Գարիկ և Գևորգ Ալիվորյաններին ենթարկել են շատ լուրջ խոշտանգումների. դատապաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 10:20

Հուլիսի 4-ին Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի էր ունեցել կենցաղային վիճաբանություն, որի արդյունքում դանակահարվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովը։ Դեպքից հետո կալանավորվել էին հայեր։ Այս մասին մանրամասներ է հաղորդել է «Հորիզոն»-ի Մոսկվայի թղթակիցը։

Տուժող ադրբեջանցին և իր ընկերները ոստիկանությանը չէին դիմել, սակայն Ադրբեջանի հյուպատոսության մի աշխատակից առանց նրանց կարծիքը հարցնելու ներկայացել էր ոստիկանություն և պահանջել շուտափույթ գտնել մեղավոր հայերին և պատժել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ադրբեջանցիները որս կսկեն հայերի նկատմամբ, և դրա հետևանքները ավելի ծանր կլինեն։

Ոստիկանությունը կալանավորել և բերման էր ենթարկել Գևորգ և Գարիկ Ալիվորյաններին, նրանցից խոշտանգումներով խոստովանություն կորզել։ «Լիովին անմեղ մարդիկ են,- նշել է դատապաշտպանը հեռախոսազրույցում,- Գարիկ և Գևորգ Ալիվորյաններին կալանավորել են, և այդ մասին ոչ մեկին տեղյակ չեն պահել։ Երկու օր տղաներին ենթարկել են կտտանքների, շատ լուրջ խոշտանգումների»։

Գարիկն այժմ Հայաստանում է, բայց այս գործով վկա է, իսկ Գևորգին կալանավորել են՝ հիմք ընդունելով նրա խոստովանությունը, որ ստացել են տանջելով և գրեթե բռնաբարելով։ Նա ստորագրել է պայմանով, որ գոնե եղբորն ազատ արձակեն։ Իր այդ խոստովանությունից բացի այս պահին ոստիկաններն ուրիշ ոչինչ չունեն՝ ոչ դանակ, ոչ՝ մատնահետքեր։

Մոտ չորս ամիս ոստիկանները Գևորգ Ալիվորյանին կալանքի տակ են պահել միայն այն պատրվակով, թե տուժողը պետք Սանկտ Պետերբուրգ վերադառնա և անցկացվի նույնականացման գործընթաց։ Դատապաշտպանը մտավախություն էր ունեցել, որ ադրբեջանցին կարող էր մատնանշել Գևորգին։ Բարեբախտաբար, ադրբեջանցին ազնիվ է գտնվել, թեպետ նրա նկատմամբ քննիչները նույնպես լուրջ ճնշումներ են գործադրել։

«Էլ չասենք, թե օրենքի ինչ խախտումներով են անցկացրել նույնականացումը։ Քննիչները նախապես ցույց են տվել Գևորգ Ալիվորյանի անձնագիրը և պահանջել մատնանշել հենց նրան։ Ադրբեջանցին ասել է քննիչներին, որ նրանք սխալ մարդու են բռնել, ինքը չի ճանաչում նրան, և մեղք չի գործի՝ անմեղ մարդու մատնանշելով։ Եվ այդպես էլ արել է»,- ասել է դատապաշտպանը։

1 ամսով երկարաձգվել է նաև ադրբեջանցու կալանքի ժամկետը. այս անգամ երկարաձգումը հիմնավորել են՝ թե փնտրում են ականատես-վկաների։ Հիմա դատապաշտպանը լուրջ մտավախություն ունի, որ իրենց կաշին փրկելու համար ոստիկանները կգտնեն կեղծ ականատեսների։ Սակայն մյուս կողմից էլ մեծ հասարակական աղմուկ է բարձրացել։ Իրենց բողոքն են արտահայտել Ս.Պետերբուրգի հայերը, Հայաստանի հյուպատոսը, և հույս կա, որ հասարակական ճնշման տակ կկանխվի անօրինականությունը։

Tert.am

 

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply