«Քաղաքաշինությունը կապրիզ կամ նկարչություն չէ». նոր օրենքով թելադրող կլինի ոչ թե մեկի պատկերացումը, այլ օրենսդրական դաշտը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 5, 2011 15:45

Ճարտարապետների համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խոսեցին ոլորտի հիմնախնդիրներից:

Նրանք տեղեկացրին, որ մշակվել է նոր օրենքի նախագիծ ճարտարապետների մասնագիտական գործունեությունը կարգավորելու վերաբերյալ:

«Վերջին 4 տարիների ընթացքում միության նախաձեռնությամբ մենք զբաղվեցինք արտասահմանյան մի շարք երկրների համապատասխան օրենսդրական դաշտի ուսումնասիրմամբ և մշակեցինք այդ նախագիծը»,-ասաց Քալաշյանը:

Նա պարզաբանեց, որ խորհրդային տարիներին այդ խնդիրը չկար, քանի որ ոլորտի բոլոր մարմինները գործում էին միասին: Այժմ իրավիճակն այլ է. գլխավոր ճարտարապետն իր «թագավորությունն» ունի, ճարտարապետների միությունն` իր դիրքորոշումը, և բոլորը միշտ հակադրության մեջ են. «Նախկինում կային նախագծային խոշոր ինստիտուտներ, և ցանկացած պահի միությունը կամ ոլորտի մյուս կառույցները տեղյակ էին, թե քաղաքի կամ երկրի որ հատվածում ինչ օբյեկտ է նախագծվում,-ասաց նա Քալաշյանը,-այսօր եթե դուք ուզենաք իմանալ, թե օրինակ, այս տարվա ընթացքում ինչ է կառուցվելու, չեք կարող, քանի որ չկա նման վերահսկողություն կամ կարգ»:

Ըստ Քալաշյանի, նոր օրենքը  կվերացնի հակադրությունները, և թելադրող կլինի ոչ թե մեկի պատկերացումը, այլ ընդհանրական օրենսդրական  դաշտը, որին կենթարկվեն բոլորը. «Քաղաքաշինությունը կապրիզ կամ նկարչություն չէ, որ նստես տանը, նկարես, հետո դուրս հանես` կամ կվաճառվի կամ ոչ: Դա մի գործունեություն է, որը վերաբերում է բոլորին»,-կարծում է ճարտարապետը:

Օրենքով նաև կմեծանա ճարտարապետների պատասխանատվության խնդիրը. «Միությունը պետք է իրավասու լինի երաշխավորել ճարտարապետի որակը,-ասաց Քալաշյանը,-այսօր ով դիպլոմ ստացավ, կոմպյուտերը դնում է առաջն ու սկսում գծել. լավն է, թե վատը, ոչ ոք չի հսկում: Պատվիրատուին էլ հետաքրքրում է միայն արժեքը` ձրի արա, ինչ ուզում ես արա»:

«Ճիշտ է, այսօր քաղաքաշինական օրենքը պահանջում է հասարակական քննարկումներ, սակայն մասնագիտական քննարկման մասին խոսք չկա,-հավելում է Մինասյանը,-նոր օրենքը նախատեսում է, որ ճարտարապետական հասարակությունն էլ ուսումնասիրի և քննարկի խնդիրը»:

Օրենքի նախագիծն այժմ քաղաքաշինության նախարարությունում է, և ըստ նախատեսվածի, պետք է այս տարի մտնի խորհրդարան, սակայն գործընթացը ձգձգվում է: Ճարտարապետները հույս ունեն, որ նոր օրենքով ոլորտում կարգուկանոն կստեղծվի, ինչն այսօր չկա:

Այն կարծիքի հետ, թե կարգուկանոն հաստատելու և իրավիճակը շտկելու համար այլևս ուշ է, ճարտարապետները համամիտ չեն. «Երբեք ուշ չէ: Եթե այդպես մտածենք, առաջ չենք շարժվի»,-ասում է միության նախագահը: Քալաշյանն էլ համոզված է, որ քաղաքն ամբողջությամբ այլակերպված չէ, և դեռ շտկելի վիճակ կա:

Ճարտարապետներն անդրադարձան նաև Հանրապետության հրապարակում թմբուկի կառուցմանը: Ըստ Սաշուր Քալաշյանի, դրա կառուցումը սխալ է նախ օրենսդրորեն. «Եթե շենքը ճանաչվել է որպես հուշարձան, դրա փոփոխությունը շարքային ձևով այլևս թույլատրելի չէ: Ես չգիտեմ, թե այն ձևափոխելու համար ի՞նչ համարձակություն կամ ինչ պատասխանատվություն է պետք ունենալ»,-ասում է նա` հիշեցնելով, որ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ ճանաչվել է` որպես հուշարձան:

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply