Հայաստանը դեռ չի կողմնորոշվել Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու, նաեւ երգչի ընտրության հարցում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 15:47
Հանրային հեռուստաընկերությունը վերջնական որոշում չի կայացրել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ- 2012» երգի մրցույթին մասնակցելու վերաբերյալ, հետեւաբար չի քննարկվել նաեւ նախընտրական փուլում երգչուհի Լուսիա Մունի մասնակցությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան պավիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Երբ որ երգի մրցույթին մասնակցելու վերաբերյալ որոշում կայացվի, դրանից հետո նոր մենք կարող ենք մտածել թեկնածուների մասին»,- ասաց Գասպարյանը, միաժամանակ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով մամուլում շրջանառվող լուրը, որ երգչուհի Լուսիա Մունին առաջարկվել է մասնակցել է «Եվրատեսիլ-2012» մրցույթին:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, երգչուհու հայաստանյան պրոդյուսեր Դավիթ Իոնդեմի առաջարկով, Լուսիա Մունը սիրով համաձայնել է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթին, որը կկայանա Բաքվում: Լուսիա Մունը «Եվրատեսիլ»-ին մասնակցելու է ոչ թե «Դեր էլ Զոր» երգով, ինչպես իրենք են կարծել, այլ բոլորովին նոր՝ «Եվրատեսիլի» չափանիշերին համապատասխան, սիրային բովանդակություն ունեցող երգով եւ պատրաստվում է նախընտրական փուլում այն ներկայացնել»:
Հավելենք, որ Լուսիա Մունը (Բաբայանց) ապրում է Լոս Անջելեսում, արմատներով Լեռնային Ղարաբաղից է (Մարտակերտի շրջան)` մանկությունն ու պատանությունը անցկացրել է Բաքվում: Հայրը մասնագիտությամբ բժիշկ է, ով 1988-ի Սումգայիթի հայկական ջարդերից հետո թողնելով ամեն ինչ, ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Հայրենիքում տեղավորվել է Էջմիածնում, մի քանի տարի անց Մոսկվա մեկնելու որոշում է ընդունել, ապա 1992-ի նոյեմբերի 16-ին՝ Լուսիայի ծննդյան օրը, նրանք փոխադրվել են Միացյալ Նահանգներ` Լոս Անջելես:






Facebook
Tweet This
Email This Post
