Պրիշտինում դատում են մարդկային օրգանների «առևտրականներին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2011 11:03

Պրիշտինում աղմուկ բարձրացրած դատական գործ է քննվում` մարդկային օրգանների անօրինական առևտրով զբաղվող 7 մարդու նկատմամբ: Մեղադրյալների թվում են 2 օտարերկրացիներ, որոնց նկատմամբ այժմ միջազգային հետախուզում է հայտարարված, ինչպես նաև առողջապահության բարձրաստիճան մի պաշտոնյա: Քննիչները պնդում են, որ բոլորը մասնակցել են միջազգային հանցագործ խմբին, որը պատերազմի ժամանակ գործել է Կոսովոյի տարածքում: Սակայն դա ապացուցելը խիստ դժվար կլինի:

Մեղադրյալի աթոռին 7 մարդ է: Բոլորը մեղադրվում են մարդկային օրգանների առևտրի համար: Միայն 2008-ին հանցագործները Կոսովոյում ամենաքիչը 30 անօրինական վիրահատություն են կատարել: Մարդկանց երիկամի դիմաց առաջարկել են 20 հազար եվրո, սակայն դոնորներից ոչ մեկն այդպես էլ գումար չի ստացել: Իսկ օրգանների պատվիրատուներից  պահանջել  են 100 հազար եվրո: Առողջությունից հանուն գումարի հրաժարվել ցանկացողների փնտրում էին գերազանցապես նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, ավելի հաճախ` Մոլդովայում ու Ղազախստանում: Որոշ տուժածներ Թուրքիայի քաղաքացիներ են: Իրենց զոհերին փնտրում-գտնում էին աղքատ խավերից: Այս գործով , ըստ դատախազության տվյալների,  հանցախումբը զբաղվում էր «Մեդիկուս» կլինիկայում, հենց այնտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կատարվում էին վիրահատությունները: Մեղադրող կողմը գրեթե համոզված է, որ այդ ընդհատակյա վիրահատարանը միջազգային խոշոր ցանցի մի մասն է, որն անօրինական փոխպատվաստումներ է կատարում: Այս գործը հետաքննելու է  Կոսովոյում Եվրամիության հատուկ առաքելությունը:

Վկաներն առայժմ 2-ն են, ընդ որում, նրանցից մեկը սկզբում ցուցմունք տվել է, որ իր մի երիկամը վերցրել են, իսկ հետո հրաժարվել է իր ցուցմունքներից` ենթադրաբար` սպառնալիքների ազդեցությամբ: Հայտնի է, որ Կոսովոյի մասնագետներից բացի,  գործով 2 մարդ էլ   է մեղադրվում` թուրք վիրաբույժ Յուսուֆ Սոնմեզը, որն,  ամենայն հավանականությամբ,  ղեկավարել է վիրահատությունների մեծ մասը, և իսրայելացի Մոշե Խարելը: Ինչպես հաստատում են քննիչները, նա  դոնորներին բերում էր Պրիշտին: Ինտերպոլն արդեն  ձերբակալման միջազգային օրդեր է տվել:

 

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply