«Ուժեղ տղամարդկանց կողքին պետք է լինեն ուժեղ կանայք»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 11, 2011 6:58

Անահիտ Գևորգյանը ամուսնու, դստեր և փեսայի հետ

«Աստված, ինձ ուժ տուր, որ կարողանամ փոխել այն, ինչ ուզում եմ փոխել: Աստված, ինձ համբերություն տուր, որ հաշտվեմ այն ամենի հետ, ինչը չեմ կարող փոխել: Աստված, ինձ իմաստություն տուր, որ կարողանամ տարբերել առաջինը երկրորդից»,- ամեն օր 57-ամյա Անահիտ Գևորգյանը բարձրյալին այս խոսքերն է ուղղում` հույսով, որ ճիշտ ուղիով կընթանա:

Անահիտ Գևորգյանին Մարտունիում, նաև հասարակական սեկտորում  ճանաչում են բոլորը` առանց բացառության: «Դիմեք տիկին Գևորգյանին, թե իմանա, միայն նա»,- այսպես են պատասխանում թե՛ պաշտոնյաները, թե՛ շարքային քաղաքացիները, երբ հարց է ուղղվում իրենց, որի լուծումը չգիտեն: Տողերիս հեղինակը լրագրությամբ զբաղվելու ընթացքում այս արտահայտությունը բազմիցս է լսել:

«Մեր Եկատերինան»,- այսպես են մեծահասակները անվանում տիկին Անահիտին ու անմիջապես հիշում  դեռատի աղջկա քաջությունն ու աշխատասիրությունը. «Իր գործը սիրում էր ու լավ գիտեր: Երբ բոլորը հույսը կտրում էին, թե վերջ, սատկեց կենդանին, Անահիտը չէր հանձնվում, սատկող կենդանուն կհաներ ոտքի, կբուժեր»: Կամ. «Շատ էլ` կին էր, բայց ուժեղ ղեկավար էր. ո՞վ կարող էր  թերի աշխատել կամ գլուխ պահել»:

Անահիտը եղել է հետպատերազմյան խորհդային ընտանիքի ութերորդ երեխան, իր իսկ խոսքով` «ուշադրությունից և ամեն ինչից դուրս»:  «Անուրախ մանկություն եմ ունեցել ու մինչև հիմա ավելի շատ հիշողություններ` դառը մանկությունիցս, չնայած հետո շատ ուրախ ու երջանիկ օրեր  էլ են եղել»: Անցյալի մասին խոսելիս տիկին Անահիտն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում մորը` նշելով, որ մինչև հիմա էլ ձգտում է նմանվել նրան. «Մայրս քահանայական տոհմից էր սերում: Նրա հորը 37 թվին կուլակաթափ էին արել ու աքսորել, իսկ մորս 4-րդ դասարանից հեռացրել էին դպրոցից: Բայց նա ինքնակրթությամբ էր զբաղվել: Նա է մեր մեջ սերմանել սերը դեպի գիրը, գրականությունը, արվեստը: Բացառիկ գրագետ էր. ամեն խոսք համեմում էր առակներով, ասացվածքներով, իմաստուն խոսքերով»:

Մանկության ամենավառ հիշողություններից է, թե ինչպես էր փոքրիկ աղջնակը ձիավարում, սարերում փնտրում ոչխարների կորած հոտը կամ հորթերին: Ու մինչև հիմա էլ ամպրոպի ժամանակ ներքին տագնապով է սպասում անձրևին. կարծես ոչխարի հոտը մնաց դրսում` անձրևի տակ:

«Երևի սերը բնության նկատմամբ մանկությունից է գալիս, ես բնությունից ուժ, էներգիա եմ ստանում, եթե քաղաքում` բնությունից հեռու ապրեի, երևի խելակորույս կլինեի»:

Դպրոցն ավարտելուց հետո Անահիտը փորձում է ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, սակայն միավորները չեն բավարարում:  Ավելի ուշ նա ընդունվում է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, որն էլ ավարտում է գերազանցությամբ ու արդեն կուսակցության շարքերն ընդգրկված:

Տիկին Գևորգյանը հավատացած է, որ պատահական ոչինչ չի լինում. «Չէի հարմարվում ընտրածս մասնագիտությանը, բայց  հիմա գոհ եմ ընտրությունիցս. ինստիտուտն ինձ շատ բան է տվել: Գուցե այլ բուհ գնայի, հիմա չլինեի այնպիսին, ինչպիսին որ կամ»:

Ավարտելուց հետո 24-ամյա աղջիկը վերադառնում է հայրենի բնակավայր` որպես թերապևտ անասնաբուժական կայանում: «Դժվարություններից երբեք չեմ վախեցել: Իմ աշխատանքն էլ սիրել եմ, կենդանիների դեռ մանկուց եմ սիրել. մեր տանը հորթի կամ գառնուկի ծնվելն իսկական իրադարձություն էր: Դժվար էր միայն տրանսպորտի հարցը, քանի որ սարեր պիտի բարձրանայինք»:

Մասնագիտությամբ, սակայն, աշխատում է ընդամենը վեց ամիս, որից հետո անցնում է կուսակցական աշխատանքի` որպես շրջկոմի հրահանգիչ,  ՀԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, կուսշրջկոմի 1-ին քարտուղար: Վերջին 17 տարիներին էլ իրականացնում է հասարակական գործունեություն և տնօրինում Մարտունու պատկերասրահը:

Անահիտ Գևորգյանը Մարտունիում եղել է շրջկոմի  առաջին ու միակ կին քարտուղարը, որը նաև իր կենսակերպով կարծրատիպեր է կոտրել` ճանապարհ բացելով այլոց համար: «Այն ժամանակ մի կարծրատիպ կար, որ բարձր պաշտոն զբաղեցնող կանայք պետք է լինեն տղամարդակերպ. հիմնականում չէին ամուսնանում, երեխաներ չէին ունենում»,- ասում է Գևորգյանը` հավելելով, որ մայրը, կուսակցական աշխատանքի անցնելու մասին լուրը լսելով, վախեցել է, որ իր դուստրն էլ «տղամարդակերպ» կդառնա: Գևորգյանը, սակայն, հակառակ կարծրատիպերի, ամուսնանում է և ունենում չորս երեխա` երեք աղջիկ և մեկ տղա:

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված լուսանկարներիի ցուցահանդեսը Մարտունու պատկերասրահում

Հարցին, թե ինչպես կարողացավ համատեղել երկուսը, Գևորգյանը նշում է, թե բարդ է բժշկի գործը, որ երեխային գիշերը պետք է թողնի գնա, մնացած դեպքերում պարզապես չպետք է խառնել աշխատանքը և անձնականը. ամեն ինչն իր ժամանակն ունի: Պատմում է, որ տուն մտնելուց հետո մոռացել է թե՛ պաշտոնը, թե՛ աշխատանքը և նվիրվել ընտանիքին. «Տուն եմ մաքրել, մուրաբա եփել, երեխաներիս խնամել, այգուն հետևել: Նույն պարտաճանաչությամբ եմ գործել նաև աշխատավայրում»:

Շրջանային կոմիտեում աշխատելու տարիներին Գևորգյանի  աշխատասենյակում  փակցված  է եղել  Սալոմեի նկարը` մակագրված Սևակի հայտնի տողերով. «Վախենում եմ ես իմ անվան,/ Պատվի համար` որքան անբիծ,/ Նույնքան նաև չպաշտպանված/ Զրպարտության թուխպ ու ամպից…»:

«Այդ ոլորտը միշտ բաց էր թե ՛զրպարտության, թե՛ բամբասանքի համար… Չամուսնացած աղջիկ և  ողջ օրը տղամարդկանց միջավայրում»,- ասում է Անահիտն ու հավելում, որ ամեն ինչ մարդկային որակից է կախված, պարզապես պետք է խղճով աշխատել ու չվախենալ դժվարություններից: «Մայրս միշտ ասում էր, որ հարստությունն ու պաշտոնն անցողիկ են, վերջում միայն ընտանիքը կմնա մաղի վրա: Միշտ այդ սկզբունքով եմ առաջնորդվել: Եվ հիմա իմ ամենամեծ ձեռքբերումը, հարստությունն  ընտանիքս և երեխաներս են»:

Երեխաներին դաստիարակել է անձնական օրինակով: «Միշտ ուզեցել եմ, որ երեխաներս լինեն ազնիվ, պարկեշտ, բարոյական ու աշխատասեր մարդիկ: Ու կարծում եմ` սպասելիքներս արդարացել են: Երեխաների դաստիարակության գործում ամենակարևորը անձնական օրինակն է,  եթե կյանքումդ գիրք կարդացած չկաս և երեխայիդ ասում ես` կարդա, երբեք չի կարդա: Երեխան պետք է ձգտի հասնել ծնողին, օրինակ` ձգտի կարդա` հասնի ծնողին»:

Երեխաների մասին խոսելիս տիկին Անահիտը սկսում է արտասվել. «Որպես մայր հպարտ եմ, որ տղաս հիմա ծառայում է բանակում ու իր լուման ունի հայրենիքի  պաշտպանության գործում»:

Ընտանիքում Տիկին Անահիտը խիստ է` թե՛ իր, թե՛ զավակների բնորոշմամբ: «Աշխատավայրում էլ է խիստ, բայց ընտանիքում մեզ հետ միշտ շատ ավելի խիստ է եղել, ավելի  շատ է նկատողություն անում, բայց եթե այդպես չլիներ, գուցե չլինեինք հիմա այնպիսին, ինչպիսին կանք»,- ասում է կրտսեր դուստրը` Նարեն: Երբ  աղջիկը փորձում է բնորոշել մորը, բառեր չի գտնում. «Ինքն իմ մաման է, դրանով ամեն ինչ ասված է: Եթե ինչ-որ բան է ասում կամ խորհուրդ տալիս, ուրեմն դա է ճիշտը: Իսկ որպես անհատականություն… Կարծում եմ`  մարդիկ մայրիկիցս շատ բան ունեն սովորելու»:

Ընտանիքում տիկին Անահիտը  խստիվ պահպանում է  բոլոր ազգային ավանդույթները, ծիսակարգերը: Տոների ժամանակ խորհրդին համապատասխան  կերակրատեսակներ է պատրաստում և այդ ամենը սովորեցնում նաև իր երեխաներին. «Քաղաքակրթությունը ազգայինը ոտքի տակ տված գնում է, լավագույն օրինակը հարսանիքներն են, ամեն ինչ վերցված  է կաթոլիկ աշխարհից: Գյուղական վայրերում ինչ-որ չափով ազգայինը դեռ պահպանվում է  հետամնացության շնորհիվ: Եթե իշխանությունները մի փոքր հոգ տանեն, հնարավոր կլինի ծիսակարգերը վերականգնել, քանի որ այդ ամենը մարդկանց հոգում է, դեռ վերջնականապես կորսված չէ»:

ԽՍՀՄ փլուզումից ու անկախության հռչակումից հետո Անահիտը որոշ ժամանակ աշխատանք չուներ, սակայն մարդիկ մեխանիկորեն նրա մոտ էին շտապում, երբ օգնության կարիք էին ունենում: Իր կյանքի այդ ժամանակահատվածը հիշելիս Գևորգյանը իրեն համեմատում է «անգոլ թոնրի» հետ (երբ մարդ մեխանիկորեն ձգվում է դեպի թոնիրը տաքության ակնկալիքով, բայց այն սառն է, հանգած).  «Իմ տուն էին գալիս, եթե բժիշկը բարեխիղճ չէր, չէր սպասարկում, եթե աշխատանքից էին ազատել, անարդարության էին հանդիպել: Մարդիկ ինձնից լուծում էին ակնկալում, բայց մեկը լիներ ինձ օգներ այդ ժամանակ: Կատակով ասում էի` ձեր տերը ես եմ, ես էլ անտեր եմ»:

Ստեղծված իրավիճակից ելք փնտրելիս Գևորգյանը եզրակացնում է, որ մարդկանց օգնելու լավագույն տարբերակը հասարակական գործունեությունն է. «Ես հիմա ավելի ազատ եմ, կարող եմ անել այն, ինչը չէի կարող այն ժամանակ»:

1994-ին Մարտունիում հիմնադրում է Կանանց հանրապետական խորհրդի մասնաճյուղ, իսկ արդեն 2000-ին` «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն: «Ուզում եմ, որ մարդկանց  մտածելակերպը փոխվի,  որ մարդն իմանա`  պետական կառույցներից բացի, կան այլ կառույցներ, որոնք կարող են անել այն, ինչը չի հասցնում պետությունը: Հավատը և մտածելակերպը շատ կարևոր են, որ հետո գան քո հետևից: Ուստի ինչ անում ես, պիտի ազնիվ անես, որ ամեն ինչ իր տեղն ընկնի: Մարդը պետք է քեզ հավատա, իսկ հավատին գործով պետք է արժանանաս»:

Անդրադառնալով գենդերային հավասարության խնդրին` Գևորգյանը նշում է, թե գենդեր  բառն այնքան է անտեղի օգտագործվել, որ գենդերային խնդրի մասին լսելիս հակառակ արձագանք է առաջանում: Նշում է, որ գենդերային խնդիր չկա, քանի որ բոլոր ոլորտներում կանայք կան, օրենքով էլ հավասարությունն ամրագրված է: Այլ խնդիր կա.  կինը տնտեսապես կախված է ամուսնուց,ուստի երբեմն ամուսինը կարող է նրա հետ վարվել այնպես, ինչպես ուզում է:

Գյուղական համայնքներում գործոն է նաև հետամնացությունը. մտածում են` կինը իրենց սեփականությունն է և կարող են արգելել, որ  ինչ-որ բանով զբաղվի: Սա այլ  խնդիր է, որի լուծման համար նախ պետք է փոխել հավաքական մտածելակերպը:

Գևորգյանը կարևորում է նաև կանանց ներգրավումը քաղաքականության մեջ. մարդկանց աչքը  պետք է սովորի կայացած ու դրսևորված կնոջը: Կանանց պետք է դրսևորվելու հնարավորություն տալ: «Որպեսզի ունենանք լավ ու կատարյալ հասարակություն, ուժեղ տղամարդկանց կողքին պետք է լինեն ուժեղ կանայք, սխալ է միջակ տղամարդուն տանել առաջ և ուժեղ կնոջը թողնել, այ այստեղ է, որ միջամտություն է հարկավոր, պետք է կանանց կայացման, դրսևորման համար պայմաններ ստեղծել»:

Գևորգյանը կարծում է, որ հասարակական սեկտորն իր գործունեությամբ կարող է «մատից փուշ հանել», բայց ոչ կենսական վիրահատություն կատարել. դրա համար հարկավոր է պետական աջակցություն և միջամտություն:

 

Դիտվել է 3184 անգամ:
Print Friendly

Leave a Reply