Հայաստանի տնտեսության «զիգզագները»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2011 10:43

Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշի փոխարեն կիրառելով տնտեսական ակտիվության ինդեքսը` վիճակագիրները զգալիորեն բարդացրին երկրի տնտեսության իրական պատկերը հասկանալու գործը: Իրավիճակը բարդացնում է նաեւ այն հանգամանքը, որ ցուցանիշները հրապարակվում են ոչ թե վերընթաց արդյունքով, այլ դիսկրետային` ամեն ամսվա կտրվածքով:

Օրինակ` հունվար-օգոստոսին տնտեսության զարգացման միտումները պարզելու համար  պետք է գումարել ամենամսյա ցուցանիշը: Դա անշնորհակալ գործ է, քանի որ հաճախ այդ ցուցանիշները կարող են զգալիորեն տարբերվել սկզբնական տվյալներից:

Տնտեսական ակտիվության ինդեքսը փետրվարին նվազել էր մինչեւ 100,3%, մայիսին այն հասավ առավելագույն նիշի`109,9%, իսկ հունիսին դարձյալ ընկավ մինչեւ 102,3%:

Անհասկանալի թվացող զիգզագները պայմանավորված են նաեւ անցած տարվա անհավասար բազայով: Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին ամիսներին տնտեսական ակտիվության ինդեքսը աճի միտում ուներ, իսկ հունիսից նկատվեց անկում: Այլ պատճառներից բացի, ցուցանիշի վրա բացասաբար ազդեց բանջարեղենի եւ մրգի բերքի մեծ մասի կորուստը:

Երկրի տնտեսությունն այդ ծանր հարվածից բացի նաեւ ենթարկվեց ճգնաժամի հետեւանքների ազդեցությանը: Այդ բացասական երեւույթներն ազդեցին տնտեսական ակտիվության ինդեքսի դինամիկայի վրա: Անցած տարվա հուլիս-նոյեմբերին ինդեքսը տատանվում էր 91,1% – 96,3% սահմաններում:

Անցած տարվա ցածր բազան, այս տարվա դրական միտումները գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում տվեցին ավելի լավատեսական ցուցանիշ: Այս տարի եղանակային պայմաններն ավելի բարենպաստ են գյուղատնտեսության համար, իսկ հումքի համաշխարհային շուկայի կոնյունկտուրան համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո սկսել է առողջանալ:

Այդ գործոնների շնորհիվ Հայաստանի համապատասան ոլորտներն այս տարի ունեն գերազանց ցուցանիշ; Օրինակ` օգոստոսին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալը աճեց 21,3%, իսկ արդյունաբերության ու բնական մոնոպոլիաների ծառայությունների ծավալը`  12,5%: Դրան շնորհիվ տնտեսական ակտիվության ինդեքսը օգոստոսին հասավ գրեթե ռեկորդային ցուցանիշի` 109,6%:

Չնայած այդ հաջողություններին, սոցիալական ոլորտում նկատվում են որոշակի բացասական երեւույթներ: Օգոստոսի 104,8% ինֆլյացիայի դեպքում, աշխատավարձը բարձրացել է ընդամենը 4,5%: Վիճակագիրների տվյալներով, անցած տարվա համեմատ մեծացել է աղքատությունը: Գլխավոր պատճառը գնաճն է, որը գերազանցում է աշխատավարձի աճը:

Ընդ որում, առավելագույն թանկացում դիտվում է պարենի շուկայում: Իսկ անապահով խավի ընտանեկան բյուջեի մեծ մասը հատկացվում է հենց սննդամթերքին:

Այսպիսով, տնտեսական ակտիվության ինդեքսն այժմ հասնում է գրեթե երկնիշ ցուցանիշի, իսկ գները, անցած տարվա կատաղի աճից հետո բարձրանում են բնական ընթացքով: Գնաճը ծանր է անդրադառնում երկրի միջին կենսամակարդակի վրա եւ բացասաբար է ազդում առանձին ոլորտների` օրինակ, մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալի վրա:

 

News.am

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply