Իտալիայում ՀՀ դսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Վենետիկ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2011 9:20

Հոկտեմբերի 3-4-ը Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Վենետիկում` դեկտեմբերին  քաղաքի երեք կենտրոնական թանգարաններում Հայաստանի եւ Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո Հայ գրատպության 500 ամյակին նվիրված «Հայաստան. մի քաղաքակրթության պատմություն» խորագիրը կրող կայանալիք ցուցահանդեսի հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Այցելության առաջին օրը դեսպան Կարապետյանը հանդիպեց Վենետիկի քաղաքապետ Ջիորջիո Օրսոնիի /Giorgio Orsoni/ հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց դեկտեմբերին կայանալիք ցուցահանդեսի կազմակերպումը, որը երկուստեք գնահատվեց որպես մշակութային կապերի խթանմանն ուղղված օրինակելի ձեռնարկ: Զրուցակիցները ընդգծեցին հայ-վենետիկյան պատմական  առնչությունների  բացառիկ բնույթը եւ այդ երբեմնի հզոր կապերի վերականգնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվեց Երեւանի եւ Վենետիկի միջեւ համագործակցության հնարավորությունը:

Դեսպան Կարապետյանը եւ քաղաքապետ Օրսոնին պայմանավորվածություն ձեռք բերեցին ցուցահանդեսի բացմանը զուգահեռ Վենետիկի կենտրոնական Սան Մարկո տաճարում կազմակերպել հայ հոգեւոր երաժշտության համերգ:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 4-ին դեսպան Կարապետյանը ելույթ ունեցավ Հայաստանի եւ Վենետո մարզի միջեւ զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» խորագիրը կրող աշխատանքային համաժողովի բացմանը, որը կազմակերպել էին ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամը, Իտալիայի Վենետո մարզն ու Վենետիկի առեւտրի պալատը:

Ռուբեն Կարապետյանը հայկական եւ իտալական զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին կոչ արեց ակտիվացնել գործունեությունը երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ եւ գոհունակությամբ նշեց վերջին տարիներին Հայաստան այցելող իտալացի զբոսաշրջիկների թվի կտրուկ ավելացման փաստը:

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply