Ազգային ժողովի հերթական քառօրյան. ի՞նչ կարևոր օրենքներ քննարկվեցին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 6, 2011 11:40

Հոկտեմբերի 3-ին սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը:

Քննարկվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Զեկուցողի գնահատմամբ` օրինագիծը  հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին ատեստավորման և որակավորման տարակարգեր շնորհելու և որակավորման տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարներ սահմանելու գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակ ունի:

Գործող օրենքով ատեստավորումն իրականացվում է պարզ և բարդ ընթացակարգերով: Ուսուցիչը որակավորման տարակարգ է ստանում բարդ ատեստավորման` հանրապետական հանձնաժողովի կողմից կազմակերպվող քննությունների` թեստավորման և հարցազրույցի արդյունքում: Նոր օրենքով ուսուցիչների ատեստավորումը պարտադիր գործընթաց կլինի, որը կիրականացվի մեկ փուլով` փաստաթղթային ատեստավորման եղանակով:

Գործող օրենքով հստակ սահմանված չէ, թե  ուսուցչին ով է շնորհում համապատասխան որակավորման տարակարգ: Սույն նախաձեռնությամբ հստակ սահմանվում է, որ  տարակարգ շնորհում է միայն կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Ըստ գործող օրենքի` մանկավարժական աշխատանք կարող են կատարել նաև միջին մասնագիտական կրթություն և  մանկավարժի որակավորում ունեցող մասնագետները: Այս օրենքի նախագծի ընդունման դեպքում միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները կշարունակեն աշխատել մինչև 2018 թ. օգոստոսի 20-ը: Նշված ժամկետից հետո աշխատելու համար պետք է ունենան բարձրագույն կրթություն:

Հստակեցվել է նաև, որ ուսուցիչը բոլոր պարագաներում պետք է ունենա բարձրագույն կրթություն: Եթե չունի մանկավարժական համապատասխան որակավորում, պետք է ունենա բարձրագույն կրթություն և համապատասխան ստաժ:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը  համամիտ չէ որոշ պատգամավորների այն մտահոգությանը, թե միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցչին  մանկավարժական աշխատանքից զրկելը կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել: «Համոզիչ չէ այն պարզ հիմնավորմամբ, որ այդ դրույթը կրթության որակի բարձրացման խնդիր է հետապնդում, ինչը կրթական համակարգի կարևորագույն խնդիրն է: Հակառակ դեպքում ուսուցչի սոցիալական խնդրի լուծումը տեղի կունենա կրթության որակի հաշվին, ինչն անընդունելի է»,-կարծում է նա:

Հոկտեմբերի 4-ին խորհրդարանում ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին: Նա անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին` մաղթելով, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի վավերացնել երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերը, քանի որ արաբական ժողովրդի շահերից է բխում փակված տեսնել ամեն տեսակի անհամաձայնության էջերը, ընդառաջ գնալ տևականորեն Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանները բաց պահելուն և շուտափույթ համաձայնության հասնել Ղարաբաղի հարցում:

Այնուհետև խորհրդարանը շարունակեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենսդրական նախագծերի փաթեթները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով պատասխանատվություն է սահմանվում արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի և  գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար:  Նախատեսվում է այս դեպքերի համար սահմանված պատիժների խստացում` տուգանք կամ ազատազրկում:

Պատգամավորները քննարկեցին նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել լսողության խանգարում  ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու  իրավունքը:

Եթե նախկինում միայն Հանրային հեռուստաընկերությունն էր պարտավորված մանկական կամ լրատվական հեռուստահաղորդումները հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ լուսագրերով, ապա նոր օրենքով նախատեսվում է այդ պահանջը տարածել նաև ՀՀ գործող բոլոր մասնավոր հեռուստաընկերությունների վրա. օրինագծի  ընդունման պարագայում  Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող հեռուստաընկերությունները պարտավոր կլինեն օրվա եթերաժամում առնվազն մեկ  լրատվական թողարկում  և մանկական լսարանին ուղղված մեկ հաղորդում  հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ ուղեկցող հայերեն լուսագրով:  Այս փոփոխությունր չի վերաբերելու Հայաստանում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերություններին:

Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրեց ԱԺ գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ` միաժամանակ իր կողմից ներկայացնելով առաջարկ, այն է` «խուլուհամր» ձևակերպումը փոխարինել «լսողության խանգարումներ ունեցող» ձևակերպմամբ:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ հետաքրքրվեց` արդյոք Հանրային հեռուստաընկերությունն ուսումնասիրե՞լ է, թե լսողության խանգարումներ ունեցող անձանց համար որն է ավելի նպատակահարմար, սուրդոթարգմանությո՞ւնը, թե՞ լուսագիրը: Նախարարը պատասխանեց, որ նման ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտության կա, միաժամանակ հայտնեց, որ հեռուստաընկերություններն իրենք ժամանակի ընթացքում կհասկանան, թե որն է ավելի մեծ լսարան գրավում, և ըստ այդմ կորոշեն:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն էլ հիշեցնելով, որ Հանրային հեռուստաընկերությունում մանկական հաղորդումներ գրեթե չկան, առաջարկեց ընդլայնել հեռուստահաղորդումների շրջանակը: Նա առանձացրեց մեկ այլ խնդիր ևս` սուրդոթարգմանության մասնագետների բացակայությունը` ասելով, թե անհրաժեշտ էր նախ և առաջ լուծել այդ խնդիրը, ապա նոր հանդես գալ օրենսդրական փոփոխություններով:

Արդարադատության նախարարն այդ հարցին արձագանքեց. «Լավ է ուշ, քան ավելի ուշ»:

Հոկտեմբերի 5-ին կրթության և գիտության նախարարը պատգամավորներին ներկայացրեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերամշակված տարբերակը, որում ներառվել էին նախորդ քննարկման ժամանակ ներկայացված որոշ առաջարկություններ և դիտողություններ. «Հաշվի են առնվել բողոքարկման մեխանիզմներին վերաբերող առաջարկությունները, այն է` ատեստավորման գործընթացում նախարարությունը` որպես պետական կառավարման լիազոր մարմին, կունենա բողոքարկումները մինչև դատարանն ընդունելու և որոշում կայացնելու գործառույթ, ինչպես նաև այն առաջարկությունը, որով մեր գործընկերները բնութագրեր բերելու տեսանկյունից ավելի մեծ լիազորություններ են տալիս ուսուցչին»,-հայտնեց նախարարը:

Հիշեցնենք, որ եթե նախկինում բնութագիրը միայն տնօրենի կողմից էր տրվում, ապա երկրորդ նախագծում տնօրենից տրվող բնութագիրը պարտադիր է, բայց ուսուցիչը  կարող է դիմել դպրոցի կառավարման խորհրդակցական մարմիններին և նրանց կողմից ևս բնութագրեր ներկայացնել:

 

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply