սասանյան արքունիքում պաշտոնավարեց որպես Հայոց և Վրաց մարզպան, Աշուշա բդեշխը…

Մաշտոցի գործի պտուղները երկար սպասեցնել չտվեցին: Հայաստանում ձևավորվեց երիտասարդության մի մեծ բանակ, որը, լծվելով գիտական գործին, թարգմանում էր ժամանակի լավագույն գործերը` սկզբնավորելով Հայաստանում նոր` թարգմանչաց գիտությունը:

Իր առաքելությունը Արևելյան Հայաստանում կատարելուց հետո Մաշտոցը Վռամշապուհ արքայի հրահանգով մեկնում է Կոստանդնուպոլիս, հանդիպում Թեոդոս Բ կայսեր հետ: Կայսեր թողտվությամբ նա հայկական դպրոցներ է բացում նաև Հայաստանի բյուզանդահպատակ մասում: Բյուզանդական կայսրությունը ստիպված էր զիջել` վախենալով իր հպատակ հայերի պարսկամետ կողմնորոշումից:

Հայերեն հնչունային համակարգի հետ մեկտեղ Մեսրոպ Մաշտոցը նաև ստեղծեց նրա համապատասխան թվային համակարգը:

Իրավամբ, Մաշտոցին ենք պարտական, որ V դարը դարձավ հայ մշակույթի ոսկեդարը` իր բոլոր դրսևորումներով:

Մեսրոպ Մաշտոցը մահացավ 438 թ. փետրվարի 17-ին: Նրա մահից հետո հայոց արքունիքում մեծ վեճեր եղան, թե որտեղ պիտի ամփոփվի սրբի աճյունը: Ի վերջո, այդ պատիվը բաժին ընկավ նրա աշակերտին` հայոց հազարապետ Վահան Ամատունուն: Նա Մաշտոցի աճյունն ամփոփեց իր կալվածքում` Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Օշական գյուղում:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 6141 անգամ:
Print Friendly

Leave a Reply