Ո՞ւմ ենք վստահում մեր ատամները
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | October 9, 2011 7:00
Առողջ և գեղեցիկ ատամներ ունենալ ցանկանում են բոլորը: Սակայն, միշտ չէ, որ ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են: Հայաստանում ստոմատոլոգիական ծառայության վիճակի, խնդիրների ու անելիքներին է նվիրված մեր զրույցը երիտասարդ մասնագետ Անժելա Հովհաննիսյանի հետ:
Եթե 20-30 տարի առաջ ատամնաբուժությունը մեր երկրում ցածր մակարդակի վրա էր, ապա այսօր, ատամնաբույժ Անժելա Հովհաննիսյանի խոսքով, այն լուրջ զարգացում է ապրում: Նրա սերնդակիցները, ստանալով ավելի արդիական գիտելիքներ ու ծանոթ լինելով նորագույն տեխնիկային, ուսումը շարունակել են օրդինատուրայում` Ազգային առողջապահության ինստիտուտում: Հովհաննիսյանը վստահեցնում է, որ մեր ատամնաբույժներն իրենց գիտելիքներով համարյա չեն զիջում արտասահմանցիներին:
Սակայն այս առաջընթացին զուգահեռ առաջացել են բացասական երևույթներ: Ամենաակնհայտը բժշկական ինստիտուտների թվաքանակի աճն է, ինչի հետևանքով մեծանում է ատամնաբույժների թիվը, նվազում` որակը: Բժշկուհու կարծիքով, եթե տվյալ անձն ունի համապատասխան գիտելիքներ, նշանակություն չունի, թե որ բուհն է ավարտել, և հստակ նպատակների ու փորձի շնորհիվ, որը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, իհարկե, բացը լրացնելով համացանցի կամ այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով, կարող է դառնալ պահանջված մասնագետ:
Զարմանալի է, բայց Եվրոպայում ատամնաբույժների թվով Հայաստանն առաջին տեղում է: Եթե մյուս երկրներում յուրաքանչյուր անձին սպասարկում է 4-5 ատամնաբույժ, ապա մեր երկրում` 10:
Հայաստանում գործում են 750-ից ավելի ատամնաբուժական կլինիկաներ, որոնցից, սակայն, Հովհաննիսյանի կարծիքով, ոչ բոլորն են ապահովում բարձրակարգ որակավորված բուժսպասարկում` թե’ մասնագիտական, թե’ սանիտարահիգիենիկ առումով: Իսկ այն կլինիկան, որտեղ նա է աշխատում, համապատասխանում է ժամանակակից չափանիշներին:
Պարոդոնտիտ
Բոլորն էլ, առանց բացառության, ցանկանում են ունենալ ձյունաճերմակ հոլիվուդյան ժպիտ ու առողջ, ամուր ատամնաշար: Ու, բնականաբար, առանց բացառության, բոլորն էլ կամենում են բնական ատամնաշարը պահպանել հնարավորինս երկար: Սակայն դրա համար հարկավոր է առողջ լնդեր ունենալ: Ուրեմն արժե խոսել պարոդոնտիտի մասին. ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջանում ու ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել:
Անժելա Հովհաննիսյանն ասում է, որ պարոդոնտի հիվանդությունն ատամները կորցնելու գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել: Մեր արդիականության մեջ պարոդոնտի հիվանդությունները հանդիպում են շատ հաճախակի:
Գլխավոր պաճառներից է ատամնաքարերի առկայությունը լնդագրպանիկներում: Ատամնաքարերը առաջանում են ատամնափառի, թքի մեջ եղած հանքային տարրերի կուտակման հետևանքով և իրենց մեջ պարունակելով բազմաթիվ մանրէներ` ախտահարում են լնդերը և առաջացնում պարոդոնտի հիվանդություններ, որոնք լինում են երեք տեսակ:. Սկզբնական փուլը գինգիվիտն է (լնդաբորբ), որը չբուժվելու դեպքում վեր է ածվում պարոդոնտիտի և պարոդոնտոզի, իսկ այն ներառում է նաև ոսկրային հյուսվածքը, առաջանում են նաև ախտաբանական լնդագրպանիկներ, ատամների շարժունություն և դրանց վաղաժամ կորուստ:
Տարիքային սահմանափակում չկա, սեռահասունության տարիքից սկսած, նույնիսկ երեխաների մոտ, եթե որոշ օրգան համակարգերի հիվանդություններ կան, կարող է ի հայտ գալ պարոդոնտիտ: Նշանակություն ունի նաև ժառանգական նախատրամադրվածությունը, իսկ որպես գանգատներ հիվանդները նշում են արնահոսությունը լնդերից, տհաճ հոտը բերանից, այրոցի, քորի զգացողությունը, որոնք հանգեցնում են հիվանդության խորացմանը:
Թվարկվածներից մեկը կամ մի քանիսը հաստատ ծանոթ են յուրաքանչյուրիս: Ու թերևս դժվար է հավատալ, որ այս ախտանշանների հարուցիչներն այն մանրէներն են, որոնք ատամնանստվածք են գոյացնում:
Ատամնաբույժ Հովհաննիսյանն ավելացրեց, որ խոզանակի դերը շատ կարևոր է, այն պետք է փոխել 2-3 ամիսը մեկ, եթե նույնիսկ կարծում ենք, որ լավ վիճակում Է, իսկ պարոդոնտի հիվանդությունների ժամանակ խորհուրդ տվեց օգտագործել փափուկ խոզանակ: Ատամները լվանալ օրը 2 անգամ` առավոտյան արթնանալուց և երեկոյան` վերջին չափաբաժինը ուտելուց հետո, իսկ օրվա ընթացքում ուտելուց հետո ատամները պարզապես ողողել գոլ ջրով:
Ծամոն. օգո՞ւտ, թե՞վնաս
Գովազդները ծամոններին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում:
Բժշկուհի Հովհաննիսյանի կարծիքով` ծամոնը դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե օգտագործվում է ուտելուց հետո միջատամնային հատվածներից սննդային մասնիկների մեխանիկական հեռացման առումով: Հավելենք նաև, որ այն նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը և մարսողության լավացմանը: Տհաճ հոտը վերացնելու համար ևս ծամոնը դեր ունի, իհարկե, ժամանակավոր, բայց եթե կա հոտ, ուրեմն կա պատճառ, որը պետք է վերացնել ավելի մասնագիտական մոտեցմամբ: Անընդհատ ծամելը, սակայն, վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:
Վերջապես, ատամների առողջությունը սերտորեն կապված է մարդու օրգան համակարգերի հետ: Ցանկացած օրգան համակարգի հետ կապված որևէ խնդիր իր արտահայտությունն է ունենում նաև լեզվի վրա և բերանի խոռոչում:
Իսկ ատամնաբույժներին հաճախ չդիմելու կամ էլ «դանակը ոսկորին» չհասնելու և ամուր ատամներ ունենալու համար Անժելա Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ատամնաբույժներին այցելել ժամանակ առ ժամանակ նաև կանխարգելիչ նպատակներով:
Մարի ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
