Վարչապետն ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 4, 2011 15:14

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Նաբիհ Բերրիի Հայաստան կատարած այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ տարբեր ուղղություններով: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ-լիբանանյան բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մակարդակին:«Անհրաժեշտ է առաջընթաց ապահովել նաև հայ-լիբանանյան հարաբերությունների տնտեսական ոլորտում: Հայաստանի ֆիանանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար: Ցավում ենք, որ Լիբանանի վարչապետի նախորդ ծրագրված այցելությունը Հայաստան չկայացավ, ուստի վերահաստատում ենք նրա՝ մեր երկիր այցելության հրավերը»: Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ այցի շրջանակում կկազմակերպվի բիզնես ֆորում, որին կմասնակցեն երկկողմ գործարարներ, որն էլ կնպաստի հայ-լիբանայան համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Կողմերը տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ են համարել թեթև արդյունաբերության, դեղագործության, ոսկեգործության, զբոսաշրջության բնագավառները և կարևորել պետական ու մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը:
Երկուստեք կարևորվել է նաև հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման ու ընդլայնման տեսակետից: Զրուցակիցները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսվեն միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները
Իր եհրթին, Նաբիհ Բերրին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կայցելեն Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում և հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ՝ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև:

 

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply