Ինչո՞ւ են պակասել ծանրորդների մեդալները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 9, 2011 14:00

Մրցաշրջանը մոտենում է ավարտին: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներին քիչ ժամանակ է բաժանում տարվա գլխավոր փորձությունից: Նոյեմբերի 5-13-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում խաղարկվելու են մեդալներ, նաև, ըստ թիմերի զբաղեցրած տեղերի, վերջնական վճռվելու է, թե որ երկրից քանի մասնակից է լինելու Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում: Հանդիպելով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանին, նախ, հետաքրքրվեցինք, թե ինչու այս տարի մեր ծանրորդները համեմատաբար ավելի քիչ մեդալների են տիրացել, քան նախորդ մրցաշրջանում:

– Կատարվածն անսպասելի չէ: Բանն այն է, որ տարին նախաօլիմպիական է, բոլոր ուժերը կենտրոնացվել են աշխարհի առաջնության մասնակցության վրա: Մեր ազգային հավաքականում կան այնպիսի մարզիկներ, որոնք կարող էին հաջողությամբ հանդես գալ խոշորամասշտաբ երիտասարդական, ուսանողական ստուգատեսներում, սակայն նրանց շատ ծանրաբեռնել չենք ցանկացել: Բացի այդ, փորձել ենք վնասվածքներ ստանալու վտանգից այդ մարզիկներին զերծ պահել: Այնպես որ ամեն ինչ իր հունով է ընթանում: Մի օրինակ բերենք: Մեր տիտղոսավոր մարզիկներից Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանը բաց են թողել մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, մինչդեռ նրանք պոտենցիալ չեմպիոններ էին կամ առնվազն մրցնակակիրներ:

Արդյոք արդարացվա՞ծ է, որ մարզիկները, տարվա ընթացքում առանց իրենց կարողությունները միջազգային որևէ խոշոր ստուգատեսում փորձելու, անմիջապես մրցահարթակ են դուրս գալու աշխարհի առաջնությունում:

– Մարզիկը պետք է 7-8 ամիս պարապի միայն մեկ մրցման մասնակցելու համար: Ի դեպ, մյուս երկրների հավաքականների կազմերում էլ աշխարհի առաջնությանը կմասնակցեն այնպիսի մարզիկներ, որոնք տևական ժամանակ մրցասպարեզում չեն երևացել: Իսկ Հայաստանի հավաքականն իր հիմնական կազմն ունի, որը երկար ժամանակ է` նախապատրաստվում է:

Նախապատրաստական շրջանում որևէ խաթարում, դժվարություն չի՞ եղել:

– Ոչ մի: Կատարվում է այն ամենը, ինչ նախապես ծրագրվել է: Դա հսկայական աշխատանք է, որի ժամանակ անելիք ունեն ոչ միայն մարզիչները և նրանց սաները, այլև պարապողների կողքին գտնվող բժշկական խմբի անդամները, հոգեբանները և ուրիշները: Ուժերի վերականգնման համար մարզիկները ստանում են վիտամիններ և ժամանակակից համապատասխան միջոցներ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հոկտեմբերի 5-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Ապա հոկտեմբերի 18-ին հավաքականը մեկնելու է Պոդոլսկ, այնտեղից էլ կուղևորվի Փարիզ: Մարզուհիների ընտրանին ավարտել է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը և պարապմունքները կշարունակի Աբովյանում:

Հայաստանի կանանց հավաքականը կորուստ ունի: Աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը հայտնել է, որ այլևս մրցահարթակ դուրս չի գալու: Դա չի՞ խանգարի մեր հավաքականին ցանկալի արդյունքի հասնել:

– Նազիկը չի պարապում և պատրաստ չէ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Նա ավտովթարից հետո ապաքինվել է, իրեն լավ է զգում, սակայն ծանրամարտով զբաղվել չի կարող: Բժիշկներն են արգելում մարզուհուն այդ անել: Ինչ խոսք, նա հավաքականին կարող էր շատ օգնել: Այդուհանդերձ, այժմ մեր երկրի կանանց  հավաքականի կազմում  մրցհարթակ կարող է դուրս գալ և լուրջ հավակնություններով պայքարել 5 մարզուհի: Իսկ հաշվարկային միավորներ են տալու հավաքականին 4 ծանրորդուհիները: Հայաստանի տղամարդկանց հավաքականում 7 մարզիկ կա: Հաշվարկային կարող է լինել միայն 6 մասնակցի ցուցանիշը:

Ո՞ւմ հետ կարող ենք հույսեր կապել:

– Մարզուհիներից նախապատրաստվում են Իզաբելլա Յայիլյանը (53 կգ), Ալլա Սամվելյանը (58 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ), Նաիրա Հարությունյանը (+75 կգ): Ծանրորդների հավաքականում են  Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը (երկուսն էլ` 69 կգ), Առաքել Միրզոյանը, Տիգրան Մարտիրոսյանը (երկուսն էլ` 77 կգ), Արա Խաչատրյանը, Արայիկ Միրզոյանը (երկուսն էլ` 85 կգ) և գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը:

Ինչո՞ւ այդ մարզիկների թվում չէ 2010-ի Եվրոպայի չեմպիոն, 85 կգ քաշային Գևորիկ Պողոսյանը:

– Վիրահատել են նրա քիթը, բացի այդ, նախապատրաստվելուն խանգարեց մեջքի ճողվածքը: Փաստորեն, նախապատրաստվում են այն մարզիկները, որոնք մեդալներ կարող են նվաճել կամ առնվազն լինել տասնյակում, բարձր միավորներ բերել: Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերի մասնակիցների թվում ունենանք առնվազն 4 մարզուհի և 5 մարզիկ: Աշխարհի նախորդ առաջնության ցուցանիշով ներկայումս  ունենք կանանց և տղամարդկանց 4-ական տեղ: Եթե Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով մինչ 11-րդ հորիզոնականում լինի, կունենանք 5 մասնակից: Իսկ մարզուհիները կարող են մինչև 18-րդ տեղը գրավել: Այդ դեպքում 3 մասնակից կունենանք, որը մեր համար բավարար է:

Արա խաչատրյանի առողջական վիճակը ներկայումս ինչպե՞ս է:

– Նորմալ, նա մարզվում է և բարձր կիլոգրամներ է հաղթահարում:

Հայաստանի հավաքական թիմերի մարզչական շտաբում կա՞ն փոփոխություններ:

– Ոչ: Տղամարդկանց հավաքականը գլխավորում է Պողոս Պողոսյանը, նրան օգնում է Փաշիկ Ալավերդյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը: Բացի այդ, բոլոր ծանրորդների անձնական մարզիչներն ուսումնամարզական հավաքների ժամանակ նրանց կողքին են:

Մերոնց համար աշխարհի առաջնությունով մրցաշրջանը կավարտվի՞:

– Ռուբեն Ալեքսանյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը հրավեր են ստացել մասնակցելու տարեվերջին` դեկտեմբերի 11-14-ը Բելգրադում կայանալիք միջազգային մրցաշարին:

Եվ քանի որ 2012-ը օլիմպիական խաղերի տարի է, հետաքրքիր է, թե ի վերջո այդ ստուգատեսում ի՞նչ է լինելու մերոնց առաջադրանքը:

– Ինչպես հայտնի է, 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում  բրոնզե մեդալակիր են դարձել  երկու Տիգրան Մարտիրոսյանները և Գևորգ Դավթյանը: Այս անգամ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը խոսք է տվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և մեր երկրի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որ հնարավորն արվելու է առաջիկա օլիմպիական խաղերում նախորդից ավելի բարձր պարգևի տիրանալու համար: Այսինքն, եթե մեկ ոսկե մեդալ էլ մերոնք նվաճեն, արդյունքը փայլուն կհամարվի:

Ի՞նչն է պատճառը, որ նախորդ օլիմպիական խաղերի մրցանակակիրներից միայն մեկն է ներկայումս հավաքականում` փոքր Տիգրան Մարտիրոսյանը:

– Երկուսն էլ`Մարտիրոսյանը և Դավթյանը, տարիքով մեծ են և թողել են ծանրամարտը:

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply