ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Սերժ Սարգսյանին այսօր համեմատեց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 13:55

«Վախենամ, որ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ կաներ Լևոն Տեր Պետրոսյանը»,- հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մասին լրագրողների հետ կայացած հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` ևս մեկ անգամ շեշտելով, որ դա պարզապես վախ է ու մտահոգություն:

Դաշնակցական գործիչը մտավախություն ունի նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների նման լուծումը հայ ժողովրդին պառակտման կտանի: Ուստի Մարգարյանը կոչ արեց` քանի դեռ ժամանակ կա, միասնաբար ո’չ ասել ստորագրվելիք արձանագրություններին:

«Եթե ժողովրդի ոչ-ին հակառակ իշխանությունները գնան նման քայլի, ապա դա կամավոր ինքնասպանություն կլինի, և աշխարհն էլ կտեսնի, որ ստորագրված փաստաթղթերին ժողովուրդը դեմ է »,- ասաց Մարգարյանը:

Անդրադառնալով նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` Մարգարյանն ասաց, որ իրենք փաստաթղթերում բազմաթիվ սխալներ են գտել, այդ թվում` թարգմանությունների մեջ: «Օրինակ` փաստաթղթում խոսք կա երկրների հողային ամբողջության սկզբունքների ճանաչման մասին, սակայն կոնկրետ երկիր նշված չէ: Այսինքն` եթե դա Ադրբեջանը չէ, ապա ու՞մ մասին է խոսքը, Ֆրանսիայի՞,- հռետորական հարց է տալիս Մարգարյանն ու ավելացնում,- Ուրեմն ինչո՞ւ ազգերի ինքնորոշման մասին խոսք չկա փաստաթղթում»:

Նա ասաց, որ իրենք դեռևս որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության պայմանավորվածություն չունեն, սակայն կհամագործակցեն ազգի մտավորականների և անկախ քաղաքական գործիչների հետ: «Ժառանգություն կուսակցության հետ էլ որևէ պայմանավորվածություն չկա, բայց ես ծանոթացել եմ նրանց տեսակետներին, ու դրական կետեր շատ կան»,- ասաց Մարգարյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ՀՅԴ-ն ոչ մի դեպքում վայր չի դնի պատգամավորական մանդատները, ինչպես դա արեց «Ժառանգություն»-ը: «Մանդատը տրված նվեր չի , դու այնտեղ ես ժողովրդի քվեով, և եթե անգամ փոքրամասնություն լինենք, մեր ձայնը պիտի բարձրացնենք»,-ասաց նա:

Մարգարյանն ասաց նաև, որ ՀՅԴ-ն կոռեկտ պայքարի կողմնակից է, բայց ոչ թե Սերժ Սարգսյանի աչքերի սիրույն, այլ ազգի:

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply