Մեր խնդիրն ընդհանրական ազգային գաղափարախոսության բացակայությունն է

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 10, 2011 7:00

«Անկախի» հարցազրույցը ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:

Պարո՛ն Աթանեսյան, շատ է խոսվում, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքական համակարգում շատ բան է փոխվել, համաձա՞յն եք դրան:

– Որևէ պետությունում  ընդդիմությունը և իշխանամետ ուժերը մի ուղիով չեն գնում, ժողովրդավարական վարչակարգի պայմաններում իշխանություն ունեցողների և դրան ձգտողների միջև հակադրությունը սկզբունքային նշանակություն ունի: Եվ այդ սկզբունքայնությունը նաև այն է, որ ընտրությունների արդյունքներին ընդդիմությանը ձեռնտու չէ համաձայնել, ոչ թե որովհետև ընտրությունները արդար էին կամ արդար չէին, այլ որովհետև ընդդիմության տեղն ու դերն է այդպիսին` սկզբունքորեն չհամաձայնել այն արդյունքներին, որոնք իր օգտին չեն: Նույնը վերաբերում է իշխանամետ ուժերին, եթե նրանք են պարտվում: Յուրաքանչյուր ուժ փորձում է իր ընտրազանգվածն օգտագործել հակառակորդի դեմ: Հայաստանի պայմաններում խնդիրը ծանրացել է այն պատճառով, որ մենք չունենք ընդհանրական ազգային գաղափարախոսություն, որին չի կարելի հակադրվել: Կարելի է միջկուսակցական հաղորդակցման ընթացքում առաջադրել հակառակ գաղափարներ ու հաղթել ընտրություններում, սակայն չի կարելի հակադրվել ընդհանուր ազգային գաղափարախոսությանը, որը միավորում է, վերջին հաշվով, և՛ ընդդիմությանը, և՛ իշխանություններին: Իսկ քանի որ համընդհանուր ազգային գաղափարախոսություն Հայաստանի նորագույն պատմության մեջ այդպես էլ չի ստեղծվել, յուրաքանչյուր քաղաքական նեղ գաղափարախոսություն հավասարապես գոյության իրավունք ունի, չափանիշ չկա, որով կարող ենք չափել, թե տվյալ կուսակցական նեղ ուղղությունը որքանով է ազգանպաստ, որքանով է խթանում կամ խոչընդոտում համազգային բարիքին հասնելը, հետևաբար միջկուսակցական գաղափարական կոնֆլիկտը կարող է հավերժ տևել` սպառելով առանց այդ էլ սակավ պետական և ազգային ռեսուրսը:

Իսկ հասարակությունն ի՞նչ դեր ունի այս ամենում:

– Հասարակությունն էլ միասնական չէ, և ստացվում է, որ հավերժ կոնֆլիկտը մեզ համար շատ կանխատեսելի է հատկապես ընտրությունների ժամանակ: Սա շատ վատ վիճակ է, որը հանգեցնում է պառակտվածության: Հասարակությունը դեր չունի որոշումների կայացման գործընթացում: Մենք կարող ենք տեսնել, որ իշխանությունը կոնֆլիկտի մեջ է ընդդիմության հետ, սակայն շատ հնարավոր  է, որ «վերևներում» այդ նույն ընդդիմադիր և իշխող կուսակցությունների ղեկավարները նույն սենյակում են նստած ու դիտում են հասարակության տարբեր խմբերի միջև տարաձայնությունները` որպես քաղաքական խաղ, զվարճություն ու խաղադրույքներ են անում, թե ում «երեխաները» կհաղթեն: Շարքային քաղաքացու և էլիտայի միջև այնպիսի մեծ անդունդ կա, որ երբեք  շարքային քաղաքացին չի կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում «Օլիմպոսում»:

Կարելի՞ է ասել, որ երկխոսությունն արդյունք է այն իրողության, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները հաշվի չեն առնում հասարակության կարծիքը:

– Սա նորմալ երևույթ է: Երբ հասարակությունը չի ձևավորում իշխանությունը կամ այն անում է միջնորդավորված ձևերով, բնականաբար, իշխանությունը հաշվի չի առնելու բնակչության կարծիքը, քանի որ հաշվի չի առնի այն գործոնը, որից կախված չէ: Նույնը վերաբերում է այսօրվա ընդդիմությանը, որն իրենից ներկայացնում է նույն հասարակությունը, այսինքն` նույն քաղաքական մշակույթն է կրում, ուստի իշխանության գալու դեպքում անմիջապես կօտարվի իր ընտրազանգվածից:

Իսկ ինչո՞վ կավարտվի այդ պայքարը. ընտրություններից առաջ երկու ծանրակշիռ ուժ, որոնք ֆորմալ առումով հակադիր դաշտերում են խաղում, բայց լայն առումով երկխոսության մեջ են` չնայած ՀԱԿի վերսկսած հանրահավաքներին:

– Պարադոքսալ է, բայց որպեսզի ճանաչենք մեզ, պետք է տեսնենք, թե ինչպիսին են մեր նմանները` մեզ նման իրավիճակում հայտնվածները. մասնավորապես, վերցնենք ռուսաստանյան օրինակը: Այնտեղ  ընդդիմադիր կոչվող Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը` Ժիրինովսկու գլխավորությամբ, իր պատգամավորների թվաքանակով  ներկայիս Դումայի կազմում զբաղեցնում է երկրորդ տեղը, սակայն այդ ընդդիմությունը որևէ հակառակ կամ այլընտրանքային գաղափարներ չի առաջադրել և, փաստորեն, համաձայնության է եկել իշխող կուսակցության հետ, այնպես, ինչպես այժմ հնարավոր է անել Հայաստանում: Իսկ համաձայնությունը հակառակ ճամբարների կուսակցությունների միջև նշանակում է, որ կա՛մ մեկն է մյուսին ներքաշելու իր դաշտ և ենթարկելու սեփական խաղի կանոններին, կա՛մ մյուսը, ու կստացվի նույնական մի բան: Չենք ունենա այն հակառակվելու միտումը, որի արդյունքում է ծնվում ավելի լավ աշխատելու անհրաժեշտությունը: Եթե ընդդիմությունը իշխանության հետ երկխոսության մեջ է մտել, ապա առավել հավանական է, որ կներքաշվի իշխանությունների դաշտի մեջ, ոչ թե իշխող ուժերին կբերի իր դաշտ, քանի որ ուժեղն է ներքաշում թույլին, իսկ մենք գիտենք, որ ուժը չափվում է ռեսուրսի ծավալով. վարչական ռեսուրս, հեղինակություն, ստվերային ռեսուրսներ, տարբեր սոցիալական կապեր, որոնցով իշխանություն ունեցողը միշտ շահող է դուրս գալիս: Եվ ամեն ինչ կավարտվի նրանով, որ իշխանությունները կշարունակեն իշխել, իսկ ընդդիմությունը կստանա որոշ թվով տեղեր, եթե «խելոք պահի իրեն»: Մեզ մոտ հաստատված է իշխանական բուրգի կայունություն, որը չի շրջվելու, և գագաթը չի հայտնվելու ներքևում:

Հավանական համարո՞ւմ եք Սերժ ՍարգսյանԼևոնՏերՊետրոսյան միավորումն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, որը մի քանի օր առաջ հաստատեց իր վերադարձի հնարավորության մասին լուրերը, մանավանդ որ նա ունի լուրջ քաղաքական հենարան ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» , որը վերջերս աչքի է ընկել սոցիալական տարբեր ծրագրերով:

– Ինձ դուր չի գալիս այն մոտեցումը, երբ որոշ այսպես կոչված վերլուծաբաններ քաղաքական գործիչների կողմից բացահայտ հայտարարություններ չլինելու պայմաններում շահարկում են անուններ` ասելով, թե մեկը մյուսի հետ հանդես կգա երրորդի դեմ, այնպես, ինչպես խաղում են խաղաքարտերով: Նույնիսկ Ռուսաստանի նման ամբողջատիրական պետությունում, որտեղ վերջին օրերին հայտարարվել է, թե ով է լինելու հաջորդ նախագահը, դեռ չի նշանակում, որ հենց Պուտինը կլինի, քանի որ բացի Պուտինի և Մեդվեդևի անձնական ցանկությունից և իշխելու կարողությունից, կան բազմաթիվ այլ գործոններ: Վերջին հաշվով հասարակությունը որոշ դեպքերում անկանխատեսելի է: Ռուսաստանյան հասարակությունը շատ բազմաձև ու բազմաբևեռ է, դիմակայության ու բողոքականության մշակույթը շատ ավելի հատուկ է նրան, քան մեզ: Մենք ավելի պահպանողական ենք, զիջող և համաձայնվող, մեզ համար հեղինակություններն ավելի մեծ նշանակություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա նա իրոք զբաղվում է սոցիալական ծրագրերով ու բավական արդյունավետ, բայց եթե մենք անընդհատ այդ ակտիվության տակ փնտրենք քաղաքական ցանկություններ ու շահեր, ապա դրանով չենք նպաստի որևիցե մեկի սոցիալական գործունեությանը:

Կանխատեսումներ կան նաև, որ էլիտայի ներսում ավելի ընդգրկուն բախում կարող է լինել, քանի որ Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է Ազգային ժողովից հեռացնել գործարարներին:

– Պարզ է, որ բիզնեսմենը օրենքներ ընդունելիս անշահախնդիր լինել չի կարող: Դարձյալ դիտելով Ռուսաստանյան փորձը` կարող ենք տեսնել, որ 2000 թ. Վ. Պուտինը սկսեց մաքրել Դուման և էլիտան բիզնեսմեններից, ու դրա փոխարեն բարձրացրեց  մտավորականների, արվեստի գործիչների դերը` հասցնելով նրանց մինչև պառլամենտ: Դրանով իսկ հավասարեցվեց  մտավորական էլիտայի դերը բիզնես էլիտայի հետ: Այսինքն` ցանկալի է, որ Հայաստանը գնա ոչ թե կոնֆլիկտի ու բիզնես էլիտային հակադրվելու ճանապարհով, այլ բիզնես էլիտայի ազդեցիկության մակարդակին բարձրացնի մտավորական էլիտային:  Այդ դեպքում հայ ազգի կերպարն էլ բոլորովին այլ կլինի, նա միայն առևտրական չէ, որպեսզի միայն այդ կերպարով հանդես գա օրենսդիր գործունեության մեջ:

Երբևէ Հայաստանում չի եղել այնպիսի վիճակ, որ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում չլինեն նոր խաղացողներ, այլ պայքարը գնա արդեն հանրությանը հանրածանոթ ուժերի միջև: Սա քաղաքական դեգրադացիայի մասին չի՞ խոսում:

– Իրոք, չի կարելի դրական համարել այն, որ էլիտաների շրջապտույտը տեղի է ունենում անընդհատ: Այս հատկությունը հատուկ է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն պետություններին, որոնք համարվում են առաջատար ու ժողովրդավարական: Սա էլիտայի ու լիդերության ճգնաժամ է, քանի որ նորարարական մոտեցումներով, թարմ գաղափարներ ունեցող մարդիկ կարծում են, որ քաղաքականությունը և մասնավորապես կուսակցությունն այն տեղը չէ, որի միջոցով կարող են իրենց պետության մեջ այդ դրական ներբերումներն ունենալ: Նույնը տեսնում ենք Ամերիկայում, երբ նախորդ ընտրությունների արդյունքում պրոբլեմային մարդիկ եկան իշխանության, որոնք ի վիճակի չեղան այդ պետությունը տանելու կառուցողական ուղղությամբ, ինչով այդ պետությունը սովորաբար գնացել է: Հայաստանում տաղանդավոր, ազգային և արտասահմանյան գերազանց կրթություն ստացած երիտասարդները հիմնականում նախընտրում են չխառնվել քաղաքական կյանքին, քանի որ այն ընկալում են ոչ կանոնակարգված, ոչ կանխատեսելի, ոչ հայրենասիրական, անձնական շահին ծառայեցվող:

Միգուցե քաղաքական գործիչների կողմից քաղաքականությունն անձնական շահին ծառայեցնե՞լն է պատճառը, որ մարդկանց մի ստվար հատված իր խնդիրների լուծումը արտագաղթի մեջ է տեսնում:

– Բոլոր պետություններում մարդիկ հեռանում են` մեկնելով մեկ այլ պետություն, ուստի միգրացիան, որպես այդպիսին, նորմալ երևույթ է, սակայն մեր պետությունը սակավ ռեսուրսներ ունի, իսկ միակ մոբիլ, կիրառելի ռեսուրսը հայ հասարակության մեջ  մարդն է, որի միջոցով կարելի է նոր ռեսուրսներ ստեղծել և ձեռք բերել: Եթե մենք ամեն օր նույնիսկ մեկ մարդ ենք անվերադարձ կորցնում արտագաղթի հետևանքով, ապա դրանով իսկ կորցնում ենք ավելի շատ, քան այլ պետություններ, և դա շատ վտանգավոր է մեր ազգային անվտանգության համար: Բայց մարդիկ լքում են Հայաստանը ոչ այնքան սոցիալական խնդիրների, որքան դրանց չլուծվելու պատճառով: Յուրաքանչյուր հասարակություն ունի սպասելու որոշակի պաշար, ու երբ տեսնում է, որ խնդիրը լուծում չի ստանում, սկսում է այդ խնդիրների լուծման տարբերակներ փնտրել, այդ թվում` արտագաղթի միջոցով:  Բայց կան մարդիկ, ովքեր ջանքեր գործադրելու ցանկություն չունեն, սպասում են պատրաստի օգնության, մտածում են, որ կարող են նստել տանը և կեղծել իրենց աշխատանքային կամ հաշմանդամի գրքույկը, թոշակ և նպաստներ ստանալ հարկատուների հաշվին: Նույն հարկատուներն այդ պատճառով են ցանկանում գաղթել, քանի որ պատրաստ չեն պահելու պետության հաշվին շատացող մակաբույծներին:

Փաստորեն, քաղաքացին չի հավատում, որ կառավարության տնտեսական որոշումներն իր օգտին են, իսկ կառավարությունը շարունակում է խոսել շուտով Հայաստանը տուրիզմի, ֆինանսական կենտրոն դարձնելու մասին:

– Կառավարությունը ոչ միայն պիտի հայտարարի իր ծրագրերի մասին, այլև հետևողական լինի դրանց իրագործման հարցում`ցույց տալով, որ դրանք միայն խոսքեր չեն: Բնականաբար, հայտարարությունների մեծ մասը միֆ են, և այն, որ հայաստանցիները գնում են Վրաստան հանգստանալու, նշանակում է, որ Հայաստանը տուրիզմի տարածաշրջանային կենտրոն չի դառնում և չի դարձվում: Բացի այդ, Հայաստանում հանգստանալու համար չպետք է գան միայն արտասահմանցիները, բա սեփական քաղաքացինե՞րը. եթե նրանք չեն կարող իրենց թույլ տալ ու չեն ուզում հանգստանալ հայկական հանգստավայրերում, քանի որ որակը շատ ցածր է ու ոչ մատչելի, ապա այն, որ տուրիզմը հայտարարվել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղ, հերթական պղպջակ է, որը որոշ ժամանակ ուռճացվելուց հետո ուղղակի կպայթի: Եվ մենք դարձյալ կհիասթափվենք: Փաստորեն, նման հայտարարություններ, բավականին դրական լինելով, քաղաքացիների համար շոշափելի չեն, Հայաստանում տարածաշրջանային տարբեր կենտրոններ ստեղծելու ծրագրերին մարդիկ  ուղղակի  այլևս չեն հավատում` այդ ամենն ընկալելով զուտ որպես հեքիաթ:

Հայաստանն այսօր ոչ մի ոլորտում առաջատար դիրք չի զբաղեցնում. առկա են միայն տնտեսության առանձին ճյուղեր, որոնցով զբաղվում են մեր գործարարները, քանի որ դա շահութաբեր է, բայց պետության կողմից դրանք կանոնակարգված չեն, տարերային բնույթ ունեն: Հայաստանը ոչ մի ճյուղում առաջատար չէ նաև այն պատճառով, որ որևէ ծրագիր մինչև վերջ չի հասցվում: Կան համատեղ իրականացվող ծրագրեր, որոնցում միջազգային կազմակերպություններն իրենց ներդրումն անում են, բայց երբ հերթը հասնում  է պետությանը, նա հրաժարվում է իր բաժնեմասն ավելացնելուց` ասելով, թե` «փող չունեմ», թե «ՀՀ բյուջեով դա չենք նախատեսել», դրանով իսկ հիասթափեցնելով և՛ գործընկեր միջազգային կազմակերպությանը, և՛ այն շահառուներին, որոնք սպասում էին ծրագրի իրականացմանը: Ծրագիրը կիսատ է մնում, և Հայաստանը դառնում է ոչ հուսալի գործընկեր:

Հարցազրույցը վարեց Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply