Սուրդոթարգմանությունը կամ լուսագրերը պարտադիր կդառնան բոլոր հեռուստաընկերությունների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2011 17:40

Խորհրդարանում այսօր քննարկվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որը փոփոխություններ է նախատեսում հեռուստահաղորդումները սուրդոթարգմանությամբ կամ լուսագրերով հեռարձակելու ոլորտում:

Եթե նախկինում միայն Հանրային հեռուստաընկերությունն էր պարտավորված մանկական կամ լրատվական հեռուստահաորդումները հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ լուսագրերով, ապա նոր օրենքով նախատեսվում է այդ պահանջը տարածել նաև ՀՀ գործող բոլոր մասնավոր հեռուստաընկերությունների վրա` ապահովելու խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը:

Պատգամավոր Կարինե Աճեմյանը ներկայացրեց ԱԺ Գիտության, կրթության և մշակույթի հանձնաժողովի դրական եզրակացությունը` միաժամանակ իր կողմից ներկայացնելով առաջարկ`«խուլուհամր» ձևակերպումը փոխարինել «լսողության խանգարումներ ունեցող» ձևակերպմամբ:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ հետաքրքրվեց, թե Հանրային հեռուստաընկերությունն արդյոք ուսումնասիրե՞լ է, թե խուլուհամր հասարակության որն է ավելի նպատակահարմար` սուրդոթարգմանությո՞ւնը, թե՞ լուսագիրը:

Հրայր Թովմասյանը, համամիտ լինելով նման ուսումանիսրություններ իրականացնելու անհրաժեշտության հետ, միաժամանակ հայտնեց, որ հեռուստաընկերություններն իրենք ժամանակի ընթացքում կհասկանան, թե որն է ավելի մեծ լսարան գրավում և ըստ այդմ` կորոշեն:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն էլ, հիշեցնելով, որ Հանրային հեռուստաընկերությունում մանկական հաղորդումներ գրեթե չկան, առաջարկեց ընդլայնել հեռուստահաղորդումների շրջանակը:

Ըստ Առաքելյանի, խնդիրներից մեկն էլ սուրդոթարգմանության մասնագետների բացակայությունն է, ուստի անհրաժեշտ էր նախ և առաջ լուծել այդ խնդիրը, ապա նոր հանդես գալ օրենսդրական փոփոխություններով:

Արդարադատության նախարարն այդ հարցին արձագանքեց. «Լավ է ուշ, քան ավելի ուշ»:

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply