Ցուցահանդեսների աշնանային շրջանը «Նարեկացի»-ն բացում է գեղանկարի ցուցադրությամբ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 4, 2011 13:26
Վաղը` հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների աշնանային շրջանը կմեկնարկի գեղանկարիչներ Սևան Նագգաշյանի, Արմեն Խոջոյանի, Տիգրան Ասատրյանի, Հովնան Սարգսյանի և Գևորգ Սարգսյանի խմբակային ցուցահանդեսի բացմամբ:
Ցուցադրությանը, որ բաց կլինի մինչև հոկտեմբերի 9-ը, կներկայացվեն ֆիգուրատիվ գեղանկար, կոմպոզիցիա, դիմանկար ու բնապատկեր:
«Այս խումբն արդեն քանի տարի է կա, ու պարբերաբար ցուցարվում է միասին` երբեմն նոր արվեստագետներ գտնելով, համալրվելով», – բնորոշում է մասնակից Սևան Նագգաշյանը` հավելելով, որ խմբի կորիզը եղել են Արմենը, Տիգրանը և ինքը, ապա միացել է Հովնանը, այնուհետև` Ճալան (Գևորգ Սարգսյանը):
Նկարիչները հիմնականում աշխատում են յուղաներկով և ակրիլով: Գևորգ Սարգսյանը` Ճալան, կներկայանա նաև խառը տեխնիկայով արված աշխատանքներով, իսկ Սևան Նագգաշյանը կցուցադրի կոմպոզիցիա` օֆորտի կիրառմաբ:
Արվեստագետները խուսափում են իրենց աշխատանքը տեղայնացնել արվեստաբանական «ույթ»-երի և «իզմ»-երի հոլովույթում, ու արվեստագետի իրենց կեցվածքը փորձում են արտահայտել կյանքի ու բնության հետ փոխհարաբերության տիրությում:
Ներկայացվող հինգ արվեստագետներն էլ բազմիցս արժանացել են հայ ու արտասահմանցի հանդիսատեսի, արվեստագետների, արվեստի քննադատների ու հեղինակավոր ժյուրիների բարձր գնահատանքին ու մրցանակներին, անհատական ու խմբակային ցուցահանդեսներով հանդես են եկել Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ ցուցասրահներում, անդամակցում են մասնագիտական տարբեր միությունների ու ընկերությունների:






Facebook
Tweet This
Email This Post
