Ադրբեջանցիները ցանկացել են, որ մերոնք քաջալերեն իրենց
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 7, 2011 12:00
Վերջերս Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված լողափնյա հանդբոլի միջազգային մրցաշարին Հայաստանից երկու թիմ էր մասնակցում: Եվ մերոնք այդպես էլ չեն կարողացել հաղթել որևէ երկրի հավաքականի: Եվ ստացվել է, որ մեր երկրի մի թիմը առավելության է հասել մյուսի նկատմամբ և դրանով էլ բավարարվել:
Ի դեպ, Հայաստանի թիմերին մրցասպարեզ էր հանել նույն մարզիչը` Աստղիկ Գյուրջինյանը: Նա հայտնեց, որ զարմանալի ոչինչ չկա: Բանն այն է, որ ստուգատեսին մասնակցում էր դասական հանդբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի մարզիչն ինքն է: Փաստորեն, այդ թիմի խաղացողները երկու մասի են բաժանվել: Մեկում մեր հավաքականի հիմնական կորիզն է եղել, որին միացել են փորձառուները` Արմինե Անտոնյանը և Լիանա Գրիգորյանը: Առաջին թիմը կրել է «Երևանի հավաքական» անվանումը: Իսկ մյուս թիմը պայմանականորեն ստացել է Վանաձորի հավաքական անվանումը, քանի որ հիմնականում այդ քաղաքի հանդբոլիստուհիներ են ընդգրկվել: Սակայն այդ հավաքականն արդեն պատանեկան տարիքի աղջիկներից է կազմված եղել: «Մեզ նախապես հայտնել էին, որ մինչև 18 տարեկան հանդբոլիստուհիներով ներկայանանք մրցավայր: Բանն այն է, որ հաջորդ տարվա սեպտեմբերին Բաթումում կայանալու է այդ տարիքի մարզուհիների Եվրոպայի առաջնությունը, և այս ստուգատեսը կազմակերպիչների համար պետք է ստուգողական լիներ: Սակայն Ադրբեջանի և Ուկրաինայի հավաքականները մրցավայր են ներկայացել մեծահասակ խաղացողներով: Ընդ որում, ուկրաինացիների թիմը նախկինում խաղացել է լողափնյա հանդբոլի Եվրոպայի առաջնություններում: Իսկ Ադրբեջանի հավաքականում ռուսաստանցի մեծահասակ լեգեոնականներ էին: Սահմանակից երկրի այդ թիմը տարիներ շարունակ մասնակցում է Եվրոպայի ակումբային առաջնությանը: Իսկ Ուկրաինան ներկայացնում էր Տերնոպոլ քաղաքի ակումբի ուժեղ թիմը: Կազամակերպիչներն այլևս ոչինչ չէին կարող անել: Եվ տանտերերն էլ մրցասպարեզ հանեցին Փոթիի և Բաթումի մեծահասակների հավաքականները: Այսպես հայտնվեցինք դժվարին դրությունում»,- ասաց Գյուջինյանը:
Թիմերը տեղաբաշխվել են երկու խմբերում: Մերոնք խնդիր են դրել, որ Երևանի հավաքականը հատկապես լավ խաղա Ադրբեջանի ընտրանու հետ: Սկզբում հավասար պայքար է ընթացել, սակայն վրացի մրցավարները կողմնակալություն են դրսևորել: Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականին օգնել, այն մրցասպարեզ է հանել վրացի մասնագետը: Ի վերջո, ադրբեջանական թիմի փորձն էլ դեր է խաղացել, և հաղթել է: Մերոնք մրցավարության զոհ են դարձել նաև Բաթումի հավաքականի հետ հանդիպումում, երբ մրցավարները մի քանի գնդակ թյուրիմացաբար «մոռացել են» Հայաստանի հավաքականի օգտին գրանցել: Ի վերջո, Երևանի հավաքականը պարտվել է մեկ գնդակի տարբերությամբ: Թիմերը, ի վերջո, աղյուսակում տեղաբաշխվել են այսպիսի հերթականությամբ. Ուկրաինա, Ադրբեջան, Փոթի, Բաթում, Երևան, Վանաձոր:
Մարզիչը հայտնեց, որ Ադրբեջանի և Ուկրաինայի թիմերում 24-28 տարեկան այնպիսի խաղացողներ են եղել, որոնք միջազգային բազմաթիվ ստուգատեսների են մասնակցել և լավ են ճանաչում «Չելենջ տրոֆի» մրցաշարի լավագույն ռմբարկու և խաղացող ճանաչված Անտոնյանին, նախկինում նրա հետ խաղահրապարակում մրցելու առիթներ են ունեցել: «Վրաստանի երկու թիմերի խաղացողներն էլ մերոնցից ավելի տարիքով էին, թեև նրանք ավելի կարճահասակ էին: Նրանք առավելություն ունեին նաև այն առումով, որ այս ամռանը Վրաստանում լողափնյա հանդբոլի միջազգային սեմինար է կազմկերպվել, խաղացողները Սև ծովի ափին մի քանի ուսումնամարզական հավաք են անցկացրել, որտեղ պարապմունքների համար հիանալի պայմաններ կան: Ի դեպ, վրացուհիները նոր տարածվող խաղի կանոններին շատ ավելի լավ էին տեղյակ, քան մերոնք, որոնք մինչ այդ միայն մեկ անգամ էին լողափնյա հանդբոլի միջազգային մրցումների մասնակցել: Երևանի հավաքականին խանգարեց նաև այն, որ բացակայում էր հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը: Նա կարողություններն է փորձում նաև ֆուտբոլում, պաշտպանում է Հայաստանի երիտասարդական հավաքականի պատիվը և ընտրական խաղերի էր մասնակցում: Բիլյանի փոխարեն մեր թիմի դարպասը վստահվել էր երկրորդ դարպասապահին»,- պարզաբանեց Գյուրջինյանը:
Այդուհանդերձ, բոլոր առումներով մեր մարզուհիների համար այս մրցաշարին մասնակցելը ուսանելի է եղել: Չպետք է անտեսել, որ այս մարզաձևը նոր է արմատավորվում մեր երկրում: Ինքնին հարց է առաջանում, թե մյուս տարի Հայաստանի հավաքականը կարո՞ղ է արժանավայել մեր երկիրը ներկայացնել նույն մրցավայրում կայանալիք լողափնյա հանդբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Ըստ Գյուրջինյանի` թիմի կազմը պետք է ուժեղացնեն ֆրանսիացի մեր հայրենակցուհիները, այնպես, որ պետք է սպասել. որ այլ ներուժի հավաքական կունենանք: Եթե ուսումնամարզական հավաքներ կազմակերպվեն, նախապատրաստվեն, ապա արդյունքը լավ կլինի: Չպետք է անտեսել նաև, որ մերոնք խաղալու են արդեն իրենց հասակակիցների հետ:
Հետաքրքիրն այն է, որ ուկրաինական թիմի մարզիչը միջազգային մրցաշարի ավարտից հետո առաջարկել է Հայաստանի հավաքականի 17-ամյա խաղացող Լուիզա Թուխիկյանին, որ նա տեղափոխվի Տերնոպոլ և իր գլխավորած թիմի կազմում հանդես գա Ուկրաինայի առաջնությունում: Լուիզան 174 սմ հասակ ունի, և ցանկացած թիմ այդպիսի խաղացողի կարիք է զգում: Մեր մարզուհուն գայթակղիչ առաջարկներ են արվել, խոստացել լուծել նաև բուհում ուսումը շարունակելու հարցը:
Հավելենք, որ թեև մեր թիմի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բախումներ չեն եղել, հետո վեճ է առաջացել: Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականների եզրափակիչ հանդիպման ընթացքում մերոնք քաջալերել են ուկրաինացիներին: Խաղից հետո ադրբեջանցիները մոտեցել և փորձել են հանդիմանել մերոնց, թե ինչու են այդպես վարվել: Սակայն այդ մարզուհիները ծանոթ են եղել Անտոնյանին, և բռնկում տեղի չի ունեցել:






Facebook
Tweet This
Email This Post
