Գյուղապետ տիկին Զոյան «տղամարդ կին» չէ, պարզապես կին է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 8, 2011 7:00

Գեղարքունիքի Շատջրեք գյուղի բնակիչ Լազեր Մանուչարյանը որևէ անսովոր բան չի տեսնում, որ իրենց գյուղապետը կին է. «Ի՞նչ տարբերություն կի՞ն է, թե՞ տղամարդ,-ասում է նա ու ծիծաղելով ավելացնում,- դեռ ավելի լավ, որ կին է, կնոջ խոսքը միշտ կատարում են»:

Շատջրեքի գյուղամեջում մեզ հետ զրուցող տղամարդկանցից միայն այդ մեկը չէր, որ նման կարծիք հայտնեց. մյուսները ևս հավաստեցին, թե նորմալ են ընդունում գյուղապետ կնոջ փաստը: «Էն, ինչը կարա անի տղամարդը, կարա անի նաև կինը` մասնագիտությունների առումով»,-ավելացրեց մեկ ուրիշը:

Սակայն 33-ամյա մի երիտասարդ այդպես էլ անդրդվելի մնաց` համարելով, որ գյուղապետը կնոջ գործ չէ. «Ես դա չեմ ընդունում,- ասաց նա,- համենայն դեպս չէի ուզենա, որ իմ կինը գյուղապետ լինի: Առավոտը տնից դուրս գա, գիշերը նոր գա տո՞ւն»: Իրենց գյուղապետի` տիկին Զոյայի դեպքում ուրիշ է. «Դե, նա տղամարդ կին է»,-վստահորեն ասաց երիտասարդը` առանց մեկնաբանելու, թե ինչ է հասկանում «տղամարդ կին» ասելով:

Զոյա Գևորգյանն արդեն 15 տարի է` Շատջրեքի գյուղապետն է: «Սխալ է այն մտածելակերպը, թե կինը չի կարող նման պաշտոն զբաղեցնել,- ասում է  նա և կես կատակ, կես լուրջ ավելացնում,- ընդհակառակը, եթե  տղամարդը միայն ուղեղով է մտածում, ապա կինը` և՛ ուղեղով, և՛ սրտով»:

Շատջրեքի գյուղապետի հետ հանդիպեցինք նրա համեստ, մաքուր ու կոկիկ տանը (հավանաբար համայնքապետարանի անմխիթար վիճակի պատճառով էր որոշել լրագրողին տանը հյուրընկալել): Մինչ զրույցին անցնելը տիկին Զոյան մեկ անգամ էլ խառնեց շաքարավազի մեջ թաթախված թզերը: «Լավ էր, որ եկաք,- ասաց նա,- որ տուն չգայի, մրգի մեքենային չէի հանդիպի: Հասցրեցի գնել, երեկոյան մուրաբաներս կպատրաստեմ…»:

Տիկին Զոյան այս պահին մենակ է ապրում, քանի որ երեք երեխաներն էլ մայրաքաղաքում են (ավագ որդին ու դուստրն ամուսնացած են, փոքր որդին սովորում է բուհում), իսկ ամուսինն արդեն մեկ տարի է` կյանքից հեռացել է:

Չնայած մենակությանը, նա չի պատրաստվում հեռանալ գյուղից և գնալ երեխաների մոտ, քանի որ, ինչպես ինքն է ասում, գյուղում են իր մյուս «երեխաները»: «Միգուցե չհավատաք, բայց եթե անգամ մեկ կամ երկու օրով բացակայում եմ, ինձ թվում է` գյուղը տարան, իմ ժողովրդին նեղացրին: Առանց գյուղի չեմ պատկերացնում իմ կյանքը»,-ասում է նա:

Ամենափոքր հարցից մինչև ամենամեծ հարցը գյուղի բնակիչները քննարկում են տիկին Զոյայի հետ: «Դպրոցում գումար են ուզել կամ էսօր ինձ ու իմ հարսին մեկը եկավ խառնեց…»,- ծիծաղելով թվարկում է գյուղապետը: Պատահական չէ, որ գյուղացիներից մեկը նրան «խաղաղության աղավնի» է անվանում` ասելով, թե ուր գնում է, հանգստացնում և խաղաղություն է բերում:

Շատջրեքը համերաշխ և միասնական գյուղ է: «Իմ կարծիքով, մեր գյուղն ուրիշ է, ժողովուրդը մեկը մյուսի նկատմամբ ջերմ է, մեկը մյուսի կողքին կանգնած, ինչպես մեծ մի ընտանիք»,- իր համայնքն այսպես է բնութագրում տիկին Զոյան: Ասում է, որ ամուսնու կորստի ցավը չէր կարող տանել, եթե չլինեին գյուղն ու իր աշխատանքը. «Դա ինձ ուժ տվեց, որ դիմանամ»: Ամուսնու կորուստը մեծ հարված էր, քանի որ առանց նրա տիկին Զոյան կարծես չունի առաջվա ուժն ու եռանդը. «Որքան էլ որ դժվարություններ ունենայի, ամուսինս ինձ «դուխ» էր տալիս, միշտ ասում էր` մի վախեցիր, արա՛, դու կարող ես»:

Երևի դա նաև նրանից էր, որ տիկին Զոյան կարողանում էր իր ուսերին կրել թե՛ ընտանիքի և թե՛ համայնքի հոգսերը: «Իմ մեջ էներգիան շատ-շատ էր,- ասում է նա,- ես ամբողջ գիշեր կարող էի բերել, լցնել, պահածոները փակել, առավոտյան շուտ ճաշը պատրաստել, ամեն ինչ տեղը տեղին դասավորել, նոր աշխատանքի գնալ, որպեսզի ընտանիքս չզգար իմ զբաղվածությունը: Բայց շատ մեծ էր ամուսնուս օգնությունը: Եթե նա ուրիշ մտածելակերպ ունենար, միգուցե ես չկարողանայի հասցնել այդ ամենը և զբաղվեի միայն տնային տնտեսությամբ»:

Շատ հետաքրքիր է, թե ինչպես է ծնունդով ղարաբաղցի տիկին Զոյան դարձել Շատջրեքի գյուղապետ: 1991 թվականն էր: Արդեն 25 տարի նա Երևանում էր ապրում. դպրոցն ավարտելուց հետո հայրենի գյուղից` Խծաբերդից դուրս էր եկել, ուսումը շարունակել Երևանի բժշկական ուսումնարանում, ապա ամուսնացել ու մնացել Երևանում:

Երբ պատերազմը սկսվում է, եղբոր ընտանիքը մեկնում է գյուղը պաշտպանելու: «Ղարաբաղ ուզողը չի գալիս հրապարակում կանգնում, ասում` ես Ղարաբաղն ուզում եմ, վեր է կենում, գնում Ղարաբաղը հետ բերելու»,- ասում է եղբայրը: «Մենք եղբայրներով ու քույրերով լծվեցինք մեր գյուղը պաշտպանելու գործին,- պատմում է Զոյա Գևորգյանը,- Հադրութի շրջանի 14 գյուղ տեղահանվել էր, մնացել էին երկուսը, որոնցից մեկը մերն էր: Այնտեղ էին նաև մեր ծնողները: Մի բուռ ժողովրդով այդ երկու գյուղը պահեցինք, որովհետև դրանք Հադրութի դարպասներն էին, իսկ Հադրութը` Արցախի դարպասն էր»:

Գևորգյան քույրերը Երևանից պարեն, զինամթերք, հագուստ են տեղափոխում Խծաբերդ, վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տալիս և տեղափոխում մայրաքաղաք: «Մի մեծ ժամանակաշրջան քույրերով անցկացրինք Երևան-Խծաբերդ ուղղաթիռի մեջ,- ասում է նա,- որտեղից որ հնարավոր էր, ինչ որ հնարավոր էր, հավաքում, 3 տոննա բեռ էինք սարքում և տեղափոխում գյուղ»:

1993 թ., երբ տիկին Զոյան այս անգամ էլ Վարդենիսի շրջանից էր բեռներ հավաքում Խծաբերդի պաշտպանության համար, նկատում է այս գյուղը: «Սա ադրբեջանական գյուղ էր, որի բնակիչները շարժման հենց սկզբին հայ փախտականների հետ մեկ ուրիշ գյուղով փոխանակել էին,- ասում է նա,- այդ ժամանակ եղբայրս Խծաբերդից լուր ուղարկեց, թե գյուղը կարող են տալ, և ինձ ասաց, որ մի տուն գտնեմ, որպեսզի գյուղը գրավելու դեպքում մեր ծնողներին տեղափոխենք»:

Տիկին Զոյան, որ շատ էր հավանում այդ տարածքները, Շատջրեքում մի տուն է գնում: Բարեբախտաբար Խծաբերդը թշնամին չի կարողանում գրավել. նաև` Զոյա Գևորգյանի եղբոր արյան շնորհիվ: Գյուղը պահում են, իսկ Շատջրեքի տունը ծառայում է որպես ամառանոց:

1996 թվականն էր: Հերթական անգամ տիկին Զոյան իր ընտանիքով եկել էր Շատջրեք` ամառային արձակուրդն անցկացնելու: Երբ սեպտեմբերին ընտանիքը պետք է վերադառնար Երևան, որպեսզի պատրաստվեր փոքր որդուն առաջին դասարան ուղարկելուն, գյուղի բնակիչները հավաքվում են տան առջև և «պահանջում», որ նրանք մնան: «Մարդիկ մեր էս տան ճանապարհին լիքը լցվել, նստել էին, ասում էին` չենք թողնի, որ գնաք, պիտի մնաք, ինձ էլ թե` պիտի մասնակցես գյուղապետի ընտրություններին»:

Տիկին Զոյային այդ պաշտոնում տեսնելու ցանկությունը գյուղացիների մեջ պատահական չէր ձևավորվել. պատերազմի ընթացքում և դրան հաջորդող մութ ու ցուրտ տարիներին փախստականներով բնակեցված գյուղը, որ լքված ու մոռացված էր, ինչպես շատ ու շատ հայկական գյուղեր, ուժեղ, նվիրյալ ու կարեկից մարդկանց կարիք էր զգում: Տիկին Զոյան հենց այդպիսին էր: «Գյուղը լույս չուներ, ոչ ոք ռիսկ չէր անում շրջկենտրոն գնալ և լույս պահանջել: Ես նախաձեռնեցի, լույսի հարցը կարգավորվեց,-ասում է նա,- գյուղում ո՛չ բժիշկ կար, ո՛չ բուժկետ, մի վայրկյան հանգիստ չունեի, ամբողջ օրը կա՛մ ես էի գնում, կա՛մ իմ տուն էին գալիս, շատ ժամանակ իմ փոքրին գրկած վազում էի մեկի տուն, բուժօգնություն ցույց տալիս, հետ գալիս: Մի խոսքով, մնացի և մասնակցեցի գյուղապետի ընտրություններին: 1996 թ. նոյեմբերի 23-ին դարձա գյուղապետ»:

Այդ ընտրությունից հետո երեք անգամ Զոյա Գևորգյանը վերընտրվել է իր պաշտոնում: 15 տարվա պաշտոնավարության ընթացքում շատ բան է փոխել գյուղի կյանքում, բայց ուզում է խոսել ոչ թե արածի, այլ չարածի և ծրագրվածի մասին: «Գյուղի առաջնային  խնդիրներից մեկը, որ շարունակում է չլուծված մնալ, համայնքային կենտրոնի վերանորոգումն է, որի մի մասը կծառայի  որպես համայնքապետարան, իսկ մյուս մասը` մշակութային կենտրոն,- ասում է գյուղապետը,- շատ շնորհալի երեխաներ, երիտասարդներ ունենք` երգող, պարող, արտասանող: Առաջ տարին ամենաքիչը 4-5 անգամ համայնքային կենտրոնին կից շենքում միջոցառում էինք կազմակերպում, դրսից երաժիշտներ էինք հրավիրում, բայց շենքի կտուրը փլուզվեց, հիմա վթարային է, վախենում ենք այնտեղ միջոցառումներ անցկացնել: Մեզ անհրաժեշտ է մի մշակութային կենտրոն, որպեսզի երիտասարդության ժամանցն ապահովենք: XXI դարն է, ինչո՞ւ պետք է ամեն ինչ Երևանում կենտրոնացված լինի»:

Գյուղի ամենակարևոր ու ցավոտ խնդիրներից մեկն էլ աշխատատեղերի բացակայությունն է, որը, ըստ գյուղապետի, միայն իրենց խնդիրը չէ, այլ ողջ Վարդենիսի շրջանինը: «Գյուղն ունի 680 բնակիչ, երիտասարդները բավականին շատ են, բայց աշխատանք ու զբաղմունք չունեն: Պետությունը շեշտը պետք է դնի գյուղերում աշխատատեղեր ստեղծելու վրա, գոնե համայնքի 60 տոկոսը աշխատանք պետք է ունենա, բացի այդ, սահմանամերձ բոլոր գյուղերը պետք է հարկերից ազատվեն»,-կարծում է նա:

Գյուղը նաև մանկապարտեզ չունի, սակայն այդ հարցն առաջիկայում կլուծվի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ:

Անցյալում են արդեն այն ժամանակները, երբ գյուղն անգամ հեռախոսակապ չուներ, և  գյուղապետի ու գյուղացիների ջանքերով ձեռք բերվեց գյուղի միակ հեռախոսագիծը, որն, ինչպես  շրջկենտրոնից էին ասել, գյուղապետը կարող էր կա՛մ իր գրասենյակ, կա՛մ իր տուն տանել:  Տիկին Զոյան, սակայն,  հեռախոսը դրեց փոստային բաժանմունքում, որպեսզի բոլորը հավասար օգտվեն:

Դրանից հետո նա ձեռնարկեց բուժկետի ստեղծման գործը, քանի որ այլևս ի վիճակի չէր տնային պայմաններում և միայնակ բուժսպասարկում իրականացնել: Միջազգային կազմակերպությունների օգնությամբ գյուղում կարգին բուժկետ բացվեց,  և նշանակվեց բուժքույր, որին մինչ օրս  Զոյան աջակցում է իր խորհուրդներով:

Հետո գյուղում մեծ ջրագիծ անցկացվեց, ինչը կենսական նշանակություն ուներ բնակիչների համար: Նախկինում էլ, երբ դեռ գյուղը ադրբեջանաբնակ էր, գյուղացիներից ոչ բոլորի տանը ջուր կար, սակայն այսօր գյուղի բոլոր տներն ապահովված են մշտական ջրով:

Մի քանի տարի առաջ էլ լուծվեց գյուղի կարևոր խնդիրներից ևս մեկը` գազատարի հարցը, և գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվեց: «Չ՞է որ բանակի թիկունքը ժողովուրդն է,- ասում է տիկին Զոյան,- մենք սահմանապահ ենք, մեր այս շրջանի գյուղերը պետք է վերաբնակեցվեն, ուժեղ լինեն, և եթե  հանկարծ պատերազմ վերսկսվի, մենք պետք է բանակը պահենք»:

Տիկին Զոյան` որպես արցախյան պատերազմի ազատամարտիկ, «Երկրապահ» կամավորների միության անդամ, Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար պարգևատրվել է «Արցախ» մարտական երախտագիտության  մեդալով, Առաջին գնդի մեդալով, «Երկրապահ» հուշամեդալով: Սակայն նրա ամենամեծ պարգևն այն ուժն ու աշխատասիրությունն է, որ նա ստացել է մայր բնությունից` կարողանալով դրսևորել իրեն իբրև լիարժեք կին:

 

 

 

Դիտվել է 1669 անգամ:
Print Friendly

Leave a Reply