Հովտային շրջաններում կարճատև ամառ է սպասվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 5, 2011 14:25

Առաջիկայում հովտային շրջաններում սպասվում է փոքր ամառ, իսկ լեռնային շրջաններում տաք աշնանային եղանակ. Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա խոսքով` առաջիկա տասնօրյակում հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի շնորհիվ ջերմաստիճանը Արարատյան դաշտում բարձրանա մինչև 27 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում կգրանցի 30 աստճան տաքություն:

Անդրադառնալով նախորդ օրերի ցուրտ եղանակին` Պետրոսյանը նշում է, որ բացասական ջերմաստիճան է գրանցվել բարձրադիր վայրերում, իսկ ձյուն տեղացել է 2000 մետրից բարձր տեղանքներում, ուստի գյուղատնտեսական մշակաբույսերը չեն տուժել ցրտահարությունից: Իսկ Արարատյան դաշտում գնանցվել է 3 աստիճան տաքություն, որի դեպքում ցրտահարության մասին խոսք լինել չի կարող:

Մասնագետը եղանակի նման տատանումները նորմալ է համարում, քանի որ Հայաստանը գտնվում է խիստ ցամաքային կլիմայական գոտում, որտեղ կարող է գրանցվել ինչպես շատ բարձր, այնպես էլ շատ ցածր ջերմաստիճան:

Հոկտեմբերի սկզբին գրանցված ցածր ջերմաստիճանով ռեկորդակիր է 1941-ը, երբ հոկտեմբերի 1-2-ին գրանցվել է բացասական ջերմաստիճան Արարատյան դաշտում, համեմատաբար ցուրտ տարիներ են եղել նաև 2002-2003 թվականները: Սակայն սովորաբար հոկտեմբերին միջին ջերմաստիճանը 15 աստիճան է, իսկ անցում դեպի աշնանային եղանակի կատարվում է ամսվա կեսից հետո:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ ողջ հանրապետությունում,- ասում է Պետրոսյանը:- Իսկ ամսվա կտրվածքով տեղումները կլինեն նորմայի սահմաններում, իսկ եղանակը նորմայից գուցե 1-2 աստիճան բարձր»:

Իսկ ձմեռվա  մասին կանխատեսումների համար Պետրոսյանը դեռ վաղ է համարում.  գոնե մոտավոր ձմռան եղանակը հնարավոր կլինի կանխատեսել միայն նոյեմբերին, իսկ այժմ ցանկացած կանխատեսում գիտական հիմք չունի:

 

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply