Լիբանանի ԱԺ նախագահը մաղթել է, որ Թուրքիան շուտափույթ վավերացնի համաձայնագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 4, 2011 13:54

ՀՀ խորհրդարանում հյուրընկալված Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրին, այսօր իր ելույթում անդրադառնալով հայ–թուրքական արձանագրություններին, մաղթել է, որ Թուրքիայի խորհրդարանը շտապի վավերացնել երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերը:

«Արաբական մեր ժողովրդի շահերից է բխում փակված տեսնել բոլոր տեսակի անհամաձայնության էջերը և ընդառաջ գնալ տևականորեն բաց պահելու Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանները և շուտափույթ համաձայնության հասնել Ղարաբաղի հարցով՝ հաշվի առնելով հիշյալ գոտու բնակիչների տեսակետը և բարիդրացիական ամբողջական հարաբերություններ հաստատել միմյանց հետ։ Մենք բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մերժում ենք որևէ պետության ապօրինի բռնակալությունը այլ պետության դեմ, միաժամանակ մերժում ենք միջամտությունը ցանկացած պետության ներքին գործերին»,-մասնավորապես ասել է նա:

Նա նաև ավելացրել է, որ «Թուրքիայի «Զրո խնդիրներ» քաղաքականությունը հարևան երկրների հետ զիջումներ է պահանջում յուրաքանչյուրի կողմից՝ ի շահ ժողովուրդների տնտեսական զարգացման և սոցիալական կյանքի վերելքի։

Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա Նաբիհ Բըրրին ընդգծել է, որ իր պետությունն ունի պատմական այնպիսի մեծ փորձառություն, որը թույլ է տալիս դիմակայելու միջազգային սադրանքներին և չվերադառնալու իմպերալիզմի ու գաղութարար բռնազավթումների ժամանակաշրջան և համարձակորեն դիմագրավել ՆԱՏՕ-ի և Իսրայելի քաղաքական այն ծրագրերին, որոնք նպատակաուղղված են վերաձևելու Միջին Արևելքն ու այնտեղ գերիշխանություն հաստատել:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply