Հակամենաշնորհային պայքարը Վրաստանում վստահություն չի ներշնչում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 4, 2011 16:13

Կառավարությունն արձագանքում է ազատ տնտեսական մրցակցության վերաբերյալ եվրոպական պահանջներին, սակայն կարծես այդպես էլ չի գիտակցում իրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

 

Մինչ Վրաստանը խստացնում է հակամենաշնորհային օրենսդրությունը` միջազգային հանրության պահանջները բավարարելու համար, վերլուծաբանները կասկածներ են հայտնում կառավարության` իրական փոփոխությունների գնալու քաղաքական կամքի առկայության վերաբերյալ:

 

Որպես ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքման նախապայման` Եվրոպական միությունը պահանջել է, որպեսզի Վրաստանը միջոցներ ձեռնարկի ազատ տնտեսական մրցակցության ձեւավորման համար` խորհուրդ տալով հզոր հակամենաշնորհային վերահսկիչ մարմին ստեղծել:

 

Վրաստանի իշխանությունների արձագանքը հետեւել է այս ամսին ներկայացված ազատ առեւտրի եւ մրցակցության վերաբերյալ օրենսդրական նախագծի տեսքով, որը կքննարկվի խորհրդարանի կողմից խորը աշնանը:

 

Վրաստանի նախկին հակամենաշնորհային վերահսկիչ մարմինը գործել է մինչեւ 2005 թվականը: Երբ կառույցը լուծարվեց, նրա գործառույթների որոշ մասն անցավ Ազատ առեւտրի եւ մրցակցության գործակալությանը, սակայն միջազգային կազմակերպությունները պնդում են, որ այս կառույցը սպառողներին չի ապահովում պատշաճ պաշտպանությամբ:

 

Նոր օրինագիծը նպատակ ունի կանխել շուկայում գերակայող դիրք ունեցող ընկերությունների կողմից [իրենց դիրքերի] չարաշահումը, ինչպես նաեւ ապահովել ազատ տնտեսական մրցակցությունը: Գործող Ազատ առեւտրի եւ մրցակցության գործակալությունը նոր գործառույթներ կստանա, այդ թվում` իրավասու կլինի դատական պատասխանատվության ենթարկել այն ընկերություններին, որոնց հակամրցակցային վարքագծի մեջ է կասկածում:

 

Վրաստանի վարչապետի ավագ խորհրդական Վախթանգ Լեժավայի խոսքերով` նոր օրենքը թույլ կտա Վրաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել ԵՄ օրենսդրությանը:

 

Վրաստանի ազգային դրոշի կողքին ծածանվող կապույտ եւ ոսկեգույն երանգներով ԵՄ դրոշը խորհրդանշում է երկրի` Եվրոպայի հետ սերտ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: ԵՄ պաշտոնյաներն իրենց հերթին նշում են, որ Վրաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել տարվա ավարտին, իսկ մինչ այդ Վրաստանը պետք է իրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները` կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ապահովման խնդիրները լուծելու համար:

 

Թբիլիսիի պետական համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Նոդար Խադուրիի խոսքերով` միայն այն փաստը, որ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵՄ հանձնարարականները, չնայած պնդում են, որ դրանց կարիքը չկա, ցույց է տալիս, թե ինչ մեծ նշանակություն են նրանք տալիս ԵՄ հետ հարաբերություններին:

 

«Եվրոպական Միության հետ տնտեսական կապերը մեծ նշանակություն ունեն Վրաստանի համար: Կենսամակարդակի առումով մեր երկիրը, դժբախտաբար, շատ բարձր դիրք չի զբաղեցնում, այդ պատճառով մեզ ներդրումներ են անհրաժեշտ: Իսկ լուրջ ներդրողների գրավելու համար պետք է կայունություն եւ արտադրանքի ծավալների աճ ապահովենք…. Ռուսաստանյան շուկան փակ է մեզ համար, հետեւաբար Եվրոպան մեզ ամենամոտ շուկան է»:

 

Այնուհանդերձ, Վրաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ մրցակցության գործակալությանը նոր լիազորություններ են տրամադրվում ԵՄ պահանջները բավարարելու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ այդ լիազորություններն իսկապես անհրաժեշտ են:

 

«Այն փաստը, որ երկրի հակամենաշնորհային օրենսդրությունը թույլ է, դեռ չի նշանակում, որ մենաշնորհներն ամբողջությամբ ազատ են գործում: Պարզապես, երբ օրենքն ուժի մեջ մտնի, այն գործակալությանն ավելի մեծ լիազորություններ կշնորհի, իսկ սա իր հերթին կօգնի իրականացնել ԵՄ հանձնարարությունները», – ասում է Վրաստանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Թեմուր Ցուրցումիան:

 

Սակայն անկախ փորձագետների կարծիքով` Վրաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներ մենաշնորհային են:

 

Մերաբ Ջանիաշվիլու ղեկավարած Երիտասարդ ֆինանսիստների եւ գործարարների միության` վրաստանյան շուկայում անցյալ տարի իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառավարության գործողությունները հաճախ ուղղված են մենաշնորհների ամրապնդմանը:

 

«Օրինակ` երթուղային տաքսիները Թբիլիսիում: Կառավարությունն ընդհանրապես անբացատրելի որոշում ընդունեց` վերջ տալով մրցակցությանն ու ոլորտը մենաշնորհային դարձնելով, որտեղ շուկայի 100 տոկոսը վերահսկվում է համապատասխան մրցույթում հաղթած «Tbilisi Mikroavtobus» ընկերության կողմից: Նման կտրուկ միջամտության հետեւանքով` երթուղային տաքսիներով երթեւեկության տոմսերի արժեքն անմիջապես բարձրացավ», – նշում է Ջանիաշվիլին:

 

Դեղագործական շուկայում գերակայող դիրք ունեցող երեք ընկերություններ կան, որոնք վերահսկում են շուկայի 90 տոկոսը, ինչպես նաեւ բժշկական ապահովագրության բնագավառը եւ կլինիկաները: Ջանիաշվիլու ղեկավարած միության իրականացրած ուսումնասիրությունները պարզել են, որ բոլոր երեք ընկերությունները «համարյա նույն» գնային քաղաքականությունն են վարում, ինչը, միության նախագահի խոսքերով «սպառողների իրավունքների խախտում է»:

 

Տնտեսության մյուս մենաշնորհային ոլորտը շաքարավազի շուկան է, որը գտնվում է մեկ ընկերության ձեռքում, իսկ նավթային արտադրանքի շուկայում գործող 50 ընկերություններից միայն չորսն են այժմ վերահսկում շուկայի 90 տոկոսը: Քանի որ վառելանյութերի մեծամասնությունը Վրաստան ներկրվում է հարեւան Ադրբեջանից, հենց այս երկրի պետական նավթային ընկերությունն է վերահսկում «դիզելային վառելանյութի մեծածախ շուկայի մոտավորապես 75 տոկոսը եւ բենզինի շուկայի 62 տոկոսը», – նշում է Ջանիաշվիլին:

 

Նրա խոսքերով` եթե մեծածախ շուկայի ողջ հատվածը կամ մեծ մասը գտնվում է մեկ տնտեսվարող սուբյեկտի ձեռքում, ապա այլեւս նշանակություն չունի, թե որքան շատ են այդ շուկայում մանրածախ առեւտրով զբաղվողները:

 

«Սպառողի համար կարեւոր չէ, թե քանի ընկերություն կա շուկայում` մեկ, թե` չորս, եթե նրանց բոլորի գները նույնն են»:

 

Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կովկասյան ինստիտուտի տնօրեն Դավիթ Նարմանիայի կարծիքով` նոր օրենքը նախորդից ավելի լավն է, սակայն նրա արդյունավետությունը կախված կլինի գործնական կիրառումից:

 

«Այս օրենսդրական բարեփոխման հաջողությունը կախված կլինի Ազատ առեւտրի եւ մրցակցության գործակալության արդյունավետության մակարդակից, դատարանների գործունեությունից եւ նրանից, թե ինչպես է այս ամենը կյանքի կոչվելու: Կարծում եմ` Եվրոպական Միությունը կստիպի [Վրաստանին] պարտավորություններ ստանձնել, որպեսզի այս ամենը վերջնականապես իրականացվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:   Սակայն այն, թե գործնականում ինչպես այս ամենը կիրականանա, կախված կլինի կառավարության քաղաքական կամքից», – նշում է Նարմանիան:

 

Վրաստանի նախկին հակամենաշնորհային ծառայության [նախկին] փոխնախագահ Լեւան Քալանդաձեն վատ նշան է համարում իշխանությունների` մենաշնորհների գոյությունը շարունակաբար հերքելու փաստը:

 

Քալանդաձեի խոսքերով` իշխանությունները կարող էին հայտարարել, որ եթե նախկինում օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը չկար, ապա ներկայում դրանց մշակման պատճառը մենաշնորհների ի հայտ գալու հանգամանքն է: Փոխարենը` «նրանք դեռեւս պնդում են, որ մենաշնորհներ գոյություն չունեն», – ասում է նա:

 

Ըստ Քալանդաձեի`մյուս մտահոգիչ հանգամանքն այն է, որ հակամենաշնորհային գործակալությունը գտնվելու է կառավարության ենթակայության տակ, իսկ նրա ղեկավարը նշանակվելու է վարչապետի կողմից: Այս դեպքում կարող է շահերի բախում տեղի ունենալ, քանի որ գործակալությունը պետք է ուսումնասիրի կառավարության գործունեությունը, որի մի մասն է այն կազմում: Մինչդեռ իրապես անկախ հակամենաշնորհային գործակալությունը պետք է ստեղծվի խորհրդարանի կողմից եւ ենթարկվի նրան:

 

Միեւնույն ժամանակ, Քալանդաձեին մտահոգում է այն, որ մրցակցության հանձնաժողովին իրավասություններ չեն տրամադրվի առանձին կանոնակարգող մարմիններին ենթարկվող հեռահաղորդակցության եւ հեռարձակման ոլորտները վերահսկելու համար:

 

Թինա Ժվանիան «Business Times Georgia» ամսագրի թղթակիցն է

 

Կովկասյան լրատու # 609

 

 

 

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply